Բաժիններ՝

«Այո, կարող են». Առողջապահության նախարարությունը՝ ՊՇՌ թեստի պատասխանը հոկտեմբերի 14-ից ներկայացնելու մասին

Հոկտեմբերի 1-ից ուժի մեջ կմտնի աշխատակիցների, ուսուցիչների, դասախոսների, պրոֆեսորադասախոսական անձնակազմի համար երկու շաբաթը մեկ ՊՇՌ թեստի բացասական պատասխան ներկայացնելու պահանջը, բացառություն կկազմեն այն դեպքերը, երբ անձինք կունենան պատվաստման սերտիֆիկատ կամ կլինեն հղի, կամ էլ այլ հակացուցումներ կունենան:

Առողջապահության նախարարությունից հետաքրքրվեցինք՝ քաղաքացիները կարո՞ղ են թեստի կամ պատվաստման թուղթը ներկայացնել 14 օրվա ընթացքում՝ մինչև հոկտեմբերի 14-ը, պատասխանեցին.

«Օրենքն ուժի մեջ է մտնում հոկտեմբերի 1-ից, ՊՇՌ թեստի բացասական արդյունք աշխատակիցը պետք է ներկայացնի յուրաքանչյուր 14 օրը մեկ՝ 72 ժամվա վաղեմությամբ»:

Ճշտող հարցին՝ այսինքն, աշխատողը կարո՞ղ է ՊՇՌ հետազոտության արդյունքը ներկայացնել հոկտեմբերի 14-ին, ասացին՝ այո, կարող են:

Ավելի վաղ 168.am-ի հետ զրույցում իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը հայտնել էր, որ հոկտեմբերի 1-ից հետո աշխատող քաղաքացիների կողմից, որպես պատվաստմանն այլընտրանք ներկայացվող 72-ժամյա վաղեմության ՊՇՌ բացասական թեստ հանձնելու անհրաժեշտություն հենց հոկտեմբերի 1-ին, չկա:

Հիշեցնենք, որ ՀՀ առողջապահության նախարարի 20.08.2021 թվականի հրամանը, որով ՀՀ առողջապահության նախարարի 2020 թվականի օգոստոսի 4-ի թիվ 17-ն և 2020 թվականի սեպտեմբերի 18-ի թիվ 24-ն հրամաններում փոփոխություններ և լրացումներ են կատարվել, սահմանում է, որ աշխատողները յուրաքանչյուր 14 օրը մեկ ներկայացնում են կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) ախտորոշման պոլիմերազային շղթայական ռեակցիայի հետազոտության (այսուհետ` ՊՇՌ հետազոտություն) բացասական արդյունքը հավաստող առավելագույնը 72 ժամ վաղեմության թեստ: «Հրամանի եզրափակիչ մասում նշված է, որ այն ուժի մեջ է մտնում 2021 թվականի հոկտեմբերի 01-ից: «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածը սահմանում է, որ նորմատիվ իրավական ակտի գործողությունը տարածվում է դրա ուժի մեջ մտնելուց հետո գործող հարաբերությունների վրա, այս պարագայում՝ հոկտեմբերի 1-ից հետո ծագող հարաբերությունների վրա»,- օրենքը մեկնաբանեց Ռոբերտ Հայրապետյանը:

Իրավաբանի խոսքով՝ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածը սահմանում է, որ օրերով հաշվարկվող ժամկետների ընթացքն սկսվում է այն օրացուցային ամսաթվի հաջորդ օրվանից, որով որոշված է դրա ժամկետի սկիզբը: Այսինքն՝ 14 օրը մեկ թեստ հանձնելու պարտավորության 14-օրյա հաշվարկը սկսվում է հրամանն ուժի մեջ մտնելու հաջորդ օրվանից՝ հոկտեմբերի 2-ից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս