Հղիներին, կերակրող մայրերին, ալերգիկներին պատվաստումը հակացուցված է, թեստն էլ 15 օրվա փոխարեն՝ 3 օրը մեկ պետք է անել. Պետրոս Անանիկյան

Հոկտեմբերի 1-ից ուժի մեջ է մտնելու Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի հրամանը, համաձայն որի՝ գործատուներն աշխատակիցներից պետք է պահանջեն կորոնավիրուսի դեմ պատվաստված լինելու հավաստագիր կամ ամսական երկու անգամ ՊՇՌ թեստի բացասական արդյունք և կամ բժշկական տեղեկանք այն մասին, որ պատվաստվելու համար աշխատակիցը ունի հակացուցումներ։

168 TV«Ռեվյու» հաղորդաշարի եթերում բժշկական գիտությունների դոկտոր-պրոֆեսոր, «Հայաստանը ես եմ» նախաձեռնության անդամ Պետրոս Անանիկյանը նախարարի այս հրամանը բժշկական և իրավական տեսանկյունից վիճելի համարեց։

Ըստ նրա՝ հրամանի մեջ առկա ձևակերպումներն ուղղակիորեն հակադրվում են աշխատանքային օրենսգրքին, իսկ զուտ բժշկական տեսակետից՝ որևէ պատվաստում չի կարող լինել պարտադիր. դրան քաղաքացին պետք է գնա կամավորության սկզբունքով։

«Արդեն երկրորդ տարին է՝ ինչ մենք կորոնավիրուսի թակարդում ենք, բայց ամբողջ աշխարհի զարգացած երկրները՝ Մեծ Բրիտանիա, Իսրայել, եվրոպական երկրներ և այլն, վարում են համավարակի վիճակագրություն, իսկ մեզ մոտ վիճակագրություն ասվածը կայանում է միայն վարակվածների ու մահացածների թվերը ներկայացնելով։ Չի ասվում, օրինակ, թե պատվաստվածների քանի տոկոսն ունի ստույգ իմունիտետ, ինչն արվում է այլ երկրներում»,- ասաց Պետրոս Անանիկյանը։

Դիտարկմանը, եթե Հայաստանում նման վիճակագրություն չի վարվում մասնագետների կողմից, այդ դեպքում ինչպե՞ս հասկանալ Կառավարության այսօրվա նիստի ընթացքում Նիկոլ Փաշինյանի բերած հետևյալ վիճակագրությունը, ըստ որի, պատվաստանյութը 97,5 տոկոսով պաշտպանում է վարակվածությունից, և 98,2 տոկոսով՝ հոսպիտալացումից, Պետրոս Անանիկյանը պատասխանեց.

«Ես նման վիճակագրության ծանոթ չեմ»:

Խոսելով Առողջապահության նախարարի հրամանի մասին՝ Պետրոս Անանիկյանը մասնագիտական անգրագիտություն համարեց այն պահանջը, որ եթե քաղաքացին հրաժարվում է պատվաստվելուց, ապա պարտավոր է իր հաշվին ամեն 14 օրը մեկ ՊՇՌ թեստ հանձնել։

«Պատվաստումը, կրկնում եմ, պետք է լինի կամավոր, իսկ ով չի ցանկանում պատվաստվել, պետք է շաբաթական երկու անգամ հանձնի ՊՇՌ թեստ, որովհետև վարակվածությունը պետք է ստուգել երեք օրը մեկ, դրանից հետո հանգիստ կարելի է վարակվել։ Համաճարակաբանության տեսանկյունից՝ ճիշտը 3 օրը մեկ թեստ հանձնելն է, ոչ թե 15 օրը մեկ. դա անգրագիտություն է, իսկ թեստավորումը պետության կողմից պետք է լիներ անվճար՝ որպեսզի իսկապես համավարակի տարածումը կանխվեր։ Մյուս կողմից՝ ակնհայտ է, որ հիվանդացած և լավացած մարդիկ ունեն բնական իմունիտետ, որը բավականին ամուր է։

Անգլիան և Իսրայելը արդեն թվերով են ապացուցել, որ պատվաստված մարդու իմունիտետը պահվում է 3 ամիս և այդ իմունիտետը շատ ավելի թույլ է, քան վարակված և առողջացած մարդկանց իմունիտետը, որոնց մոտ բնական իմունիտետը պահվում է մինչև 1.5 տարի։ Այնպես որ, Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի հրամանի մեջ հստակ պետք է ամրագրվեր հետևյալը՝ մարդիկ, որոնք հիվանդացել-լավացել են, պետք է հանձնեն հակամարմինների թեստ, որովհետև եթե հակամարմիններ կան, էլ ինչի՞ համար են պատվաստում. չէ՞ որ պատվաստում են, որ մարդու մոտ հակամարմին առաջանա։ Երկրորդ արձանագրումը, որը պետք է արվեր, այն է, որ պետք է թեստ հանձնեն 3 օրը մեկ։ Պետք է նաև ամրագրել, որ հղիների, ալերգիկների և կերակրող մայրերի համար պատվաստումը հակացուցված է»,- ասաց պրոֆեսորը։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս