Ի՞նչ են քննարկում գերտերությունները Նյու Յորքում

Այս օրերին Նյու Յորքի վրա է կենտրոնացած միջազգային հանրության ողջ ուշադրությունը: ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանի կուլիսներում աշխարհի առաջատար դիվանագետներն ու քաղաքական գործիչները քննարկում են միջազգային հարաբերությունների ամենասուր հարցերն ու խնդիրները: Այս անգամ նյույորքյան գրեթե բոլոր էական հանդիպումների առաջնային օրակարգում է նաև 44-օրյա պատերազմից հետո Հարավային Կովկասում, մասնավորապես՝ Հայաստանում, Արցախում ստեղծված իրավիճակը: Այս հարցին զուգահեռ՝ գերտերությունները քննարկում են նաև իրավիճակն Աֆղանստանում և ընդհանուր առմամբ Միջին Ասիայում, Թալիբանի հետ հարաբերվելու հետ կապված հարցերը, Իրանի միջուկային ծրագիրը, սիրիական հակամարտությունը և Ղրիմի թեման, Իրան-ԱՄՆ, ԱՄՆ-ԵՄ, ՌԴ-ԱՄՆ, Թուրքիա-ԱՄՆ հարաբերությունները և այլն:

Սակայն մեզ հետաքրքրողը տարածաշրջանային և հատկապես հայաստանյան, արցախյան թեմատիկան է, որը բավականին ուշագրավ կերպով նկատվում է ամերիկյան կողմի օրակարգում, և հետևաբար՝ դիվանագիտական ձևակերպումներում: Միացյալ Նահանգները նաև գործնական որոշ քայլեր է իրականացնում. Միացյալ Նահանգների Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատն օրինագիծ է ընդունել, որը պահանջում է Ադրբեջանից անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին: Նյու Յորքում է նաև ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, ով հանդիպումներ է ունենում, և նախատեսվում է նաև հանդիպում ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ:

Ավելի վաղ տեղեկություններ էին տարածվում, թե ԱՄՆ-ում պատրաստվում է Հայաստանի ու Ադրբեջանի նախարարների հանդիպումը համանախագահների հետ, սակայն դա հերքվեց:

Հայտնի դարձավ, որ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի հարթակում հանդիպել է Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուի հետ ու քննարկել իրավիճակը Լեռնային Ղարաբաղում: Այս մասին հայտարարել է Պետքարտուղարության բարձրաստիճան ներկայացուցիչը: Նա նաև հիշեցրել է, որ ամերիկյան կողմը մասնակցել է վիճելի տարածքի ականապատ քարտեզների դիմաց 15 գերիների փոխանակման գործընթացին, ըստ էության Աղդամը որակելով՝ որպես վիճելի տարածք, ինչի քաղաքական իմաստին կանդրադառնանք մեկ այլ հրապարակմամբ: Հատկանշական է, որ ամերիկյան կողմն իր դիվանագիտական ձևակերպումներում ԵԱՀԿ Մինսկի խմբի դերակատարությանը զուգահեռ՝ սկսում է խոսել գործընթացին նաև Թուրքիայի աջակցության մասին:

«Այսպիսով, այժմ հարց է առաջանում՝ արդյո՞ք կարող ենք ԱՄՆ-ի աջակցությամբ, Մինսկի խմբի այլ երկրների աջակցությամբ, Թուրքիայի աջակցությամբ ավելի շատ նպաստել երկուսի միջև լարվածության նվազեցմանը»,- ասել է Պետդեպի պաշտոնյան: Իր հերթին՝ օրերս ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Նիկոլ Փաշինյանին ուղղված՝ ՀՀ անկախության 30-ամյակի կապակցությամբ ուղերձում նշել էր. «Կիսելով հայ ժողովրդի վիշտը՝ մենք ձեռք ձեռքի տված կաշխատենք Ձեր կառավարության հետ ԵԱՀԿ Մինսկի խմբի և այլ տարածաշրջանային ձևաչափերով՝ խթանելու տարածաշրջանային կայունությունն ու կարգավորելու հակամարտությունը»:

Դժվար է չնկատել, որ Միացյալ Նահանգները սկսում է հրապարակավ այս զարգացումներում ներառել Թուրքիային կամ Թուրքիայի նախաձեռնած ձևաչափերը, ակնհայտորեն որպես միջնորդ աջակցելով Թուրքիային և հարավկովկասյան խնդիրներում գլխավոր միջնորդ ճանաչելով Թուրքիային: Սա բավականին հետաքրքրական շեշտադրում է՝ հաշվի առնելով Նիկոլ Փաշինյանի վերջին շրջանի Թուրքիային ընդառաջ արվող քայլերն ու առաջարկները Վրաստանի միջնորդությամբ:

Ի դեպ, Էրդողանն ու Ղարիբաշվիլին ևս հանդիպել են Նյու Յորքում և քննարկել Հարավային Կովկասում տիրող իրավիճակը՝ անդրադառնալով նաև հայ-ադրբեջանական հարաբերությունների ներկա վիճակին։

Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանի նիստում տեղի է ունեցել նաև Թուրքիայի և Իրանի արտգործնախարարներ Մևլյութ Չավուշօղլուի և Հոսեյն Ամիր Աբդոլահիանի հանդիպումը, որի ժամանակ պայմանավորվածություն է ձեռք բերվել Թեհրանում անցկացնել Իրանի, Թուրքիայի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը։ «Բանակցությունների ընթացքում նախարարները պայմանավորվել են Թեհրանում Իրանի, Ադրբեջանի և Թուրքիայի արտգործնախարարների եռակողմ հանդիպում անցկացնելու մասին»,- հայտնել են Իրանի ԱԳՆ-ից:

Միացյալ Նահանգների պետքարտուղարի տեղակալ, ամերիկացի ամենափորձառու դիվանագետներից մեկը՝ Վիկտորիա Նուլանդը, հանդիպել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ՝ քննարկելով Լեռնային Ղարաբաղի շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը։

Այս ամենը տեղի է ունենում Գորիս-Կապան ճանապարհին Ադրբեջանի ոստիկանության հակաիրանական և Իրանից ՀՀ եկող բեռնափոխադրումների ստուգումների, հարկման, Արաքսի հովտում իրանական զորավարժությունների մեկնարկի, ադրբեջանաիրանական սրացման մասին կանխատեսումների ֆոնին:

Իրանցի վերլուծաբան Կայհան Բարզեգարը մեզ հետ զրույցում ասաց, որ Հարավային Կովկասում տիրող իրավիճակը միջազգային անցուդարձի առանցքային թեմա է, քանի որ այդտեղ բեկումնային գործընթացներ են տեղի ունենում և դեռ տեղի կունենան:

Ըստ նրա, բնականաբար, Իրանն անտարբեր չէ, և նորընտիր իշխանություններն էապես են ակտիվացրել այս ուղղությամբ արտաքին քաղաքականությունը:

«Իրանի նախագահը Թեհրան է հրավիրել Թուրքիայի նախագահին, ինչպես նաև Թեհրանում նախատեսվում են նախարարական եռակողմ՝ Բաքու-Անկարա-Թեհրան բանակցություններ, որոնց բոլորի կենտրոնում տարածաշրջանային ճանապարհներն են և դրա շուրջ ռազմաքաղաքական, դիվանագիտական գործընթացը: Իրանի համար կան ծրագրեր, որոնք նախընտրելի են, Իրանը վաղուց առաջարկել է և ներկայումս էլ աշխատում է Պարսից ծոց-Սև ծով ծրագրի ուղղությամբ, որին զուգահեռ՝ Թուրքիան այլ բան է ցանկանում, բայց Իրանը, լինելով սկզբունքներ ունեցող երկիր, լայնածավալ բանակցություններ է նախաձեռնել՝ իր դիրքորոշումները նաև ընկալելի դարձնելու նպատակով:

Հասկանալի է, որ ԱՄՆ-ը աջակցում է Թուրքիային, Իրանն աշխատում է թե Թուրքիայի, թե Ռուսաստանի հետ, պատրաստ է աշխատել նաև Ադրբեջանի ու Հայաստանի հետ, որի վերաբերյալ եղել է նաև Իրանի ԱԳՆ առաջարկը: Վերջին տասնամյակների ընթացքում տարածաշրջանում իրանական քաղաքականությունը նման ակտիվություն ու նախաձեռնողականություն չի ունեցել, դա պայմանավորված է նաև աֆղանական զարգացումներով և Թուրքիայի հետ ավելի ինտենսիվ քննարկումների անհրաժեշտությամբ:

Պարզ է, որ պետք է աշխատել նաև Արևմուտքի հետ՝ ոչ ի վնաս Իրանի շահերի: Բայց սա գործընթաց է, որում տարածաշրջանի բոլոր երկրների շահերը և տարածքային ամբողջականությունը պետք է հարգվի: Տեսնում ենք, որ կոնկրետ շահեր ունեն այստեղ բոլոր տերությունները, նաև Չինաստանը, բնականաբար, սա ենթակառուցվածքների, տարանցման, նոր հնարավորությունների խնդիր է, որը նոր աշխարհաքաղաքական դասավորություն կարող է ձևավորել: Ներկայումս վճռորոշ փուլ է, որով էլ պայմանավորված է բոլոր երկրների ակտիվ դիրքավորումը»,- ասաց նա:

Նշենք, որ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանը Նյու Յորքում աշխատանքներն է սկսել սեպտեմբերի 14-ին, քննարկումները կշարունակվեն միչև սեպտեմբերի 27-ը:

Տեսանյութեր

Լրահոս