Կապույտ չագուչը հասավ ԶՊՄԿ-ին. Ի՞նչ կանի կառավարությունը ԶՊՄԿ-ի բաժնետոմսերը
«Դո՛ւք՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ, կարմիր գիծը անցել եք, ինչը նշանակում է, որ կապույտ չագուչը առաջինը ձեր գլխին է ջարդվելու»,- ամիսներ առաջ նախընտրական հավաքներից մեկի ժամանակ հայտարարել էր Նիկոլ Փաշինյանը՝ հավաստիացնելով, որ «ժողովրդի հարստությունը» վերադարձնելու է ժողովրդին:
Այս հայտարարությունից մեկ ամիս անց «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» փակ բաժնետիրական ընկերության (ԶՊՄԿ) պաշտոնական կայքէջը տեղեկացրեց, որ ՀՀ պետական եկամուտների կոմիտեն առանց որևէ հիմնավորման խոչընդոտում է ընկերության կողմից պղնձի խտանյութի և ֆերոմոլիբդենի արտահանմանը:
Ավելի ուշ հայտնի դարձավ նաև, որ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի տարածք են ներխուժել Ազգային անվտանգության ծառայության մեծաքանակ աշխատակիցներ ու քննիչներ՝ արգելելով փաստաբաններին մասնակցել քննչական գործողություններին, ԱԱԾ հատուկջոկատայինները բերման էին ենթարկել ԶՊՄԿ աշխատակիցների:
Բայց սա դեռ ամենը չէ. վերընտրվելուց հետո վարչապետն անցավ «կապույտ չագուչի» գործադրմանը:
2021 թ.-ի հուլիսի 12-ին ՀՀ կառավարությունը հավանություն տվեց, իսկ հուլիսի 15-ին՝ ՀՀ Կառավարության նախաձեռնությամբ հրավիրված ԱԺ արտահերթ նստաշրջանի ընթացքում ընդունվեց «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը: Փոփոխություններով առաջարկվում է մինչև տարեվերջ պղնձի և մոլիբդենի կոնցենտրատների արտահանման 15%-անոց ֆիքսված լիցենզիոն տուրք նախատեսել։
Սա, սակայն, իրարամերժ և սուր քննադատությունների արժանացավ. հանքարդյունաբերության ոլորտի տարբեր ներկայացուցիչներ ու տնտեսագետներ կարծում են՝ այս օրենքն ընդունվելու դեպքում դառնալու է հերթական մահակը գործող իշխանությունների ձեռքին, տնտեսական հերթական լծակը՝ լռեցնելու ոլորտի անցանկալի դերակատարներին:
Ի դեպ, այդ օրերին դեռ ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը նշել էր, որ նախագիծը չի քննարկվել տնտեսվարողների հետ, քանի որ այնքան ակնհայտ գործողություն են անում, որի քննարկման կարիքը չկա: Ամեն դեպքում, «ակնհայտ» այս գործողությունների անհայտ հետևանքների մասին իշխանությունները պահպանում են խորհրդավոր լռություն, և պարզ չէ՝
արդյո՞ք ճանապարհի կեսին պետության կողմից խաղի կանոնները փոխելու այս քաղաքականությունը չի վախեցնի առանց այն էլ փոքրաթիվ ներդրողներին,
արդյո՞ք հաշվարկները, որոնք դրվել են այս տուրքի հիմնավորման մեջ, իրատեսական են և համադրելի՝ որպես օրինակ բերվող այս կամ այն երկրում գործող տուրքերի հետ,
արդյո՞ք օբյեկտիվ է այս տուրքի հիմնավորումը, թե ապրանքների միջազգային գները կտրուկ աճել են, բայց ռոյալթիների գանձման այսօրվա համակարգը չի ապահովում այդ շահույթների արդար բաշխում. իսկ երբ ապրանքների միջազգային գները բարձր չէին, պետությունը ձեռք մեկնե՞լ է այդ ընկերություններին. արդյո՞ք բիզնեսին կարելի է նայել՝ որպես կթու կովի, և ոչ՝ գործընկերոջ,
կամ ի՞նչ ասել է՝ ռոյալթիների գանձման այսօրվա համակարգը չի ապահովում շահույթների արդար բաշխում. ռոյալթին սահմանում է ճկուն մեխանիզմ, որը բարձր գնի պայմաններում թույլ է տալիս, որ պետությունն իր մասը վերցնի՝ ըստ շահույթի:
Այս հարցերն անտեսվեցին ու օրենքն ընդունվեց, բայց պարզվեց՝ սա էլ դեռ ամենը չէ. Կառավարության կայքից տեղեկացանք, որ երեկ հարցերի գրավոր քվեարկությամբ, «Արդյունաբերական ընկերություն» բաժնետիրական ընկերությունը, հանդիսանալով «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» փակ բաժնետիրական ընկերության 60,0000946% բաժնետոմսերի սեփականատեր, ցանկանում է Հայաստանի Հանրապետությանը նվիրաբերել Ընկերության կանոնադրական կապիտալում սեփականության իրավունքով իրեն պատկանող Ընկերության 25% 412,250.75 հատ հասարակ բաժնետոմսերը:
«Հայաստանի Հանրապետությունը՝ ի դեմս ՀՀ կառավարության, պատրաստակամություն է հայտնել ի սեփականություն ընդունել Բաժնետոմսերը և դրանց կառավարման լիազորությունը վերապահել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմին»,- նշված է սույն նախագծի հիմնավորման մեջ:
Որոշման մեջ նշվում է, որ տասնօրյա ժամկետում տեղի կունենա բաժնետոմսերի նվիրատվության պայմանագրի կնքումն ու գույքային իրավունքների պետական գրանցումը:
Այս տպավորիչ «նվիրատվության» մասին 168.am-ը մի քանի հարց ուղղեց Սյունիքի նախկին մարզպետ, ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վահե Հակոբյանին: Նա, սակայն, միայն ընդհանուր դիտարկումներ անելուց հետո՝ հորդորեց հարցերն ուղղել կոմբինատի տնօրինությանը:
«Սա պրեսինգ է կառավարության կողմից՝ ինչ է որ Նիկոլը Սյունիքում հայտարարել է, որ պետական մաս պետք է ունենան,- ասաց Վահե Հակոբյանը՝ հիշեցնելով վերջին շրջանում կոմբինատի շուրջ իրականացվող տարատեսակ գործընթացները, աշխատակիցների հանդեպ «ճնշումները»,- Սա միայն Նիկոլի ամբիացիաների բավարարումն է. այս կառավարությունն ի՞նչ կարող է կառավարել, ուր մնաց՝ այդ հիմնարկում փայամաս ունենա»:
Հարցին՝ հնարավո՞ր է, որ կառավարությունն էլ իր հերթին այդ նվիրաբերված 25 տոկոսը վաճառի, Վահե Հակոբյանը պատասխանեց.
«Իհարկե հնարավոր է: Եթե այդ պայմանագրում առանձին դրույթով ֆիքսված չէ հաջորդող գործարքը, իրավասու են ցանկացած գործողություն փայամասի հետ կատարել»:
Ի դեպ, մեզ հետ զրույցում տնտեսագետներից շատերը նկատեցին՝ այս «նվիրատվությունը» լավ մշակված պոպուլիստական քայլ է, իսկ իրականում՝ կապիտալի սովորական վերաբաշխում: Նրանք չեն բացառում, որ ժողովրդին հաճոյանալուց զատ՝ իշխանությունը հնարավորություն է ստանում տնօրինելու, ապա նաև՝ վաճառելու բաժնեմասը, օրինակ, իրենց «սրտի» օլիգարխներից որևէ մեկին: