
Երեխան կոմայի մեջ է ընկել այդ թվերի պատճառով, ու եթե այս թեստերն են, ավելի լավ է՝ չտան. Ծնողները դժգոհ են գլյուկոմետրից

Մի քանի ծնողներ դժգոհություն էին հայտնել՝ տեղեկացնելով, որ գլյուկոմետրի (շաքար չափող սարք) պատճառով խնդիրներ են առաջացել, երեխաներն անգամ կոմայի մեջ են ընկել:
«Վերջին անգամ թեստ-երիզ ստացել եմ 3 ամիս առաջ: Բողոքում եմ, որովհետև երեխայի թվերը կամ բարձր են լինում, կամ ցածր: Դա կախված է գլյուկոմետրից, որի պատճառով երեխան տանում է հիպոգլիկեմիա, անգամ եղել է, որ կոմայի մեջ է ընկել այդ թվերի պատճառով: Չափում ենք՝ կամ շատ բարձր է ցույց տալիս, կամ շատ ցածր: Չենք կարողանում որոշել, թե ինչքան ինսուլին ներարկենք: Չէ՞ որ մենք թվերով ենք առաջնորդվում: Կես միլիգրամն էլ կապ ունի: Շատ էլ անես, քիչ էլ անես, երեխայի վրա երևում է: Կոնկրետ իմ երեխան 5 տարեկան է»,- մեզ հետ զրույցում ասաց ծնողներից մեկը:
«Ընդհանուր առմամբ այդ գլյուկոմետրը շատ վատն է: Մենք որ ստանում էինք Ակկու-Չեկ՝ շատ նորմալ էր, կարողանում էինք թվերը ճշգրտորեն պահել, հաշվարկ անել, ու երեխան նորմալ էր, ոչ մի նման արտառոց դեպքեր չէին լինում: Կշռում էինք, կշեռքով՝ տալիս, իսկ սա ցույց է տալիս կամ շատ բարձր, կամ շատ ցածր: Եթե այս թեստերն են՝ ավելի լավ է չտան, քան անորակ բան տան, անունն էլ հանեն, թե իբր բան են տվել: Անկայուն թվերի համար ասել ենք նաև բժշկին, պատասխանել է՝ մեր թեստ-երիզը դա է, ինչ ասեմ: Նա նաև ծնողներին ասաց՝ միգուցե այս մի տարին էլ անցնի, պայմանագիրն ավարտվի, նոր տեսնենք, թե ինչ ենք անում: Դրա համար սպասում էինք այդ պայմանագրի ժամկետի ավարտին: Ու հիմա ոնց տեսնում ենք՝ էլի այդ թեստ-երիզն է շահել, բայց լրիվ աղբ է: Դրա պատճառով երեխան վատանում է: Շատ մարդ կա, որ դժգոհ է»,- նշեց մեկ այլ ծնող:
Խնդրի հետ կապված դիմեցինք Առողջապահության նախարարությանը, որտեղից պատասխանեցին, որ սարքերն անցել են համապատասխան թեստավորումները, և Հայաստանում օգտագործվողը համապատասխանում է բոլոր չափանիշներին: