«Մենք այս հողին՝ «Եռաբլուր»-ին, Արցախի եղբայրական գերեզմանոցի հերոսներին պարտք ունենք, երանի թե ապրենք այդ պարտքի գիտակցումով». Սամվել Թադևոսյան
Այսօր Արցախի Հանրապետության հռչակման 30-ամյակն է։ 1991 թվականի դեկտեմբերի 10-ին՝ Խորհրդային Միության անկումից մի քանի օր առաջ, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ժողովուրդը հանրաքվեով ամրագրեց անկախ պետություն ունենալու իր իրավունքը: Նույն թվականի սեպտեմբերի 2-ին, Լեռնային Ղարաբաղի մարզային և Շահումյանի շրջանային խորհուրդների համատեղ նիստում ընդունվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կազմավորման հռչակագիրը։
Ռեժիսոր, սցենարիստ, վավերագրող Սամվել Թադևոսյանը, ով մասնակցել է Արցախի երեք պատերազմներին և վավերագրել է բոլոր իրադարձությունները, 168.am-ի հետ զրույցում նշեց, որ թեև 1991 թվականին սեպտեմբերի 2-ին Արցախում չի եղել, սակայն Արցախի հետ կապված իր բոլոր հիշողությունները վառ են։
«Բազմաթիվ հիշողություններ կան 90-ականների պատերազմի ու Արցախի հետ կապված, բայց այդ իմ հիշողություններից ամենավառը կապված է Բերձորի ազատագրման հետ՝ 1992 թվականի մայիսի 18-ին։ Դաշնակցական գումարտակի անդամ Վարդան Ստեփանյանի՝ Դուշման Վարդանի վաշտի հրամանատարությամբ մտանք Բերձոր։ Այնտեղ էին ջոկատներ Հայաստանից, Արցախից, Գորիսի ջոկատը կար։ Այդ օրը բոլորիս համար բացառիկ ու երջանիկ օր էր, որովհետև բոլոր տառապանքների արդյունքը պտղաբեր եղավ։ Ի ուրախություն բոլորիս՝ պետք է ասեմ, որ այն դժվարին տարիներին, բոլորիս կորուստների մեջ, մեր լեգենդար տղաներն ուղղակի կերտեցին Արցախի անկախությունը։ Փաստորեն, Բերձորով Արցախը կապ հաստատեց Հայաստանի հետ, դարձավ երթևեկելի, շատ բաներ՝ զինամթերքի, պարենի, սննդի և այլնի փոխանցումը հեշտացավ, մինչ այդ ամեն ինչ Արցախ հասցնում էինք ուղղաթիռով։ Հենց Բերձորն ազատագրելուց հետո էլ Դուշման Վարդանը տեսագրվեց Բերձորի ցուցանակի մոտ, դրանք հազվագյուտ կադրեր են, Դուշմանը տնտղում էր տարածքը, ներքևում Բերձորն էր, երբ բարձրացավ տառերի վրա՝ ռեժիսորի ու հրամանատարի հատուկ հեռահար զրույց եղավ, ես հարց էի տալիս, նա պատասխանում էր։ Ես այդ անջնջելի օրերը չեմ մոռացել, այդ հերոսական օրերն ինձ պահում են։ Հույս ունեմ, որ սերունդն իր հիշողությունը չի կորցնի, և մեր ունեցած բոլոր եռանդը պիտի նվիրենք Արցախին ու օկտակար լինենք»,- նշեց Սամվել Թադևոսյանը։
Նրա խոսքով՝ 44-օրյա պատերազմից հետո այսօր հայությունը ոչ հուսահատ, բայց նեղ օրեր է ապրում։ Սակայն նա վստահ է, որ 90-ականների և 2016-ի ու 2020 թվականի պատերազմներին մասնակցած կամավորների, զինծառայողների, նույնիսկ հաշմանդամություն ձեռք բերած տղաների ոգին չի կոտրվել։
«Ես այժմ հերթական ճոռոմ բաները չեմ ասի, որ մենք Արցախը կվերանվաճենք և այլն, բայց ուզում եմ ասել, որ դեռ սերունդները պատրաստ են շատ բան սրբագրելու նախ՝ մեր ներսում, նկատի ունեմ այն ողորմելի գզվռտոցը, որը կա որոշ իշխանական մարմիններում ու դահլիճներում, որպեսզի կարողանանք բարոյապես ամուր լինենք։ Միայն բարոյապես ամուր մարդն ու ժողովուրդը կարող է հավակնոտ լինել տարբեր հարցերում։ Ես լիահույս եմ, որ նոր սերունդ է գալիս, որը հասուն է։ Նկատի ունեմ 2016 և 2020 թվականների պատերազմների կամավորներին ու զինծառայողներին, որոնք համեմատաբար երիտասարդ են, և նրանց ոգին մեռած չէ, մենք դրա իրավունքն էլ չունենք, որովհետև մենք այս հողին՝ «Եռաբլուրին», Արցախի եղբայրական գերզմանոցի հերոսներին պարտք ունենք։ Երանի թե ապրենք այդ պարտքի գիտակցումով, որ դեռ պիտի վերադարձնենք այդ պարտքը»,- հավելեց ռեժիսորը։
Նա նշեց, որ այսօր Արցախ չի գնացել՝ հարգելի պատճառով, սակայն Արցախի հետ կապված իր աշխատանքները շարունակում է։ Խոստովանեց, որ պատերազմից հետո կար մի շրջան, երբ գտնվում էր անկումային իրավիճակում, սակայն կարողացել է իրեն վերագտնել ու ստեղծել արցախյան թեմայով երկու աշխատանք, որոնցից մեկը նվիրված է նահատակված ընկերներից մեկին՝ Մուշեղյան Գեղամին։
«Կարծում եմ՝ մշակույթը կարևոր զենքերից է պետության, ազգի համար, հերոսի կերպարը վառ պահելու և սխրանքը սերունդներին փոխանցելու համար։ Ցավոք, այսօր արժեքների կրկնակոխ ոտնահարման ժամանակներ ենք ապրում, և եթե արժեքները չեն պահպանվում, շատ բաներ դատապարտված են կորստյան»,- շեշտեց նա։
Միաժամանակ նա ընդգծեց՝ քանի դեռ Արցախի կարգավիճակի հարցը լուծվածը չէ, ազգովի պետք է լծվեն այդ նպատակին ու օգտակար լինեն Հայկական երկրորդ հանրապետությանը։
«Այսօր աշխարհում անհասկանալի շատ բաներ են կատարվում, և մենք պետք է կարողանանք չճզմվել այդ արկածների տակ»,- եզրափակեց Սամվել Թադևոսյանը։