«Նիկոլ Փաշինյանի այս կոչով մենք կրկնակի ցավեցրինք 90-ականներին զոհված տղաներին և կրկնակի անարգեցինք այս տղաների զոհվելը». Մանուշակ Ստեփանյան
Սեպտեմբերի 8-ին Կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ՀՀ անկախության 30-ամյակը կնշվի մասշտաբային և գունագեղ տոնակատարությամբ։
«Սեպտեմբերի 21-ին Երևանի Հանրապետության հրապարակում տեղի է ունենալու մասշտաբային և գունագեղ տոնակատարություն, և այդ տոնակատարությունը, իհարկե, առաջին հերթին նվիրված է լինելու ՀՀ անկախության, ինքնիշխանության, անվտանգության և Արցախի համար իրենց կյանքը զոհած մեր նահատակների հիշատակին»,- իր խոսքում ասել էր Նիկոլ Փաշինյանը։
168.am-ի հետ զրույցում անդրադառնալով Փաշինյանի այս հայտարարությանը, Պատանեկության ստեղծագործական կենտրոնի հայրենաճանաչության ոլորտի ղեկավար, «Վերադարձ արմատներին» նախագծի համակարգող Մանուշակ Ստեփանյանը նկատեց՝ Նիկոլ Փաշինյանն իր այս խոսքերով՝ «տոնակատարությունը, իհարկե, առաջին հերթին նվիրված է լինելու ՀՀ անկախության, ինքնիշխանության, անվտանգության և Արցախի համար իրենց կյանքը զոհած մեր նահատակների հիշատակին», առաջին հերթին հստակ մեսիջ է ուղարկում, որ այդ տղաները զոհվել են Արցախի, այլ ոչ թե հայրենիքի համար։
«Արցախը մեր սահմանն է, տան դուռը, նույնը մեր քաղաքացիների մեջ է սխալ, թե մեր տղաները գնացել ու զոհվել են Արցախի համար, մեր տղաները պաշտպանում էին ողջ Հայաստանն ու հայ ազգին։ Այդ կոչը շատ ցավոտ է, այնպես որ, ես կուզեի, որ մեր երկրի կառավարությունն իր արվելիք միջոցառման վերաբերյալ հայտարարությունը ճիշտ ձևակերպեր, որովհետև անկախության տոնը մենք ունենք շնորհիվ այն 7500 զոհերի, որոնք «Եռաբլուրում» են, Գորիսի ու Սիսիանի, ինչպես նաև Արցախի պանթեոններում։ Այդ բոլոր տղաները զոհվեցին առաջին հերթին՝ Հայաստանի անկախության, հետո նոր՝ Արցախի անկախության համար, որովհետև մեր պայքարն ի սկզբանե եղել է Խորհրդային Միության դեմ, հետո միայն Արցախ ենք ազատագրել։ Այսինքն՝ Նիկոլ Փաշինյանի այս կոչով մենք կրկնակի ցավեցրինք 90-ականներին զոհված տղաներին և կրկնակի անարգեցինք այս տղաների զոհվելը, որովհետև նրանք այլ պետության, ուրիշի համար չեն զոհվել, նրանք այսօր չկան հանուն հայրենիքի»,- նշեց Մանուշակ Ստեփանյանը։
Ըստ նրա, Անկախության օրը նման պայմաններում կարելի է ոչ թե տոնել, այլ նշել, և նշել ոչ թե մեծաշուք, այլ ստեղծված իրավիճակին համապատասխան, քանի որ հայ ազգն այսօր սգավոր է, և եթե կա մեկը, որը չի սգում, նրան հայ չի կարող համարել։
«Միանգամից այսքան գերեզման ունենալը ոչ թե անհատական սուգ ու թախիծ է, այլ սա համազգային սուգ է։ Երեկ Եռաբլուրում էի, այնտեղ հողին մասունք հանձնվեց, ի՞նչ գունեղ տոնակատարության մասին կարող է խոսք լինել։ Մենք կարող ենք ուղղակի նշել 90-ականների տղաների արածը, որ նրանք այդ անկախությունն ունեցան 44-օրյա պատերազմի տղաների համար, որպեսզի նրանք չգնան զոհվեն»,- հավելեց նա։
Նրա բնորոշմամբ՝ ներկայիս իշխանությունը որևէ խորհրդի կարիք չունի, գործում է այնպես, ինչպես իրեն է հարմար, հետևաբար՝ նրանց բոլոր որոշումները հակահայկական են, այսօրվա մտածելակերպից հեռու։
Ինչ վերաբերում է այն մարդկանց, որոնք պատրաստվում են սեպտեմբերի 21-ին գնալ Հանրապետության հրապարակ և մասնակցել գունագեղ տոնակատարությանը, Մանուշակ Ստեփանյանն ասաց, որ կգնան այն մարդիկ, որոնք գնացել էին նաև հունիսի 1-ին, սա՝ այն դեպքում, երբ ամբողջ հանրապետությունը լցված է անտուն մարդկանցով և որբերով։
«Նման պայմաններում տոն անելը… չեմ կարող հասկանալ, չեմ կարող հասկանալ մեկ բեմի վրա միլիոններ ծախսելը։ Այն մարդիկ, որոնք պետք է այդ օրը գնան նվագելու, պետք է հրաժարվեն բոլորը, ուղղակի այդ մարդիկ մտածում են՝ կկորցնեն իրենց աշխատանքը։ Այսօր դպրոցում պատահական մի երեխա ասում է՝ գիտեք, որ մայրիկիս ասել են, որ սեպտեմբերի 21-ին պետք է գնա Հանրապետության հրապարակ, սա արդեն վատ է, այսինքն՝ մարդկանց փաստագրում են ու տանում»,- եզրափակեց Մանուշակ Ստեփանյանը։