«Այս երկու ճանապարհները պետք է գործեն ցանկացած պարագայում». Կապանի համայնքապետ

Սյունիքի մարզի Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանի խոսքով՝ Գորիս-Կապան ճանապարհի Որոտանի այն հատվածը, որտեղ թշնամին ոստիկանական կետ է դրել, մարդիկ, մեքենաներն անցնում են ռուս սահմանապահների ուղեկցությամբ։

«Խնդիրն անցակետի հետ կապված՝ Գորիս-Որոտան հատվածում է, Որոտանից Կապան նույն ռեժիմով է կարգավորվում։ Հիմա այդ հատվածում երթևեկությունը կարգավորվում է հետևյալ կերպ՝ հայկական մեքենաները կազմում են շարասյուն, որն էլ ուղեկցում են ռուս սահմանապահները։ Քանի դեռ սահմանազատում ու սահմանագծում չի իրականացվել, հստակ չի՝ այդ հատվածը հայտնվելու է Ադրբեջանի՞ հսկողության տակ, թե՞ մեր։ Մինչև սահմանազատում ու սահմանագծում չլինի, սխալ է, որ ասում են, թե այդ հատվածն ադրբեջանական է»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Գևորգ Փարսյանը։

Անդրադառնալով այլընտրանքային ճանապարհների կառուցմանը, որի մասին իշխանությունը հայտարարում է, և համարում է, որ դրանով առաջացած խնդիրը կլուծվի, Գևորգ Փարսյանը նկատեց՝ այլընտրանքային ճանապարհներ պետք է լինեն, բայց չպետք է մոռանալ երկու ճանապարհների կարևորության մասին՝ Գորիս-Կապան, Գորիս-Որոտան։ «Այս երկու ճանապարհները պետք է գործեն, աշխատեն ցանկացած պարագայում։ Եթե նույնիսկ այդ հատվածներում խնդրահարույց կետեր կան, գոնե այդ հատվածներին շրջանցող ճանապարհներ պետք է կառուցվեն։ Կրկնում եմ՝ ինչ էլ լինի, այդ երկու ճանապարհները պետք է գործեն»,- հավելեց Կապանի համայնքապետը։

Ինչ վերաբերում է առաջիկա ՏԻՄ ընտրություններին մասնակցելու նախապատրաստական աշխատանքներին և սպասվող ակնկալիքներին, Գևորգ Փարսյանը հակիրճ ասաց.

«Պատրաստվում ենք, կշարունակենք»։

Նշենք, որ օգոստոսի 25-27-ը թշնամին փակել էր Գորիս-Կապան ճանապարհի Որոտանի հատվածը, որի արդյունքում մի քանի գյուղեր հայտնվել էին շրջափակման մեջ։ Բացելուց օրեր անց՝ սեպտեմբերի 12-ին, թշնամին Որոտանի հատվածում դրեց ոստիկանական անցակետ և սկսեց իրանական բեռնատար մեքենաների վարորդներից տուրքեր գանձել՝ հայտարարելով, թե այդ մեքենաները մուտք են գործել «ադրբեջանական տարածք»։ Նրանք նույնիսկ երեք իրանցի վարորդների են ձերբակալել այդ ճանապարհին՝ նրանց մեղադրելով «ադրբեջանական սահմանը ապօրինի հատելու» մեջ։ Օրերս էլ այդ ճանապարհից առևանգել էին երկու հայերի, որոնց միայն ռուսների միջամտությունից հետո վերադարձրեցին։ Չնայած ՀՀ ԱԱԾ-ն իր տարածած հաղորդագրության մեջ նշում է, որ նրանք մոլորվել են, այլ ոչ թե թշնամու կողմից առևանգվել, մինչդեռ տեղանքին լավ ծանոթ մարդիկ պնդում են, որ նույնիսկ տեղանքին անծանոթ մարդիկ չեն կարող մոլորովել այդ հատվածում։

Հիշեցնենք՝ մայիսի 12-ին թշնամին խախտելով հայ-ադրբեջանական սահմանը՝ մի քանի կիլոմետր Սյունիքի, Գեղարքունիքի մարզերի հատվածներում առաջ է եկել, մինչ օրս նրանք առաջ եկած հատվածներում են և հետ չեն գնում։ Սյունիքում մի քանի անգամ անցկացվել են բանակցություններ, որպեսզի թշնամին հետ գնա, սակայն ապարդյուն։ Հարակից գյուղերի ղեկավարներն ու բնակիչներն ասում են, որ թշնամու զինվորներն ինչ-որ քարտեզներով են առաջ եկել, և պնդում են, թե վերադասից հրաման են ստացել, որ առաջ գան, քանի որ համարում են, որ այդ տարածքներն ադրբեջանական են։

Հիշեցնենք նաև՝ Արցախի 44-օրյա պատերազմից հետո, երբ Նիկոլ Փաշինյանը ստորագրեց Արցախի 75 տոկոսը հանձնելու փաստաթուղթը, որտեղ որևէ կետ ներառված չէր հայ-ադրբեջանական սահմանի վերաբերյալ, Փաշինյանի և Պաշտպանության նախարարի լուռ համաձայնությամբ թշնամուն հանձնվեցին նաև Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի բոլոր շահեկան դիրքերը, որի արդյունքում մի շարք գյուղեր պարզապես հայտնվեցին թշնամու թիրախում։

 

Տեսանյութեր

Լրահոս