Խաղաղության երեք տարիներին Արցախն ամրացրեց իր անկախությունը. Հանրապետության հռչակման 30-ամյակը նշվում է փոքրացված սուբյեկտայնությամբ
Այսօր՝ սեպտեմբերի 2-ին, Արցախի Հանրապետության հռչակման 30-ամյակն է:
Տարիներ առաջ՝ նախկին իշխանությունների օրոք, այս օրը սոցցանցերում ակտիվ բանավեճ էր ընթանում՝ օր առաջ Հայաստան-Արցախ միավորման, Արցախը ՀՀ-ի մարզ համարողների, ուստիև սեպտեմբերի 2-ի շնորհավորանք չհնչեցնողների և Արցախի անկախության օգտին արտահայտվողների և այն շնորհավորողների մեջ:
Երկու կողմն էլ, իրականում, դա անում էր գաղափարական պայքարի շրջանակում, արցախասիրությունից ելնելով: Եվ նրանցից յուրաքանչյուրն իր պնդումը հիմնավորում էր իր ճշմարտությամբ: Թերևս, երկու կողմն էլ ճիշտ էր, այլ հարց է՝ որքանով էին կողմերի պնդումները համահունչ այդ պահին ստեղծված տարածաշրջանային անվտանգային իրավիճակին:
Միացման կողմնակիցները հիշատակում էին 1989-ի դեկտեմբերի 1-ի «Հայկական ԽՍՀ-ի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին» Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի և Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի համատեղ որոշումը, որը կյանքի չի կոչվել:
Արցախը Հայաստանի մարզ համարողները գտնում էին, որ Արցախի անկախ լինելը ֆիկտիվ է, և երկիրը և՛ ռազմական ուժի, և՛ տնտեսական, և այլ առումներով կախված է ՀՀ-ից: Մտքի երկրորդ մասում, իհարկե, ճշմարտություն կա, որն ինչ-որ առումով բնական է, եթե հաշվի առնենք նաև ճանաչված Ադրբեջանի՝ Թուրքիայից կախվածությունը, հատկապես՝ անվտանգային հարցում, ինչը գնալով առավել խորանում է:
Արցախի անկախությունը ճանաչողները և այն ընդունողները, այդ թվում՝ փորձագիտական մակարդակում, իրենց հերթին պնդում էին՝ Արցախի անկախությունն այլևս իրողություն է, որի հետ պիտի հաշվի նստել, և, որ հայկական երկու պետության գոյությունը բոլորովին էլ վատ բան չէ, ավելին, այն նույնիսկ միջազգային հարթակում կարող է օգտակար լինել: Օրինակ, բանակցային սեղանին հայկական երկու կողմ կարող է լինել. մեկը՝ ճանաչված, մյուսը՝ չճանաչված, հատկապես, երբ Մինսկի խմբի համանախագահներն առանձին հանդիպումներ էին ունենում նաև Արցախի ընտրված իշխանությունների հետ:
Հայկական երկու պետությունների գոյությունը դրական համարողները՝ ի դեմս «Ընդդեմ իրավական կամայականության» հ/կ գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանի, նշում էին, որ Հայաստանը պետք է ճանաչի ԼՂՀ-ի կայացման օրինականությունը և իշխանությունների լեգիտիմությունը, որը որևէ կերպ չէր վնասելու Հայաստան-Արցախ միավորման տեսլականին:
Երկրորդ՝ Արցախի անկախության ճանաչման, միաժամանակ, ըստ էության, Հայաստան-Արցախ միավորման միջանկյալ տարբերակ Դաշնակցությունը և մի շարք փորձագետներ կարևորում էին Հայաստան-Արցախ ռազմավարական դաշինքի կնքումը, որը խելացի փոխզիջում կարող էր լինել Արցախի անկախության և իշխանությունների լեգիտիմության ճանաչման հարցում: Այն, ըստ էության, ՀՀ-ին դուրս կբերեր զուտ փորձագիտական դաշտից` տանելով միջազգային, այլ խնդիր էր՝ կհանգեցնե՞ր դա արագ Արցախի միջազգային ճանաչմանը, թե՞ ոչ:
Մյուս կողմից, անկախությունները ճանաչում են` աշխարհաքաղաքական շահերից ելնելով, բայց մի բան հստակ էր՝ հարցը կմտներ օրակարգ՝ որպես Արցախի կայացման իրավական հիմք:
Ի՞նչ ունենք այսօր
Արցախի Հանրապետության հռչակման 30-ամյակին սոցցանցերում կռիվ ենք տալիս ոչ թե Հայաստան-Արցախ միավորո՞ւմ, Արցախի «մարզային» կարգավիճա՞կ, թե՞ անկախ Արցախ տարբերակների շուրջ, այլ ֆլեշմոբ ենք առաջարկում՝ Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում, որովհետև Նիկոլ Փաշինյան-Արայիկ Հարությունյան տանդեմի ներդաշնակ արտաքին քաղաքական մոտեցումների պատճառով և վերջին պատերազմի արդյունքում կորցրեցինք Արցախի 75 տոկոսը և այսօր ունենք Արցախի կարգավիճակի մշուշոտ ապագա, ու պայքարը Արցախի՝ Ադրբեջանի կազմում չլինելու համար առավել քան սուր է: Սրան գումարած փաստը, որ Արցախի անվտանգությունը, ըստ էության, հանձնված է ՌԴ-ի բարեհաճությանը: Իսկ սրան նախորդեցին ՀՀ-ի և Արցախի ռազմաքաղաքական կողմից սկիզբ դրած տարբեր գործընթացներ և հնչեցրած հայտարարություններ, որոնցով, մասնավորապես, Նիկոլ Փաշինյանը խեղաթյուրեց և այլ «որակ» հաղորդեց թե՛ օր առաջ Հայաստան-Արցախ միավորման, Արցախը ՀՀ-ի մարզ համարողների երբեմնի գաղափարական պայքարը, թե՛ Արցախի անկախության կողմնակիցների:
Այն է՝
– 2019-ին Գյումրու Սև բերդ ամրոցում՝ Անկախության 28-ամյակին նվիրված «Մեր ժամանակների հերոսը» մրցանակաբաշխության վերջում՝ մասնակիցներից մեկը, դիմելով Արցախի նախագահ Բակո Սահակյանին, նրան կոչել էր ՀՀ Արցախի մարզպետ։ Ելույթը ողջունվել էր անձամբ Նիկոլ Փաշինյանի կողմից: Ավելի ուշ պարզվեց, որ այդ անձը Արտուշ Խաչատրյաննէ՝ «Սարերի բարիք» սոցիալական ձեռնարկության հիմնադիր նախագահը և «Համայնքի զարկերակ» ԵՀԿ ղեկավարը:
Հետո արդեն Նիկոլ Փաշինյանը սկսեց հայտարարել նաև ՝ Արցախը Հայաստան է, և վերջ, մասնավորապես, 2020-ի օգոստոսի 14-ին BBC-ի HARDTalk հաղորդաշարի շրջանակում տված հարցազրույցում:
Եվ սա՝ այն դեպքում, երբ 2018 թվականից Նիկոլ Փաշինյանը ժամանակ առ ժամանակ հայտարարում էր, որ ինքը Արցախի Հանրապետությունից և նրա ժողովրդից որևէ մանդատ չունի՝ լուծելու ԼՂ խնդիրը և որոշելու արցախցիների ճակատագիրը:
2018թ. մայիսին Ստեփանակերտում հրավիրված ասուլիսում նա հայտարարել էր.
«Արցախի Հանրապետության անունից կարող է խոսել Արցախի Հանրապետության իշխանությունը, ինչպես Հայաստանի Հանրապետության անունից կարող է խոսել Հայաստանի Հանրապետության իշխանությունը: Հայաստանի Հանրապետությունը նույնպես հակամարտության կողմ է, և ինքը լիարժեք կխոսի իր անունից: Արցախի Հանրապետության անունից պետք է խոսի Արցախի Հանրապետության իշխանությունը: (…) Այնպես որ, խնդիրը հետևյալի մասին է՝ մենք ուզո՞ւմ ենք արդյոք լուծել խնդիրը, թե՞ չենք ուզում լուծել խնդիրը: Խնդրի լուծման ամենակարևոր կոմպոնենտը ճիշտ ձևաչափով բանակցություններն են»:
2018-ի հոկտեմբերի 24-ին ԱԺ-ում Փաշինյանը ևս պնդել է այս մտադրությունը.
«Ես էլի եմ ասում՝ քանի դեռ Ղարաբաղի իշխանությունը ներգրավված չէ բուն պրոցեսի մեջ, նշանակում է՝ մենք մոտիկ չենք հարցի կարգավորմանը: Իմիջիայլոց, ասեմ՝ էդ կապակցությամբ իմ խոսքերը նույնպես նենգափոխում են, ասում են, որ ես ասել եմ, որ մինչև Ղարաբաղի իշխանությունը չլինի բանակցային սեղանի շուրջ, ես ոչ մի բանակցության չեմ մասնակցի: Ես էդպիսի բան չեմ ասել, ես ասել եմ, որ ես լիազորված եմ բանակցել Հայաստանի Հանրապետության անունից, ես լիազորված չեմ մասնակցել Լեռնային Ղարաբաղի և նրա ժողովրդի անունից»:
Այնուհետ 2018-ի նոյեմբերին կառավարության նիստերի դահլիճում լրատվամիջոցների ղեկավարների հետ հանդիպմանն է Փաշինյանը վստահեցրել սա:
«Բայց եթե մենք խոսում ենք լուրջ՝ հարցի կարգավորման մասին, մենք պետք է հասկանանք, որ առանց Ղարաբաղի ժողովրդի և կառավարության դիրքորոշման չի կարող հարցը կարգավորվել, բացառված բան է, չի կարող այդպիսի բան լինել։ Նաև բացատրում եմ, թե ես ինչու չեմ կարող խոսել Ղարաբաղի անունից․․․ որովհետև սկզբում շատ ագրեսիվ էր ընդունվում, երբ ես ասում էի, որ ես կարող եմ բանակցել Հայաստանի անունից, Հայաստանի Հանրապետության անունից և ես չեմ կարող բանակցել Ղարաբաղի Հանրապետության անունից։ Սկզբում շատ ագրեսիվ էր ընդունվում այս հայտարարությունը։ Բայց հետո, երբ սկսեցի բացատրել, որ Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը […] այնտեղ ծնված, մեծացած, ղարաբաղյան շարժման լիդերներն են […], իրենք կարող էին իրավունք վերապահել խոսել նաև Ղարաբաղի անունից։ Դուք կարո՞ղ եք բացատրել՝ ես ի՞նչ մանդատով եմ խոսում Ղարաբաղի անունից։ Դրա փաստարկը այն էր, որ ձեր զորքերն այնտեղ են։ Ես էլ ասում էի՝ լավ, ենթադրենք՝ այնտեղ մեր զորքերը չեն, այլ՝ համայն հայության կողմից ձևավորված առաջին կամավորական բանակը, դրանից դուք ավելի երջանի՞կ եք լինելու, ի՞նչ է փոխվելու»:
2019-ի մարտի 5-ին էլ EURACTIV-ի հարցերին ի պատասխան՝ Նիկոլ Փաշինյանը դարձյալ նշել էր, որ Հայաստանի նախկին երկու նախագահները ծնվել, մեծացել և ապրել են Արցախում, իսկ ինքն Արցախ չի ներկայացնում:
«Այնտեղ ապրող մարդիկ չեն մասնակցել Հայաստանում անցկացվող ընտրություններին, ուստի ես չունեմ մանդատ՝ Արցախի բնակչությանը խաղաղ գործընթացում ներկայացնելու համար»,- հավելել էր Փաշինյանը:
Բնականաբար, Նիկոլ Փաշինյանի խնդիրը, երբ Արցախը ՀՀ մարզ էր համարում, կամ Արցախը՝ Հայաստան, կրկնում ենք՝ բնավ էլ Հայաստան-Արցախ միավորումը չէր, հատկապես, երբ նա Արցախը բեռ էր համարում, այստեղ Արցախին թելադրելու մոլուցքն էր, որն ավելի ուշ հենց ինքը խոստովանեց, ըստ էության:
2019-ի դեկտեմբերի 6-ին 2020թ. պետական բյուջեի քննարկմանը Նիկոլ Փաշինյանն իր ամփոփիչ ելույթում հայտարարեց.
«Ես կոչ եմ անում, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները և ընդհանրապես հայությունը, 2020 թվականին առավել հետևողական գործի հետևյալ բանաձևով՝ ես սա մեջբերում եմ, յուրաքանչյուրը ինքը իր համար պետք է ասի, հանկարծ այլ մեկնաբանություն չտրվի: Այդ բանաձևը, որ ես առաջարկում եմ, որ յուրաքանչյուրը որդեգրի ինքն իր համար և, բնականաբար, ես էլ ինձ համար պետք է որդեգրեմ, հետևյալն է՝ Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության ապագան կախված է մեկ մարդուց, և այդ մեկ մարդը ես եմ»:
Ցավն այն է, որ նախկինների օրոք մադրիդյան սկզբունքներից բողոքող Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ևս ընդունեց Նիկոլ Փաշինյանի առաջարկած բոլոր բանաձևերը:
2020թ. փետրվարին Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ ԼՂ հարցով հանդիպում-քննարկումից հետո Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում 6 կետով ներկայացրել էր Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի վերաբերյալ Հայաստանի դիրքորոշումը: Երրորդ կետում ասվում էր՝ «չկան տարածքներ, կա անվտանգություն. Լեռնային Ղարաբաղը չի կարող զիջել իր անվտանգությունը»:
Օրեր անց Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը նախ հայտարարեց, որ վերջնական խաղաղության հաստատման հարցում հայկական երկու պետությունների տեսլականները համընկնում են, այնուհետ փոխեց ԼՂ կարգավիճակի և անվտանգության տեղերը՝ առաջ բերելով անվտանգության հարցը:
«Մենք այսօր չենք քննարկում որևէ տարբերակ, որը կարող է թուլացնել Արցախի անվտանգության աստիճանը: Մենք ունենք մեր հստակ դիրքորոշումը՝ ՀՀ իշխանությունների հետ: Ես նշել եմ, որ դրանք նույնական են, որևէ խնդիր չկա: Նախկինում շատ ավելի խոսում էինք ինքնորոշման իրավունքի ճանաչման, հետո՝ անվտանգության մասին, հիմա՝ ոչ, գլխավորն անվտանգությունն է: Եթե անվտանգության մի փոքր թուլացում լինի, դա նշանակելու է Արցախի վերջը, մենք գիտենք՝ ով է մեր թշնամին»,- կազմակերպված ասուլիսին ընդգծել էր Արցախի ղեկավարը:
Այդ ժամանակ 168.am–ը գրեց, որ առաջին հայացքից ականջ շոյող և համարձակ թվացող անվտանգության թեզի շրջանառումը՝ առանց կարգավիճակի առաջնային կարևորության, հղի է վտանգներով, օրինակ, միջազգային հանրությունը կամ ԼՂ հարցով զբաղվողները շատ հանգիստ կարող են առաջ տանել խաղաղապահ ուժերի տեղակայման հարցը՝ վստահեցնելով, որ անվտանգությունն անհրաժեշտ մակարդակով պաշտպանված կլինի: Կամ կարող է, օրինակ, գտնեն, որ միայն Ստեփանակերտից, Ասկերանից հնարավոր կլինի Արցախի անվտանգությունն ապահովել: Այսինքն՝ անվտանգության ապահովման անվան տակ ամեն ինչ կարող են առաջարկել, պարտադրել, ինչը և եղավ, ըստ էության: Ավելին, վերջին պատերազմից հետո Ալիևը փակված է համարում Արցախի հարցը, որքան էլ, որ Հայաստանը հակառակը պնդի կամ խոսի, «անջատում՝ հանուն փրկության» բանաձև մասին ժամանակ առ ժամանակ հիշի:
Մինչդեռ, ինչպես այսօր ևս մեկ անգամ հիշեցրել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, ժամանակին թշնամի պետության նախագահն ինքն էր խոստովանում՝ ինչպես էին «փակ դռների ետևում իրեն ստիպում ճանաչել ԼՂ անկախությունը»:
Ի դեպ, Փաշինյանի իշխանության օրոք ՀՀ ԱԳՆ-ն նորից շրջանառության մեջ դրեց «Արցախի ընտրյալ ներկայացուցիչներ» տերմինը, որը օգտագործվել էր 1992-ից:
Արցախի հարցերով որոշ փորձագետների կարծիքով, դա ճիշտ էր 1992-ի համար, բայց հիմա արդեն ապրում ենք կամ մինչև պատերազմն ապրում էինք կայացած իփսո ֆակտո (Ipso facto) պետության մեջ:
Ipso facto-ն չի վերաբերում ճանաչմանը, այլ, որ այն կա, որ այն պետություն է:
Այսինքն՝ «դե ֆակտո»-ն և «դե յուրե»-ն վերաբերում են ճանաչմանը, իսկ «իփսո ֆակտո»-ն՝ պետության գոյությանը և զարգացմանը: Այսինքն, չի կարելի 2020-ին օգտագործել 1992-ի տերմինոլոգիան, մի տերմին, երբ նոր էր սկսվել Արցախի հարցի քննարկման միջազգայնացումը:
Ի դեպ, Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիևը 1993-ին Արցախին որպես կողմ է ընկալել:
«Հեյդար Ալիևը հանձնարարել էր փոխնախագահին հանդիպել Արցախի պաշտոնյայի հետ և պատրաստել երկու երկրների ներկայացուցիչների հանդիպումը։ Փաստաթուղթը ռուսերեն լեզվով էր, օգտագործվում էր «ԼՂՀ» հապավումը՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն։ Դրա տակ կա ստորագրություն՝ «Հեյդար Ալիև»։ Այսինքն՝ կարելի է փաստել, որ Ադրբեջանը ճանաչել է Արցախը որպես բանակցային կողմ և տարբեր մակարդակներում ուղղակի բանակցություններ է վարել»,- 2019-ին ասել էր Շավարշ Քոչարյանը։
Բազմաթիվ այլ փաստեր կան, թե ինչպես էր Ադրբեջանն ուղիներ փնտրում երկխոսելու Արցախի հետ՝ 1993-ի հունիսից սկսած:
Մասնավորապես, սույն թվականի օգոստոսի 15-ին ադրբեջանական կողմի նախաձեռնությամբ՝ երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների, իսկ այնուհետև՝ գործադիր մարմինների ղեկավարների միջև տեղի ունեցած հեռախոսազրույցից հետո, օգոստոսի 17-ին ԼՂՀ Գերագույն խորհրդի նախագահությունը Բաքվից ստացավ հետևյալ պաշտոնական գրությունը.
«Ադրբեջանի ղեկավարությունը փոխվարչապետ Ռասուլ Գուլիևին լիազորում է 5 օրվա ընթացքում Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի ղեկավարների միջև բարձր մակարդակի հանդիպում կազմակերպելու շուրջ վարել բանակցություններ:
Ադրբեջանի Հանրապետության նախագահի լիազորություններն իրականացնող Ադրբեջանի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահ՝ Հեյդար Ալիև»:
Նշված գրությանը կցված էր նաև Ադրբեջանի պաշտպանության նախարարի պաշտոնակատարի և փոխվարչապետի ստորագրությամբ հետևյալ փաստաթուղթը.
«Ի հավելումն 1993թ. հուլիսի 24-ի և 28-ի պայմանավորվածությունների և երկու կողմերի համանման նոր պարտավորվածությունների դեպքում, պարտավորվում ենք վերականգնել կրակի համընդհանուր դադարեցումը, այդ թվում՝ զերծ մնալ ցանկացած հարձակողական գործողություններից, հրթիռահրետանային հարվածներից և օդային ռմբակոծություններից հինգ օրով, որի ընթացքում ձեռք կբերվի Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի միջև հանդիպում անցկացնելու մասին համաձայնություն:
Պայմանավորվածությունն ուժի մեջ կմտնի 1993թ. օգոստոսի 18-ին, ժամը 18:00-ից սկսած, երբ կստացվի կողմերի վերոհիշյալ պարտավորվածությունների մասին համաձայնությունը…:
Ադրբեջանի պաշտպանության նախարարի պաշտոնակատար՝ Սաֆար Աբիև
Ադրբեջանի Հանրապետության փոխվարչապետ՝ Ռասուլ Գուլիև»:
Արցախի սուբյեկտայնության և տարածքի փոքրացումից հետո, անգամ պատերազմից հետո որևէ անգամ Արցախ չայցելած Նիկոլ Փաշինյանը շարունակում է հայտարարել, որ Արցախի խաղաղ զարգացման դարաշրջան բացելու մանդատ ունի, և որ դա ստացել է ՀՀ արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքում:
Արցախից շարունակում են վստահեցնել՝ Արցախը երբեք չի լինի Ադրբեջանի կազմում, և որ շարունակելու են կերտել Արցախի Հանրապետությունը՝ առաջնորդվելով ազգային արժեքներով և միջազգայնորեն ամրագրված իրավունքներով: Իսկ սրա համար նախ պետք է ունենալ հզոր պաշտպանության բանակ և կարողանալ անվտանգային խնդիրները լուծել ինքնուրույն, այսինքն՝ ոչ այնքան կախյալ, որքան այսօր:
Արցախն այսօր, այո, դե յուրե անկախ պետություն է՝ թեկուզ չճանաչված, բայց փաստը մնում է փաստ, որ Փաշինյանի իշխանությունը հանգեցրեց նրան, որ ներկայումս ամեն օր կռիվ ենք տալիս Ադրբեջանի կազմում չհայտնվելու համար, և ոչ թե ՀՀ-ի հետ միացման: Ավելին, Փաշինյանի իշխանությունը հանգեցրեց նրան, որ Արցախի անունն այսօր ռուսական, ադրբեջանական մամուլում շոշափվում է զուտ ռուս խաղաղապահների առաքելության և աջակցության համատեքստում:
Փաշինյանը ստիպեց, որ անգամ Արցախի անկախության կողմնակիցներն Արցախի Հանրապետության հռչակման 30-ամյակին ասեն՝ անկախ Արցախ կա՞, որ շնորհավորենք…
Իսկ զինադադարի հաստատումից երեք տարի անց Վազգեն Սարգսյանը շատ հանգիստ և հպարտորեն հարցազրույց էր տալիս և ասում.
«Խաղաղության երեք տարիների ընթացքում Ղարաբաղը ամրացրեց իր անկախությունը, իսկ Հայաստանը ձեռք բերեց ինքնահարգանքի զգացողություն»: