Ինչո՞ւ էր Կարեն Անդրեասյանը կաշվից դուրս գալիս Նիկոլ Փաշինյանին ու Ռուստամ Բադասյանին քծնելու համար
Սեպտեմբերի 16-ին՝ 12 օր թափուր մնալուց հետո, ՀՀ ԱՆ Քրեակատարողական ծառայության պետի պաշտոնում նշանակվեց նախկին իմքայլական պատգամավոր Սերգեյ Ատովմյանը: Սեպտեմբերի 16-ից ևս 8 օր անց վերջինս պաշտոնապես ներկայացվեց ՔԿԾ անձնակազմին: Ուշացումն ըստ էության պայմանավորված էր արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանի առողջական վիճակով. Վերջինս աշխատանքի չէր գնում, և փաստորեն վերադառնալուն պես, ինչպես ասում են, «первым делом», ՔԿԾ պետի պաշտոնական մեկնարկեքի արարողությանը ձեռնամուխ եղավ:
Արտառոցն այստեղ դա չէ. միշտ էլ նոր նշանակված պետին պաշտոնապես ներկայացնում են, նախկին պետին շնորհակալություն են հայտնում, գեղեցիկ բառեր ասում, կարևորում նորի արժանիքները, նախանշում աշխատանքի նպատակային թիրախները, և գնում յուրաքանչյուրն իր գործով:
Արդարադատության նախարարի կողմից Սերգեյ Ատովմյանի պաշտոնամուտի առթիվ արտաբերած խոսքն էր շշմեցուցիչ:
Նախ նախարար Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել Ծառայության նախկին պետ, գեներալ-մայոր Արթուր Գոյունյանին՝ վերջին 2 տարիների ընթացքում կատարած հսկայական աշխատանքի ու արձանագրած առաջընթացի համար, և ընդգծել, որ այդ գնահատականը նաև ամբողջ քաղաքական թիմինն է:
Այս նախադասությունը արտաբերելու համար, իհարկե, կամ շատ վառ զարգացած երևակայություն պետք է ունենաս, կամ այն պետք է ասես կոնկրետ ինչ-որ մեկի ականջների համար՝ որպես երախտագիտության դրսևորում:
168.am-ը գրել էր, որ Կարեն Անդրեասյանը, ի դեպ, դեմ չի եղել ՔԿԾ նախկին պետ Արթուր Գոյունյանին թողնել իր զբաղեցրած պաշտոնում, ինչով նաև վարձահատույց կլիներ նախկին նախարար, ներկայիս ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանին, ով, ըստ մեզ հասած տեղեկությունների, քիչ ջանքեր չի գործադրել Կարեն Անդրեասյանին այդ պաշտոնում նշանակելու հարցում: Արթուր Գոյունյանը Ռուստամ Բադասյանի համակուրսեցու հայրն է ու ընկերոջ աները, իր համար վստահելի անձ, սակայն Նիկոլ Փաշինյանը կտրականապես դեմ է եղել Գոյունյանի վերանշանակմանը:
Բայց վերադառնանք արդարադատության նախարարի դիֆերամբներին:
Հետաքրքիր է, այդ ի՞նչ հսկայական աշխատանք է կատարել նախկին պետ Արթուր Գոյունյանը, որ որևէ կերպ դա տեսանելի չէ: Ավելին, մամուլում բազմաթիվ հրապարակումներ են եղել Արթուր Գոյունյանի օրոք տեղի ունեցած առերևույթ կոռուպցիոն երևույթների վերաբերյալ, և 168.am-ի տեղեկություններով՝ դրանք այս պահին նաև իրավապահների ուշադրության տիրույթում են հայտնվել:
Իհարկե, եթե հսկայական առաջընթաց ասելով՝ նախարարը նկատի ունի այն, որ հսկայական տեմպերով 2 տարվա ընթացքում առաջ է ընթացել Արթուր Գոյունյանի առանձնատան շինարարությունը, ու դրան, ըստ Նիկոլ Փաշինյանի սիրած «օդից կախված լուրերի», մասնակցել են նաև քրեակատարողական հիմնարկների պետերը, այո, եղել է նման բան:
Կամ միգուցե առաջընթաց է ՔԿԾ վարչական շենքում ու քրեակատարողական հիմնարկներում և հատկապես միևնույն տարածքում հավերժ ընթացող շինարարությունը, որն ավելի շուտ «լվացքատուն» է հիշեցնում՝ իր տենդերներով, դրանց հաղթողների կանխատեսելիությամբ ու ՔԿԾ-ում ունեցած կապերով, իսկ մենք չե՞նք հասկանում:
Թե՞, օրինակ, արդարադատության նախարարը առաջընթաց է համարում ՔԿԾ ղեկավարության կողմից ծառայողական ավտոմեքենաների շահագործումն ու հարյուրավոր լիտրերի բենզինի մսխումը իրենց ընտանիքներին ծառայելու հարցում, և արդյո՞ք նախարարի համար նորմալ է, որ օպերատիվ համարներով ծառայողական ավտոմեքենաները սպասարկում են ՔԿԾ ղեկավարության ընտանիքների անդամներին:
Թե՞ այս իշխանության օրոք ու այս նախարարի համար առաջընթացի օրինակ են ՔԿԾ պետի 1-ին տեղակալի արկածները ՔԿԾ վարչական շենքում:
«Առաջընթացի» օրինակները բազմաթիվ են, և դրանք ըստ էության մի օր անպայման կուսումնասիրվեն, որ դրանց տրվի գնահատական՝ քրեաիրավակա՞ն, թե՞ խրախուսական, կորոշեն համապատասխան մարմինները, բայց որ տևական ժամանակ դրանց մասին ԶԼՄ-ները և մասնավորապես 168.am-ը բարձրաձայնում են, փաստ է: Հասկանալի է, իհարկե, Կարեն Անդրեասյանի մղումը՝ ամեն հարմար առիթով նախկին նախարար, այժմ ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանին շնորհակալություն հայտնելու առումով, բայց արդյո՞ք պարտադիր է դա անել իրազեկ անձանց շրջանակի համար ծիծաղելի դառնալու չափ պարզունակ ձևով:
Եվ եթե վերը նշվածը բարձր գնահատականի է արժանացել քաղաքական ղեկավարության կողմից, ինչը ըստ ամենայնի փաստեց նախարար Անդրեասյանը, սա արդեն խոսակցության ու եզրահանգումների այլ թեմա է:
Ինչևէ, իր խոսքի հաջորդ հատվածում Կարեն Անդրեասյանը, շնորհավորելով Սերգեյ Ատոմյանին նշանակման կապակցությամբ, նշեց, որ Քրեակատարողական ծառայության նորանշանակ պետն ունի ոչ միայն իրավաբանական բարձր գիտելիքներ, այլև անցել է քաղաքական ուղի, ունի կազմակերպչական, կառավարչական աշխատանքների մեծ փորձ, և քաղաքական թիմը մեծ վստահություն ունի պարոն Ատովմյանի նկատմամբ:
Սերգեյ Ատովմյանը 35 տարեկան է, մասնագիտությամբ՝ քննիչ, 4 տարվա քննչական աշխատանքային փորձով, չի զբաղեցրել ղեկավար պաշտոններ, անգամ քննչական խմբի ղեկավար լինելու վերաբերյալ հրապարակումներ կարծես թե չկան: Եվս 2 տարի եղել է պատգամավոր՝ իր պատգամավորական գործունեության ընթացքում աչքի չընկնելով որևէ բանով:
Ու թե ՔԿԾ նորանշանակ պետի ինչ իրավաբանական բարձր գիտելիքների ու կազմակերպչական, կառավարչական մեծ փորձի մասին է խոսում Կարեն Անդրեասյանը, հայտնի է միայն Նիկոլ Փաշինյանին, որովհետև եթե հավատանք լուրերին, արդարադատության նախարարն անգամ տեղյակ չի եղել՝ ով է նշանակվելու ՔԿԾ պետի պաշտոնում:
Հետաքրքիր է՝ Կարեն Անդրեասյանը բոլորովի՞ն չի հիշում իր անցած ճանապարհի մասին: