Ահեղ դատաստանի օրը

Հայաստանն ապրում ու Հայաստանը կառավարվում է հակադիր իրականության, մտածողության ու բանականության, հասկացությունների, արժեքների հետևողական, մեթոդական խեղաթյուրման պայմաններում։ Այդ իրականության մեջ նսեմացվում ու արժեզրկվում են անցյալի իրական հաղթանակները, իսկ ոչ վաղ անցյալի շոշափելի, մահաբեր պարտությունը ներկայացվում է՝ որպես հաղթանակ։

Անվանարկվում է իրական հպարտության արժանի պատմությունը և հպարտություն է սերմանվում անորոշ ու նվաստացուցիչ, ստորաքարշ ապագայի նկատմամբ։ Քաղաքական-քարոզչական այս գործընթացն իրականացվում է իշխանության ամենաբարձր մակարդակով ու անցնում է՝ ինչպես բանականության, այնպես էլ՝ արժանապատվության ու բարոյականության բոլոր սահմանները՝ հասնելով ընդհուպ սրբապղծության, որը հնարավոր չի լինում թաքցնել անգամ ամենաճարտասան լեզվով ու բնականին մոտ արցունքահոսքով։

Հրեշավոր այս իրականությունում լեզվի ճկուն պտույտով փառաբանվում է մահը, որ բերվել է փառաբանողների մեղքով, ու հայհոյվում է կյանքը, որն անմահ ու անվիշտ ապրվում էր այն ժամանակ, երբ այսօրվա փառաբանողները հեռու էին պետությունից ու պետականությունից։ Դա արվում է մտքի բացակայության ու լեզվի ճկունության նույնպիսի թեթևությամբ, ինչպիսի անդարդությամբ ընդամենը 2-3 տարի առաջ հրահրվում էր պատերազմը, այն նույն պատերազմը, որում խայտառակորեն պարտվելուց հետո հռչակվել է խաղաղության դարաշրջան։

Եվ օրինաչափորեն, ինչպես պատերազմում պարտվելու պարագային, այնպես էլ խաղաղության հաստատման մղումներում արժանապատվությունը որևէ նշանակություն չունի։ Նվաստացումը, սովորության, բնավորության ու խառնվածքի հարց է նաև․ պատերազմում պարտվելու ու ընտրություններում հաղթելու հակաբանականությունը նվաստացողին հավելյալ եռանդ է հաղորդում՝ շարունակել նվաստացումը նաև խաղաղության հաստատման ճանապարհին։ Բայց քանի քաղաքական ու քարոզչական գործընթացը տարվում է նույն՝ նվազագույն մտքի ու առավելագույն լեզվաճկունության մեթոդով, անարժանապատիվ խաղաղության դեմ ցանկացած կարծիք ներկայացվում է որպես պատերազմի քարոզ՝ սեփական թշնամասպասարկ օրակարգը հանրության համար դարձնելով որպես անայլընտրանք ճանապարհ։

Այս ամենը կարելի է դարձել նաև, իսկ գուցե առավելապես այն պատճառով, որ հայ հասարակության առնվազն որոշ, հնարավոր է՝ ոչ փոքր հատվածի դուր է եկել ու դեռևս շարունակում է դուր գալ ապրել կեղծ, սուտ, խեղված, հակադիր իրականության մեջ։ Դրան նպաստել է նաև այն իրողությունը, որ անցած մի քանի տարիներին, իսկ գուցե դրանից շատ ավելի առաջ անդառնալիորեն աղճատվել են հանրային բարոյականության իմպերատիվները՝ լավի ու վատի, ազնիվի ու անազնիվի, չարի ու բարու և մյուս պարզ, սակայն հասարակության բնականոն կյանքի համար կենսական նշանակություն ունեցող նորմերը։

Հասարակությունը, սակայն, չի կարող անվերջ ապրել խեղված ու գլխիվայր շրջված իրականության մեջ։ Երբևէ այն արթնանալու է և առերեսվելու է ճշմարտությանը, վերադառնալու է իրականություն՝ հայտնաբերելով դրա ողջ դաժանությունը։ Դա տեղի է ունենալու անկախ նրանից՝ ովքեր են կամ ովքեր են լինելու հանրությանը ճշմարտության մասին հիշեցնողները, կամ լինելո՞ւ են նրանք ընդհանրապես, թե՞ ոչ։

Հասարակությունն արթնանալու է առաջնորդներով կամ առանց նրանց, ընդ որում, երկրորդ դեպքում արթնացումը կարող է լինել շատ ավելի ցավոտ ու պետության համար վտանգավոր, արյունալի հետևանքներով։

«Հպարտ քաղաքացիների» անխուսափելի  արթնացման այդ  հանգրվանը լինելու է ահեղ դատաստանի օր իշխանությունը որպես միակ աստվածություն դավանող անաստվածների համար։

Հարություն Ավետիսյան

Տեսանյութեր

Լրահոս