Բաժիններ՝

ԱՄՆ-ը կրճատել է F-35-ի արտադրությունը համավարակի պատճառով. Bloomberg

Lockheed Martin ամերիկյան ընկերությունը COVID-19-ի համավարակի պատճառով պլանավորվածից ավելի փոքր թվով F-35 կործանիչներ կմատակարարի ԱՄՆ-ին: Այդ մասին հաղորդել է Bloomberg գործակալությունը:

Սկզբում ընկերությունը պետք է 2022 թվականին Պենտագոնին մատակարարեր 158-ից մինչեւ 163 կործանիչ: Սակայն սեպտեմբերի 27-ին նա հայտարարել է, որ հաջորդ տարի կկարողանա արտադրել միայն 151-153 ռազմական ինքնաթիռ, իսկ սկսած 2023 թվականից եւ «տեսանելի ապագայում» կմատակարարի 156-ական կոործանիչ: Ինչպես գրում է գործակալությունը, մատակարարումների ծավալի վերանայումն «ապահովում է արտադրական գործընթացի կանխատեսելիությունն ու կայունությունը այն դեպքում, երբ ճյուղը վերականգնում է ինքնաթիռների դեֆիցիտը, որը COVID-19-ի համավարակի պատճառով առաջացել է անցյալ տարի»:

Այս տարի ընկերությունը, որն ԱՄՆ-ի խոշորագույն պաշտպանական կապալառուն է, պլանավորում է մատակարարել մինչեւ 139 F-35 կործանիչներ: Lockheed-ի գրաֆիկի փոփոխությունը «ցույց է տալիս արտադրական սահմանափակումները եւ խախտումները մատակարարումների շղթայում, որոնք առաջացել են համավարակի արդյունքում», կարծում է ավիացիայի ոլորտի վերլուծաբանը, որի կարծիքը մեջբերում է Bloomberg-ը: ԱՄՆ-ի հաշվիչ պալատի հաշվարկի համաձայն, որը հրապարակվել է հուլիսին, ընկերությունը տարվա ընթացքում կործանիչները մատակարարել է ուշացումով: Ուստի գերատեսչությունում եկել են այն եզրակացության, որ, ամենայն հավանականությամբ, սկզբում պլանավորված 158 F-35 ԱՄՆ-ը չի ստանա:

Դրա հետ մեկտեղ ասվում է, որ 2022 թվականին մատակարարվող կործանիչների թվաքանակն ավելի շատ կլինի: F-35-ը սպառազինության համար մատակարարվել է 2015 թվականին՝ բազմամյա ուշացումով: Սպասվում է, որ այն ԱՄՆ-ի եւ մի շարք դաշնակիցների հիմնական ինքնաթիռը կլինի մինչեւ հարյուրամյակի կեսերը: Ինքնաթիռի ստեղծումը նստել է 1,4 տրիլիոն դոլար. այն ամենաթանկ ռազմական ինքնաթիռն է պատմության մեջ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս