Ադրբեջանում ուստարին սկսվել է հայատյացության նոր չափաբաժնով, իսկ ի՞նչ է կատարվում մեր դպրոցներում

Սեպտեմբերի 22-ին Ադրբեջանում 1-4-րդ դասարանների աշակերտների համար սկսվեց նոր ուսումնական տարին: Տարրական դասարաններում այս ուստարում այդ երկրում կսովորի 158.000 աշակերտ:

Ադրբեջանցի աշակերտները նոր ուսումնական տարին սկսել են հայատյացության նոր չափաբաժնով: Ինչպես ավելի վաղ հայտնել էր Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը, թշնամի երկրի դպրոցներում առաջին դասը նվիրված էր լինելու «Ղարաբաղը Ադրբեջան է» թեմային:

Բացի դրանից, ըստ նրա, Կրթության նախարարությունը ներկայացրել է նոր դպրոցական առարկա 2020 թվականի Արցախյան պատերազմում Ադրբեջանի հաղթանակի վերաբերյալ, որը դասավանդվելու է 2021-2022 ուսումնական տարվանից բոլոր 9-րդ դասարանցիների համար՝ շուրջ 132.881 մարդ:

Նոր ուսումնական տարվա մեկնարկի հետ ակնառու դարձավ Ադրբեջանում երեխաների շրջանում դեռ վաղ մանկությունից արմենաֆոբիայի, այդ երկրի՝ մեր պետության ու ազգի նկատմամբ շարունակական թշնամության դրսևորման, ուժի սպառնալիքի ներգործության առարկայական դրսևորումը:

Սոցիալական ցանցերում ակտիվորեն շրջանառվում են լուսանկարներ այն մասին, թե ինչպես են Ադրբեջանում սկսել նոր ուստարին:

Այս լուսանկարում ադրբեջանցի 7-8 տարեկան կամ միգուցե ավելի փոքր երեխայի ձեռքին պաստառ է՝ վրան գրված՝ «Չկա Սյունիք, Զանգեզուր է»:

Սա Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հրահանգի ուղիղ իրականացումն է, որի կատարումը սկսել են ամենաստորին օղակից:

Հիշեցնենք, որ թշնամի երկրի նախագահը հրահանգել էր առհասարակ իր երկրում չկիրառել Հայաստանի տարածքների հայկական անվանումները, այլ դրանք փոխարինել դրանց ադրբեջանական համարժեքներով՝ դրանով իսկ պարզ ասելով, որ ինքը հավակնություններ ունի Հայաստանի բոլոր տիտղոսային տարածքների նկատմամբ:

Ադրբեջանը միլիարդավոր դոլարներ է ծախսում այն գովազդային արշավների վրա, ըստ որի՝ ՀՀ-ում գտնվող քաղաքներն ու գյուղերը բոլորն անխտիր ադրբեջանական են։ Արդեն իսկ գովազդները շրջանառվում են տարբեր հարթակներում, տարբեր երկրների մետրոներում, ավտոբուսներում, փողոցների մեծ էկրաններին, կինոթատրոններում, տարբեր երկրների լրատվական կայքերի նյութերի վերևում, ներքևում կամ այլ տեղերում։

Այս լուսանկարները, օրինակ, արված են Բաքվի մետրոյում:

Նման օրինակները բազմաթիվ են, և անձամբ Իլհամ Ալիևն էլ ավելի վաղ հայտարարել էր, որ իրենց հաղթանակը վերջին պատերազմում կերտել է այն սերունդը, ում մեջ դեռ մանկությունից հայատյացություն է սերմանվել:

Զուգահեռ իրականությունում Հայաստանն է՝ իշխանությունների խաղաղասիրական կեղծ քարոզի և լիբերալիստական ու հանդուրժողական քաղաքականության ինքնամոռաց տարածմամբ, այդ թվում՝  նաև հանրակրթական դպրոցներում: Նախ որոշեցին հրաժարվել ազգային կրթությունից՝ դրանից բխող բոլոր աղետալի հետևանքներով, ապա որոշեցին ջնջել բոլոր սեռային բաժանումները:

168.am-ն ավելի վաղ գրել էր, որ այս տարվա կրթական չափորոշիչներով՝ «Տեխնոլոգիա» առարկայի ուսուցումը թեպետ կրկին տարբերակված է ըստ սեռի, սակայն ծնողը երեխայի համաձայնությամբ կամ նրա որոշման արդյունքում ինքն է որոշում՝ առարկան ո՞ր խմբի հետ պետք է սովորի իր երեխան՝ տղաների՞, թե՞ աղջիկների:

Այսինքն՝ եթե տղա երեխան ծնողի հետ միասին որոշում է, որ ինքը պետք է գնա վարդագույն պատերով ներկված դասասենյակում վարդագույն գոգնոց կապի ու, ասենք, աղցան պատրաստել սովորի կամ զգեստի փեշը կարել, նա կարող է գնալ ու նստել այդ խմբում:

Օրեր առաջ էլ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի թանգարանների և արխիվի տնօրեն Հայր Ասողիկ աբեղա Կարապետյանն էր ահազանգ հնչեցրել, որ 4-րդ դասարանից սկսած՝ ոմն հոգեբանի դասավանդությամբ անցնելու են սեռակրթություն:

«4-րդ դասարան, 8-9 տարեկան երեխաներ… Խնդրի մասին լսել էի ժամանակ առաջ, սակայն գաղափար չունեի, որ այլևս գործադրելի է… Անընդունելի է, անհանդուրժելի է. նման բան չի՛ կարող տեղ գտնել մեր կրթական համակարգում: Որևէ կերպով հիմնավորելի չէ այս «առարկան». անմիտներ, մենք, որ կրթվել ու զարգացել ենք խորհրդային կրթական համակարգով, որտեղ նման մտախեղ ու հոգեսպան առարկա չի եղել, մի՞թե հայ ընտանիքը չի ձևավորվել, Ազգն առողջ աճ չի արձանագրել:

Այս ամենը հերթական դիմակ է, որի ներքո միմիայն մեկ նպատակ է հետապնդվում՝ փլեցնել ազգային արժեհամակարգը»,- գրել էր հոգևոր հայրը՝ ծնողներին կոչ անելով չլռել ու ոտքի կանգնել այս սրբապղծության դեմ:

Մինչ արժեհամակարգային դեգրադացման լայնածավալ արշավը նոր թափ է հավաքում, մենք ամեն օր կորցնում ենք տարածք, սկզբունքներ, հայկականություն, ընտանեկան ու հասարակական արժեքներ: Փոխարենը՝ թշնամի երկիրը ժամանակն իզուր չի կորցնում:

Տեսանյութեր

Լրահոս