Սահմանագծում: Հայկական տարածքների կցումը Թուրքիային և Խորհրդային Ադրբեջանին։ Գիտական հայացք

1908 թվականին, երբ լույս տեսավ Վահան Տերյանի «Մթնշաղի անուրջներ»-ը, մարդիկ ասում էին՝ օդը տերյանացել է։ Այսօր նույնպես օդը խիստ հագեցած է և ցավոք ո՛չ պոեզիայով։ Օդում կանգնած է մտահոգություն, ցավ, հաճախ նույնիսկ՝ ագրեսիա, և բառեր, բառեր․․․ դեմարկացիա, դելիմիտացիա – սահմանազատում, սահմանագծում, մեր հողերը․․․ բայց մե՞րն են արդյոք այդ հողերը, մեր տարածքնե՜րը։ Օդը լարված է։ Մարդիկ հասկանալ են ուզում։

Պետք է գիտակա՛ն խոսք։ Եվ ահա՝ 2020 թ.-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Պատմության ինստիտուտի պատմագետների կողմից լույս տեսավ կոլեկտիվ մենագրություն՝ «Հայկական տարածքների բռնակցումը Թուրքիային և Խորհրդային Ադրբեջանին 1920-1930-ական թվականներին» (հեղինակներ՝ պ.գ.դ., պրոֆեսոր Կ.Հ. Խաչատրյան, պ.գ.թ., դոցենտ Հ.Կ. Սուքիասյան, պ.գ.թ., դոցենտ Գ.Մ. Բադալյան):

«Հայկական տարածքների բռնակցումը Թուրքիային և Խորհրդային Ադրբեջանին 1920-1930-ական թվականներին» կոլեկտիվ մենագրությունը հրատարակվել է ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի գիտական խորհրդի որոշմամբ: Աշխատանքն իրականացվել է ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի աշխատակիցների կողմից՝ «Հայաստանը և հայությունը նորագույն ժամանակաշրջանում. Հայկական հարց և Հայոց ցեղասպանություն» թեմայի շրջանակներում (ղեկ.` պ.գ.դ. Կ. Խաչատրյան):

ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի ավագ գիտաշխատող, ՀԱԱՀ հասարակական գիտությունների ամբիոնի վարիչ, պ.գ.թ., դոցենտ Համո Սուքիասյանը նշում է. «Մենագրությունում ցույց է տրվում, թե ինչպես են միջազգային պայմանագրերի, խորհրդային պետական ու կուսակցական մարմինների որոշումների հետևանքով 1920-30-ականներին հայկական որոշ տարածքներ անցել Թուրքիային և Խորհրդային Ադրբեջանին, ինչի հետևանքով Խորհրդային Հայաստանը (և նրա իրավահաջորդ Հայաստանի Հանրապետությունը) և Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզը (և նրա իրավահաջորդ Արցախի Հանրապետությունը) պարփակվել են համապատասխանաբար՝ 29.7 հազար և 4.4 հազար քառ. կմ սահմաններում:

1921 թ. ստորագրված խորհրդա-թուրքական՝ Մոսկվայի և Կարսի պայմանագրերով քեմալական Թուրքիային են անցել Կարսի մարզը և Սուրմալուի գավառը, իսկ Խորհրդային Ադրբեջանին՝ Շարուր-Նախիջևանը: 1921 թ. ամռանը և աշնանը խորհրդային կուսակցական մարմինների որոշումներով Խորհրդային Ադրբեջանին են անցել Լեռնային Ղարաբաղը և Զանգեզուրի գավառի արևելյան մասերը: Անդրկովկասյան Դաշնության գոյության շրջանում (1922-1936 թթ.) շարունակվել է «վիճելի» բնորոշումը ստացած հայկական տարածքների՝ Խորհրդային Ադրբեջանին միացման գործընթացը (Ալ լճերի (Ալագյոլար), Կապանին հարակից 21 գյուղակների տարածքները և այլ հողաշերտեր): Նշյալ տարածքները քեմալական Թուրքիային և Խորհրդային Ադրբեջանին են անցել հիմնականում իբրև այդ պետությունների ինքնիշխան տարածքներ: Մասնակի տարբերություն կար Նախիջևանի և Լեռնային Ղարաբաղի դեպքում: Նախիջևանը 1921 թ. մարտի Մոսկվայի ռուս-թուրքական պայմանագրով իբրև ինքնավար տարածք Խորհրդային Ադրբեջանի խնամակալությանն էր հանձնվել երրորդ պետությանը (ենթադրվում էր Խորհրդային Հայաստանը) չզիջելու պայմանով, սակայն 1921 թ. հոկտեմբերի՝ թուրք-անդրկովկասյան պայմանագրում տարածքը երրորդ պետությանը չփոխանցելու սահմանափակումը հանվել է: Լեռնային Ղարաբաղը Խորհրդային Ադրբեջանին է կցվել իբրև ինքնավար տարածք՝ ինքնավար մարզի կարգավիճակով: Ինքնավար մարզը խորհրդային պետականության դրսևորման ձևերից էր և ազգային-մշակութային, նաև որոշակի վարչական ինքնուրույնություն էր ենթադրում: Այն է՝ ԽՍՀՄ գոյության շրջանում ԼՂԻՄ-ը հստակ, կայուն կարգավիճակ ունեցող տարածք էր»:

Մենագրության արժանիքներից է այն, որ իրադարձությունները ներկայացված ու մեկնաբանված են առանց քաղաքական-քարոզչական մոտեցումների: Շարադրանքում օգտագործվել են Հայաստանի ազգային արխիվում և Վրաստանի ազգային արխիվում պահվող բազմաբնույթ փաստաթղթեր՝ միջազգային պայմանագրեր, պետական կառավարման ու կոմունիստական կուսակցության մարմինների որոշումներ, հրամաններ, շրջաբերականներ, նիստերի արձանագրություններ, գործավարական գրագրություններ, հաշվետվություններ, դիմում-բողոքներ, հուշագրություններ, նաև տպագրված փաստաթղթեր, ժամանակի մամուլ, քարտեզներ և այլն: «Օգտագործված փաստաթղթերի գերակշիռ մասն առաջին անգամ գիտական շրջանառության մեջ է դրվել կոլեկտիվ մենագրության հեղինակների կողմից»,- հավելում է Համո Սուքիասյանը:

Տասնամյակներ առաջ տեղի ունեցած իրադարձությունների ուսումնասիրությունն ու պատմական փորձը հաշվի առնելը կարող է օգտակար լինել նաև ներկայում: Որոշ պատմաբաններ (այդ թվում՝ կոլեկտիվ մենագրության հեղինակները) մասնակցել են ՀՀ արտաքին գործերի նախարարությունում ստեղծված սահմանագծման հանձնաժողովի աշխատանքներին, հետազոտական աշխատանքների արդյունքներով ու ունեցած գիտելիքներով կիսվել են և պատրաստ են առաջիկայում ևս կիսվել դիվանագետների հետ:

Աշխատությունը կարևոր նշանակություն ունի ինչպես պատմագիտական, այնպես էլ քաղաքագիտական տեսանկյունից: Համո Սուքիասյանն ասում է. «Ինչպես տասնամյակներ, դարեր շարունակ, այսօր ևս պատմությունը, պատմական իրադարձությունների մեկնաբանությունները շարունակական շահարկումների առարկա են հանդիսանում: Պետությունները երբեմն ամենաբարձր մակարդակով վկայակոչում են պատմական իրական և հնարածին փաստեր՝ իրենց քաղաքական-մեծապետական հավակնությունները հիմնավորելու նպատակով: Այդպիսի օրինակներից են վերջին ամիսներին Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի հաճախակի հայտարարությունները՝ Սյունիքը, Գեղարքունիքը և միջազգայնորեն ճանաչված ՀՀ այլ տարածքներ պատմականորեն իբրև թե Ադրբեջանին պատկանելու մասին»:

Մինչ կոլեկտիվ մենագրության տպագրությունը պ.գ.դ. Կարեն Խաչատրանը և պ.գ.թ. Համո Սուքիասյանը Խորհրդային Հայաստանի տարածքային-սահմանային խնդիրների վերաբերյալ հրապարակել են 11 հոդված: Իսկ նշված մենագրության անգլերեն և ռուսերեն տարբերակներն արդեն պատրաստ են տպագրության: Գաղտնիք չէ, որ հասարակական գիտությունների ոլորտում մենք ունենք գիտական արդյունքի միջազգայնացման խնդիր։ Այս տպագրությունները միջազգային մակարդակում հասկանալի լինելու լավագույն միջոցը կլինեն:

Հ.Գ. Կարեն Խաչատրյանը  ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի փոխտնօրենն է գիտակազմակերպչական հարցերի գծով, պ.գ.դ., պրոֆեսոր:

Հրատարակել է 50–ից ավելի գիտական հոդվածներ, համատեղ կազմել և խմբագրել է փաստաթղթերի ու նյութերի ժողովածուներ:

ՀամոՍուքիասյանը ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի ավագ գիտաշխատող է, պ.գ.թ., դոցենտ, ՀԱԱՀ հասարակական գիտությունների ամբիոնի վարիչ: Հեղինակ է 100-ից ավել գիտական և ուսումնամեթոդական աշխատանքի (այդ թվում՝ 8 գրքի):

Գեղամ Բադալյանը ԵՊՀ պատմության ֆակուլտետի Հայոց պատմության ամբիոնի ասիստենտ, պ.գ.թ., դոցենտ է: Շուրջ երեք տասնյակ գիտական հոդվածների և 40-ից ավելի պատմական քարտեզների հեղինակ

ՀԵՐՄԻՆԵ ՕՀԱՆՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս