Սպանված կանայք և մանկահասակ երեխաներ. Արգիշտիխինիլիի ողբերգական անկումը
Հայոց պատմության հզորագույն արքաներից է Արգիշտի 1-ինը, ով Վանի թագավորության գլխավոր կերպարներից մեկն է եղել։ Նրա օրոք է կառուցվել Արգիշտիխինիլի քաղաքը։
Քաղաքը եղել է Վանի թագավորության վարչատնտեսական, ինչպես նաև պաշտամունքային կենտրոնը։ Ք.ա. 776 թվականին կառուցված քաղաքի փլատակները գտնվում են Արմավիր քաղաքից մոտ 20 կիլոմետր հեռավորության վրա։ Երբեմնի հզորագույն քաղաքն ընկավ Վանի թագավորության հետ մեկտեղ` Ք.ա. 590-585 թվականներին։ Սկյութական և բաբելական ուժերը վերջ տվեցին նաև Վանի թագավորությանն ու ավերեցին Արգիշտիխինիլին։ Հնագետների պեղումների և պատմաբանների ուսումնասիրությունների արդյունքում հնարավոր դարձավ պարզել մոտ 2600 տարի առաջ տեղի ունեցած դեպքերը։
Արգիշտիխինիլիի գրավման և ողբերգական ավերման մասին բացառիկ տեղեկություններ կան Սերգեյ Վարդանյանի «Հայաստանի մայրաքաղաքները» գրքում.
«Իմանալով թշնամու զորքերի մոտենալու լուրը, աղքատ թաղամասերի բնակիչները խուճապահար պատսպարվում են քաղաքային պարիսպների հետևում։ Այրելով ու կողոպտելով քաղաքի հյուսիսարևմտյան անպարիսպ թաղամասերը, ճեղքելով առաջին ամրությունները, թշնամին իր գրոհային ջոկատներն է կուտակում հյուսիսային դարպասների մոտ, քանի որ այն համեմատաբար հարմար էր ավերող գործիքներ, քարանետ սարքեր մոտեցնելու համար։ Քաղաքի պաշտպանները բարձր պարիսպներից տեսնում էին, թե ինչպես են այրվում աղքատ թաղամասերը։ Առանց այն էլ շոգ ամռան պատճառով շնչել չէր լինում, հրդեհն ու ծուխն էլ խեղդում էին պաշտպաններին։ Հրդեհն այնպես ուժեղ էր բռնկվել, որ հում աղյուսե տները կարմրավուն էին դարձել։ Շուտով կրակը թափանցեց նաև բուն քաղաքը, որի վրա այրվող նետերի տարափ էր տեղում։
Մեկը մյուսի հետևից սկսեցին այրվել հարուստների տները, տաճարներն ու պալատները, մթերքների պահեստները։ Թշնամու նետերը ջարդվում էին պաշտպանների վահանների վրա, բայց շատերին էլ խոցում էին։ Մարտը երկարում էր։ Քաղաքում խուճապ էր սկսվել, փլվում էին այրվող տները։ Հրդեհի լեզվակներն ու պաշարող զորաբանակը անելանելի վիճակի մեջ էին գցել պաշտպաններին, որոնց թիվը նվազում էր։ Վերջապես թշնամին վայրագ ճիչերով հյուսիսային դարպասներից ներխուժում է արևմտյան բերդ։ Մարտը շարունակվում է արդեն ամրոցի ներսում, փողոցներում, ամեն տան մոտ։ Շուտով քաղաքն ընկավ»։ (Հատվածը վերցված է Սերգեյ Վարդանյանի «Հայաստանի մայրաքաղաքները» գրքից։ Երևան, 1995 թվական, էջ 54-55)։
Արգիշտիխինիլիի գրավման մասին վերոնշյալ տողերը կարդալով՝ ընթերցողը հանդիպում է պատերազմական սարսափելի նկարագրության։ Սակայն ամենաողբերգականը բացվում է քաղաքում պեղումներ իրականացնելու ընթացքում։ Հնագետների և պատմաբանների գտածոները մեր առաջ պատկեր են բացում, թե ինչպե՞ս էր Ք.ա. ժամանակաշրջանում պատերազմի ժամանակ աշխատում մարդու պաշտպանական բնազդը։ Ինչպես էր մայրը փորձում փրկել երեխային և ինչպես էր թշնամու դեմ մարտնչում ու մեռնում քաղաքի պաշտպան զինվորը։ Պեղումների ժամանակ հայտնաբերված գտածոները նոր ողբերգական էջ են բացում Արգիշտիխինիլիի գրավման պատմության մասին.
«Մետաղագործի տանը հայտնաբերվեցին կնոջ և երեխայի կմախքներ։ Շենքերից մեկի միջանցքի ծայրին գտնվեց սպանված կնոջ կմախք։ Կինը պառկած էր մեջքի վրա, սարսափից գլուխն ու դեմքը ձեռքերով ծածկած, թշնամու նետասլաքը գոտկատեղում։ Նա երևի սպասավոր էր, կամ աղքատ թաղամասի բնակիչ, քանի որ նրա վզին, ձեռքերին և ոտքերին պահպանված զարդերը շատ հասարակ էին։ Նրանից քիչ հեռու, միջին չափի կարասի մեջ գտնվել է մոտ տասներկուամյա աղջկա կմախք։ Աղջնակը, հավանաբար, թաքնվել է կարասում, վախից կծկվել, դեմքը ձեռքերով փակել, բայց թշնամին նրան չի խնայել, ինչպես չի խնայել բրոնզագործի տան մեկ տարեկան երեխային։ Այդ տանը գտնվեցին նաև վայրի կատվի, մուֆլոնի, ջեյրանի, վագրակատվի ոսկորներ, ըստ երևույթին բրոնզագործը սիրել է որսորդությամբ զբաղվել։ Իսկ դեղագործի տանն այրված գերանների տակ հայտնաբերված կնոջ ոսկորներից ոչ շատ հեռու ամենաբազմազան կենդանիների, թռչունների ու ձկների մնացորդներ կային։ Այդ կենդանիների տարբեր մասերից այն ժամանակ դեղագործները զանազան դեղեր էին պատրաստում»։ (Նույն տեղում` էջ 55):
Հնագետների գտածոներն ու պատմաբանների ուսումնասիրությունները ցույց տվեցին, թե Արգիշտիխինիլիում ինչ վայրագություններ են իրականացրել բաբելական և սկյութական ուժերը։ Այդ ամենից զատ, ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ քաղաքի վրա հարձակումն ու գրավումը տեղի է ունեցել հուլիս-օգոստոս ամիսներին։ Արգիշտիխինիլիի գրավումն ու ավերումը Հայոց պատմության ողբերգական էջերից մեկն է։ Քաղաքն ընկավ թշնամու դեմ համառ պայքարում։ Քաղաքի մարտիկները, բնակիչները, կանայք և երեխաները այդպես էլ չլքեցին իրենց տները։ Նրանք թշնամու հարձակումն ընդունեցին իրենց իսկ տներում։
Զ. Շուշեցի