Ինչպե՞ս են «Հայաստան» դաշինքի անդամները մեծացրել հանրային ակտիվությունը երկրում

Սեպտեմբերի 14-ին «Հայաստան» դաշինքի անդամների և  ղեկավար, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերը Քոչարյանի հետ հանդիպում-քննարկումից հետո հայտարարություն տարածվեց, ըստ որի՝ Ռոբերտ Քոչարյանը հանձնարարականներ էր տվել՝ «մեծացնել հանրային ակտիվությունը երկրի համար բախտորոշ այս շրջանում, հանրության ուշադրությունը սևեռել խնդիրների վրա, ավելի ակտիվացնել աշխատանքները Դաշինքի և հանրության միջև, ստեղծել կազմակերպչական էլ ավելի արդյունավետ ստորաբաժանումներ՝ Դաշինքի աշխատանքներին նոր որակ հաղորդելու համար»։

Դաշինքի անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը 168.am-ի հետ զրույցում մի քանի հանձնարարական մատնանշեց, որ կատարվել են այս երկու շաբաթվա ընթացքում:

«Ընդհանուր առմամբ, այդ հանդիպումից հետո կոնկրետ գործողություններ թե՛ հանրային, թե՛ հերթական կիրառական բնույթի, Դուք, վստահ եմ, տեսել եք՝ թե՛ Ազգային ժողովի գործիքակազմն իրականացնելու տեսանկյունից, թե՛ Ազգային ժողովի գործիքակազմերից դուրս կոնկրետ գործողություններ: Օրինակներից մեկը կարող եմ նշել: Դուք, վստահ եմ՝ նկատել էիք, որ այս ժամանակահատվածում «Հայաստան» դաշինքն առաջին ուժն էր, որը կազմակերպեց նաև քայլերթ դեպի Եռաբլուր, որի նպատակը, իհարկե, քաղաքական չէր, այլ շատ ավելի հանրային, մարդկային և հարգանքի տուրք մատուցելու խորհուրդ ուներ՝ մեր հազարավոր զոհված զինվորներին:

Այնուհետև նաև դրան թե՛ նախորդող, թե՛ հաջորդող ժամանակահատվածներում օրինակը կարող եմ բերել, որ մեր հանրությանը իսկապես անհանգստացնում էր, առողջապահության նախարարի հրամանի գործողության խնդիրը, որի վերաբերյալ ևս մեր կողմից միջոցներ ձեռնարկվեցին այն իմաստով, որ մեր քաղաքացիների վրա հավելյալ ծախսային բեռ դնելը ՊՇՌ թեստերի իմաստով չի կարող ողջամիտ  լինել: Սա ուղղակի հերթական դրսևորումն էր, երբ այս իշխանությունները փորձում են իրենց պարտականությունների կատարումը թողնել ժողովրդի վրա: Այսինքն՝ պարզ է, չէ՞, որ նույն ՊՇՌ թեստերի անցկացումը և այլն, միջազգային պրակտիկա է, այո: Բայց միջազգային պրակտիկայում Դուք չեք տեսնի, որ այդ ծախսերը դրվեն մարդկանց վրա:

Այսինքն, եթե ՊՇՌ հետազոտումները փորձում են դարձնել պարտադիր, ապա այն կարող է լինել բացառապես պետության հաշվին: Եվ առհասարակ սա, կարելի է ասել, իրավաբանության այբուբենից է գալիս, որ եթե մի ինչ-որ իրավական ակտով փորձում են սահմանել պարտականություններ, ապա դրանք լինում են բացառապես օրենքով: Նույն կորոնավիրուսային համավարակի կոնտակտավոր լինելու կամ հենց վարակակիր լինելու դեպքում ինքնամեկուսացման կարգ է, չէ՞, գործում: Ինքնամեկուսացումը սահմանված է օրենքով, ոչ թե ինչ-որ հրամանով: Այս պարզ հանգամանքները, որոնք միաժամանակ նաև իսկապես իրավական իմաստով խայտառակություն են, փոխանցվեցին Սահմանադրական դատարան՝ կրկին այդ ժամանակահատվածում:

Հենց առաջիկայում կլսեք նաև մեր՝ թվով 7-րդ դիմումի մասին Սահմանադրական դատարանին: Դրա մասին նաև հայտարարություն կտարածվի»,- ասաց Արամ Վարդևանյանը:

Տեսանյութեր

Լրահոս