Ահագնացող տեմպերով տարածվում է թռչնագրիպը
Թռչնագրիպը նախորդ տարվանից սկսած արագորեն տարածվում է բոլոր երկրամասերում, այս անգամ ավելի մեծ տարածում է գտել Ռուսաստանի Դաշնության, Կորեայի, Հնդկաչինի, Կենտրոնական Ասիայի երկրներում: 2019-2020 թթ. ՀՀ հարևան բոլոր երկրներում ևս արձանագրվել է թռչնագրիպ:
Հայաստանի թռչնաբույծների միության նախագահ Սերգեյ Ստեփանյանի փոխանցմամբ՝ 2021 թվականի սեպտեմբերի 1-ից կանխարգելման միջոցառումներ են ձեռնարկվել Հայաստանում:
«Ահագնացող ձևով թռչնագրիպը տարածվում է: 16 տարի մենք թռչնագրիպ չենք ունեցել, ու բոլորը զարմանում են, որովհետև հարևան բոլոր երկրներում 1-3 անգամ գրանցվել է: Ռուսաստանում արդեն կարանտին է հայտարարվել: Կարանտին է բոլոր տնտեսություններում, կապ չունի՝ այնտեղ թռչնագրիպ գրանցվե՞լ է, թե՞ ոչ։ Այսինքն, կանխարգելիչ միջոցառումներ են արվում: Բանն այն է, որ թռչնագրիպի շտամը փոխվել է, արդեն դարձել է H5N8: Դա ավելի վտանգավոր է, որովհետև դրա նկատմամբ դեռևս նոր պատվաստանյութեր չկան:
Հարցն այն է, որ եթե հանկարծ թռչնագրիպ գրանցվի, մեր տարածքն այնքան փոքր է, որ կարանտինը, ի տարբերություն Ռուսաստանի, որտեղ առանձին գոտիներով էին փակվում, ամբողջ Հայաստանը կփակվի: Իսկ դա նշանակում է, որ մեզ մոտ 1 տարի կամ ավելի կդադարեն ձվի և մսի արդյունաբերական տնտեսությունները՝ ֆաբրիկաները»,- մեզ հետ զրույցում ասաց Հայաստանի թռչնաբույծների միության նախագահը՝ ընդգծելով, որ հետ գնալու տեղ չունենք, պետք է վերահսկենք իրավիճակը, հակառակ դեպքում կարող է ուղղակի կատաստրոֆա լինել:
«Թե՛ Եվրոպական երկրներին, թե՛ Ռուսաստանին խնդրել ենք, որ մեզ հստակ տեղեկություն տան, թե որ ռեգիոններում կա, որում չկա, որպեսզի կարողանանք արագ կոմպլեկտավորել դա: Եթե հանկարծ այստեղ սկսեցինք պատվաստում, դա նշանակում է, որ անընդհատ պետք է պատվաստենք:
Իսկ անընդհատ պատվաստելը, պատկերացրեք, այնքան թանկ է նստելու, որ մսի, ձվի ինքնարժեքը կբարձրանա, եթե, իհարկե, չփակվեն ֆաբրիկաները: Հետևաբար՝ կարևորը կանխարգելումն է»,- նշեց Սերգեյ Ստեփանյանը: