Պետական բարդակ. աշխատողները գործատուներից պետք է պահանջեն կրած վնասի փոխհատուցում
Այսօր հոկտեմբերի 1-ն է, և Առողջապահության նախարարությունն ակնկալիք ուներ, որ այսօրվանից տեսչական մարմնի օգնությամբ կսկսեին «ռեյդերն» ու կպահանջեին գրանցամատյաններ, պատվաստման սերտիֆիկատներ և 72-ժամյա վաղեմության ՊՇՌ բացասական թեստի արդյունք:
Հիշեցնենք, որ ՀՀ առողջապահության նախարարի 20.08.2021 թվականի հրամանը, որով ՀՀ առողջապահության նախարարի 2020 թվականի օգոստոսի 4-ի թիվ 17 և 2020 թվականի սեպտեմբերի 18-ի թիվ 24 հրամաններում փոփոխություններ և լրացումներ են կատարվել, սահմանում է, որ աշխատողները յուրաքանչյուր 14 օրը մեկ ներկայացնում են կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) ախտորոշման պոլիմերազային շղթայական ռեակցիայի հետազոտության (այսուհետ` ՊՇՌ հետազոտություն) բացասական արդյունքը հավաստող առավելագույնը 72 ժամ վաղեմության թեստ: Հրամանի եզրափակիչ մասում նշված է, որ այն ուժի մեջ է մտնում 2021 թվականի հոկտեմբերի 01-ից:
Հենց այս հանգամանքը շահարկելով ու հանրությանը պատշաճ իրազեկելու իրենց պարտականությունը շահարկելով՝ պետական մարմինները ազգաբնակչության մեջ մտցրել էին այն համոզմունքը, որ նշված թեստերի արդյունքն իրենք պետք է հանձնեն արդեն հոկտեմբերի 1-ին:
Այս ֆոնի վրա ակտիվացան ՊՇՌ թեստավորում իրականացնող լաբորատորիաները, և չգիտես՝ ինչ հրաշքով նախկինում 15.000 դրամ արժողությամբ թեստերի գինը զգալիորեն նվազեց: Լաբորատորիաները սկսեցին կորպորատիվ փաթեթներ առաջարկել, ու որքան մեծ էր թեստավորվողների թիվը, այնքան ավելի մատչելի էր ՊՇՌ թեստի գինը:
Շատ-շատերն իսկ արդեն կամ ունեն թեստի արդյունքը, կամ այսօր կունենան, որովհետև գործատուների պահանջն անբեկանելի է եղել, ու այստեղ նրանց էլ առանձնապես չես կարող մեղադրել, որովհետև հակառակ դեպքում տուգանվում է նաև գործատուն:
Բանից պարզվում է, սակայն, որ օրենքի պահանջը լրիվ այլ բան է ասում, և թեստի արդյունք ցույց տալու պարտավորությունը ծագում է միայն հոկտեմբերի 14-ից հետո:
Այս մասին առաջին անգամ 168.am-ի հետ զրույցում ասաց իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը:
«Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածը սահմանում է, որ նորմատիվ իրավական ակտի գործողությունը տարածվում է դրա ուժի մեջ մտնելուց հետո գործող հարաբերությունների վրա, այս պարագայում՝ հոկտեմբերի 1-ից հետո ծագող հարաբերությունների վրա»,- օրենքն էր մեկնաբանել Ռոբերտ Հայրապետյանը:
Իրավաբանի խոսքով՝ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածը սահմանում է, որ օրերով հաշվարկվող ժամկետների ընթացքը սկսվում է այն օրացուցային ամսաթվի հաջորդ օրվանից, որով որոշված է դրա ժամկետի սկիզբը: Այսինքն՝ 14 օրը մեկ թեստ հանձնելու պարտավորության 14-օրյա հաշվարկը սկսվում է հրամանն ուժի մեջ մտնելու հաջորդ օրվանից՝ հոկտեմբերի 2-ից:
«Ըստ նույն օրենքի՝ օրերով հաշվարկվող ժամկետը լրանում է այդ ժամկետի վերջին օրը, այսինքն՝ հոկտեմբերի 15-ին, հետևաբար՝ քաղաքացիների համար բացասական արդյունքով ՊՇՌ թեստ ներկայացնելու պարտավորությունը սկսվում է հոկտեմբերի 15-ից, և մինչև այդ ժամկետը թեստի պահանջ ներկայացնելն անօրինական է»,- եզրափակել էր նա:
Այս հարցազրույցից ու բացահայտումից հետո արդեն իրավաբանական շրջանակներն ու հասարակ քաղաքացիները սկսեցին ուշադրություն դարձնել օրենքի պահանջին: Մեծ աղմուկ բարձրացավ, ու նախ՝ առողջապահության, ապա՝ արդարադատության նախարարությունները հաստատեցին, որ թեստի արդյունք ցույց տալու պարտավորություն աշխատող քաղաքացիները կարող են ունենալ միայն հոկտեմբերի 14-ից հետո:
Երկու օր առաջ Առողջապահության նախարարությունից 168.am-ին ասել էին, որ, այո, աշխատող քաղաքացիները կարող են ՊՇՌ հետազոտության արդյունքը ներկայացնել հոկտեմբերի 14-ին:
Երեկ առավոտյան արդեն արդարադատության նախարարի խոսնակ Լուսինե Մարտիրոսյանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակեց խնդրի վերաբերյալ նախարարության պաշտոնական դիրքորոշումը:
«Արդարադատության նախարարության աշխատակազմը, համաձայն Առողջապահության նախարարի 2021 թվականի օգոստոսի 20-ի N-65-Ն հրամանի, ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող սերտիֆիկատ ներկայացնելու պահանջը կիրառելու է 14․10․2021 թվականից։ «Հրապարակ» օրաթերթում այսօր հրապարակված «Տարբեր պետական կառույցներում նշանակվել են թեստերի ու պատվաստումների վրա հսկող պատասխանատուներ» վերտառությամբ հոդվածում, սխալմունքի արդյունքում լրագրողին տրամադրված տեքստում նշվել է հոկտեմբերի մեկ ժամկետը։
Ավելին, տեղեկացնեմ, որ այս հարցի շուրջ Արդարադատության և Առողջապահության նախարարության համապատասխան մասնագետները բազմիցս ունեցել են ներքին քննարկումներ․ և մոտեցումը մեկն է եղել՝ պահանջը կիրառել հոկտեմբերի 14-ից»,- գրել էր նախարարի խոսնակ Լուսինե Մարտիրոսյանը:
Եվ թեպետ խոսնակն ասում է, որ «Հրապարակ» օրաթերթում հրապարակված «Տարբեր պետական կառույցներում նշանակվել են թեստերի ու պատվաստումների վրա հսկող պատասխանատուներ» վերտառությամբ հոդվածում, սխալմունքի արդյունքում լրագրողին տրամադրված տեքստում նշվել է հոկտեմբերի 1 ժամկետը, ակնհայտ է, որ մասնավորապես «Սիվիլնեթին» սեպտեմբերի 28-ին տված հարցազրույցում ևս Կարեն Անդրեասյանը հնչեցնում է «հոկտեմբերի 1» ամսաթիվը:
«Շատ կարևոր է, որ մեր քաղաքացիները հասկանան, որ իրավական հետևանքներ լինելու են, և հոկտեմբերի 1-ից սկսած՝ բոլոր գործատուներին ես բարեկամաբար հորդորում եմ պահպանել առողջապահության նախարարի հրամանը: Բոլոր աշխատողներին խնդրում եմ իրենց գործատուներին չդնել ծանր վիճակի մեջ, որպեսզի նրանք տուգանվեն կամ ստիպված լինեն քայլեր ձեռնարկել իրենց աշխատողների նկատմամբ»,- ասել էր արդարադատության նախարարը:
Ինչևէ, պետական մարմինների փնթի աշխատանքի, հանրությանը ոչ պատշաճ իրազեկելու կամ միգուցե դիտավորյալ ապակողմնորոշելու հետևանքով, երկրում տիրող սոցիալական կոլապսի, գնաճի պայմաններում մարդիկ ստիպված են եղել մեկ անգամ ավել թեստ հանձնել, ի դեպ, որքան էլ զեղչված, այնուամենայնիվ, բավականին թանկարժեք թեստ:
Հարցին, թե ի՞նչ իրավական հետևանքներ պետք է ունենա պետական այս քաղաքականությունը, իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը նախ ասաց, որ կորոնավիրուսի տարածումը իբրև զսպող, բայց իրականում անարդյունավետ քաղաքականության հետևանքով՝ անսահմանափակ հայեցողական լիազորությունների իրացումը լրջորեն վտանգում է իրավունքի գերակայությունն ու մարդու իրավունքները:
«Առաջին հերթին Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, հետապնդելով ոչ իրավաչափ նպատակ, կառավարության նիստին հայտարարել է, որ հոկտեմբերի 1-ից պետք է բոլորը ներկայացնեն բացասական արդյունքով թեստ՝ ողջամիտ մոլորության մեջ գցելով գործատուներին և աշխատողներին, ինչի արդյունքում մի շարք գործատուներ ոչ իրավաչափ պարտավորություն դրեցին աշխատողների վրա՝ հոկտեմբերի 1-ով թեստի պատասխան ներկայացնելու, որի հետևանքով առնվազն խախտվել է աշխատանքային օրենսգրքի 6-րդ հոդվածը»,- ասաց իրավաբանը:
Ռոբերտ Հայրապետյանի խոսքով՝ «Աշխատանքային օրենսգրքի» 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Աշխատանքային օրենսդրությանը և աշխատանքային իրավունքի նորմեր պարունակող այլ նորմատիվ իրավական ակտերին համապատասխան` աշխատանքային և դրա հետ անմիջականորեն կապված հարաբերությունների կարգավորումն իրականացվում է աշխատողների և գործատուների կնքած կոլեկտիվ և աշխատանքային պայմանագրերի միջոցով:
«Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ «Եթե աշխատանքային օրենսդրությունը և աշխատանքային իրավունքի նորմեր պարունակող այլ նորմատիվ իրավական ակտերն աշխատանքային հարաբերությունների կողմերին ուղղակիորեն չեն արգելում պայմանագրային կարգով ինքնուրույն սահմանել փոխադարձ իրավունքներ ու պարտականություններ, ապա պայմանագրային կարգով նման իրավունքներ և պարտականություններ սահմանելիս կողմերը պետք է առաջնորդվեն արդարացիության, ողջամտության և ազնվության սկզբունքներով:» Հետևաբար՝ աշխատողները պետք է գործատուներից պահանջեն փոխհատուցել ոչ իրավաչափ պահանջի հետևանքով կրած վնասը»,- եզրափակեց Ռոբերտ Հայրապետյանը: