Կառավարությունը ԶՊՄԿ-ի բաժնետեր կդառնա. կառավարումը կիրականացնի վարչապետի աշխատակազմը

«Արդյունաբերական ընկերություն» բաժնետիրական ընկերությունը, հանդիսանալով «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» փակ բաժնետիրական ընկերության 60,0000946% բաժնետոմսերի սեփականատեր, ցանկանում է Հայաստանի Հանրապետությանը նվիրաբերել Ընկերության կանոնադրական կապիտալում սեփականության իրավունքով իրեն պատկանող Ընկերության 25% (քսանհինգ տոկոս) 412,250.75 (չորս հարյուր տասներկու հազար երկու հարյուր հիսուն ամբողջ յոթանասունհինգ) հատ հասարակ (սովորական) բաժնետոմսերը. տեղեկանում ենք Կառավարության գրավոր քվեարկության հարցերից։

«Հայաստանի Հանրապետությունը՝ ի դեմս ՀՀ կառավարության, պատրաստակամություն է հայտնել ի սեփականություն ընդունել Բաժնետոմսերը և դրանց կառավարման լիազորությունը վերապահել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմին»,- ասված է սույն նախագծի հիմնավորման մեջ:

Որոշման մեջ նշվում է, որ տասնօրյա ժամկետում տեղի կունենա բաժնետոմսերի նվիրատվության պայմանագրի կնքումն ու գույքային իրավունք­ների պետական գրանցումը:

Հիշեցնենք նաև՝ Սյունիքում նախընտրական հավաքներից մեկի ժամանակ Նիկոլ Փաշինյանն ասել էր. «Դուք՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ, կարմիր գիծը անցել եք, ինչը նշանակում է, որ կապույտ չագուչը առաջինը ձեր գլխին է ջարդվելու:

Այն մարդիկ, որոնք ամբողջ Հայաստանն ուզում են հակադրել Սյունիքին, Սյունիքն այդ մարդկանց հայրենիք չէ, այլ օֆշորային գոտում գտնվող հաշիվները լիցքավորելու աղբյուր, սեփական ՍՊԸ-ներով ժողովրդին պատկանող հարստությունը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը պտտելով իրենց ու հարազատների գրպանները լցնելու աղբյուր, սահմանային մաքսային տերմինալներն աշխատացնելու աղբյուր, և մենք նրանց այդ բոլոր աղբյուրները կտրելու ենք ու վերադարձնելու ենք ժողովրդին»:

Մեկ ամիս անց «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» փակ բաժնետիրական ընկերության (ԶՊՄԿ) պաշտոնական կայքէջը տեղեկացրեց , որ ՀՀ պետական եկամուտների կոմիտեն առանց որևէ հիմնավորման խոչընդոտում է ընկերության կողմից պղնձի խտանյութի և ֆերոմոլիբդենի արտահանումները: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի տարածք են ներխուժել Ազգային անվտանգության ծառայության հսկայաքանակ աշխատակիցներ ու քննիչներ՝ արգելելով, որ այդ գործողություններին մասնակցեն փաստաբանները, ԱԱԾ հատուկջոկատայինները բերման են ենթարկել ԶՊՄԿ աշխատակիցների:

Տեսանյութեր

Լրահոս