Տարբեր միջազգային կազմակերպություններ ՀՀ-ից մարդկանց աշխատանքի են ընդունում, որի հետևանքով տեղի աշխատաշուկայում նոր սթրես է լինում
Հայաստանի Ամերիկյան համալսարանում մեկնարկել է արհեստական բանականության վերաբերյալ «Դատաֆեստ Երևան» միջազգային համաժողովը, որի նպատակը Հայաստանում արհեստական բանականության ոլորտի զարգացումը խթանելն է՝ ստեղծելով հարթակ, որտեղ Հայաստանի և արտերկրի մասնագետները կկարողանան հաղորդակցվել, փորձ փոխանակել, ինչպես նաև նոր կապեր հաստատել:
Բանախոսների մի մասը արհեստական բանականությամբ զբաղվող հայկական ընկերություններից էին, մյուս մասը՝ առաջատար մասնագետներ Ֆրանսիայից, Ռուսաստանից, Ավստրիայից, Իրանից, Վրաստանից և այլն: Ելույթներում ներկայացվեցին արհեստական բանականության ոլորտում կատարվող ամենաարդիական հետազոտությունները, զարգացման միտումները:
YEREVANN լաբորատորիայի տնօրեն Հրանտ Խաչատրյանի փոխանցմամբ` դեռևս 2019 թվականից Հայաստանում զգացվեց՝ տվյալագիտության ու մեքենայական ուսուցման գծով մասնագետների քանակն այնպիսին էր, որ կարիք կար մի միջոցառում կազմակերպել, որտեղ կհավաքվեին, կշփվեին, կլիներ փորձի փոխանակում, սակայն վրա է հասել կորոնավիրուսը և ստիպված են եղել հետաձգել այն:
«2020 թվականի սեպտեմբերին օնլայն ձևաչափով արեցինք առաջին Դատաֆեստը, իսկ այս տարի առաջին անգամ է, որ առցանց չէ: Մի շարք տվյալագետներ, մասնագետներ և ուսանողներ հավաքվել են՝ փորձի փոխանակման և նոր գիտելիքներ ստանալու»,- լրագրողների հետ զրույցում ասաց Հրանտ Խաչատրյանը:
Նա նաև հավելեց, որ կան հետաքրքիր զեկույցներ՝ շատ ավելի էկզոտիկ և քիչ հանդիպող թեմաներով, ինչպիսին է հատուկ տառատեսակների ստեղծումը արհեստական բանականության միջոցով կամ տրանսպորտի ոլորտում արհեստական բանականության կիրառումը:
168.am-ի հարցին՝ ի՞նչ ուղղություններով է աշխատում լաբորատորիան, ինչպե՞ս է տեսնում արհեստական բանականության ապագան Հայաստանում, և զարգացմանն ի՞նչ խնդիրներ են խանգարում, YEREVANN լաբորատորիայի տնօրենը պատասխանեց.
«Մեր լաբորատորիան ևս մի քանի՝ թե՛ պատկերների, թե՛ տեքստի ճանաչման, և թե կենսաբանական տարբեր խնդիրներում արհեստական բանականության հետ կապված աշխատանքների ուղղությամբ է աշխատում: Ոլորտն ընդհանրապես ամբողջ աշխարհում աճում է, և որտեղ հնարավոր լինի ստեղծել մեծ թվով մասնագետներ, բոլոր այդ մասնագետներին հնարավոր կլինի մշտապես զբաղված պահել: Մենք այսօր տեսնում ենք, որ երկրում առնվազն 300-400 մարդ կա, որոնք այս կամ այն կերպ ներգրավված են այս ոլորտում: Շատերը դեռ ուսանող են, սակայն այդ տարիքից սկսում են աշխատել հետաքրքիր նախագծերում, ընկերություններում»:
Տվյալների վերլուծաբան Նարեկ Մելքոնյանի խոսքով էլ՝ շուկան շատ արագ զարգանում է, պահանջարկը շատ մեծ է, բազմաթիվ ընկերություններում հաստիքներ կան:
«Բոլորը մարդ են ման գալիս և դրան զուգահեռ՝ տարբեր համալսարաններ և առանձին թրեյնինգ կենտրոններ վերապատրաստման դասընթացներ են անցկացնում, որպեսզի կարողանան բավարարել պահանջարկը: Իսկ պահանջարկը շատ մեծ է ոչ միայն Հայաստանում, այլև ամբողջ աշխարհում: Հեռավար աշխատանքը դարձավ շատ հեշտ, ու տարբեր միջազգային կազմակերպություններ ՀՀ-ից մարդկանց աշխատանքի են ընդունում, որի հետևանքով տեղի աշխատաշուկայում նոր սթրես է լինում»,- նշեց Նարեկ Մելքոնյանը:
Մեր հարցին՝ ուղեղների արտահոսքը պայմանավորված է նրանով, որ մեզ մոտ աշխատավարձն ավելի քի՞չ է, նա պատասխանեց.
«Շատ մեծ տարբերություն չկա: Վերջին տարիներին մեր ոլորտում աշխատավարձը շատ է բարձրացել: Իականում Հայաստանում շատ կազմակերպություններ արտերկրից են աշխատում հեռավար՝ Բելառուսից, Ռուսաստանից, Իրանից և այլ երկրներից»:
Բանախոսներից Գրիգորի Սապունովի խոսքով էլ՝ Հայաստանում այս ոլորտը բավականին լավ վիճակում է, ակտիվ է: Կան բազմաթիվ ընկերություններ, փորձագետներ:
«Հետխորհրդային երկրների մեջ Հայաստանի օրինակն ամենալավն է»,- նկատեց Գրիգորի Սապունովը: