«Այս իշխանությունը պատրաստ է Թուրքիայի ցանկացած պայմանի, թելադրանքին ընդառաջ գնալ ու զիջել, ընդ որում, արդեն զիջել է». Հայկ Դեմոյան

ՀՀ ազգային ժողովը օգոստոսի 26-ին 70 կողմ ձայնով հավանության արժանացրեց Կառավարության 5-ամյա ծրագիրը։ Մինչև խորհրդարանում քննարկելը, տարբեր փորձագետներ արդեն անդրադարձել էին ծրագրին, մատնացույց արել թերությունները, մասնավորապես՝ արտաքին հարաբերություններին վերաբերող բաժնում: Իսկ որ ամենակարևորն է՝ Կառավարության այս ծրագրում բացակայում է «Արցախի Հանրապետություն» եզրույթը, որն այդպես էլ չավելացվեց։ Շատ քննարկվեց նաև ծրագրում տեղ գտած հայ-թուրքական հարբերությունների վերաբերյալ իշխանության տեսլականը, ըստ որի, Հայաստանը պատրաստ է առանց նախապայմանների հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ։

168.amի հետ զրույցում Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր Հայկ Դեմոյանը պատասխանելով մեր հարցին, թե ինչ կարծիքի է Կառավարության հնգամյա ծրագրի և, մասնավորապես, հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ դրույթներին, նկատեց՝ նույնիսկ Կառավարության ծրագիրը չկարդալով՝ շատ հանգիստ կարող է այն վերլուծել և տեսակետ հայտնել՝ հաշվի առնելով ներկայիս Կառավարության կազմը և, թե  ովքեր են ներգրավված։

«Կարելի է մեկ բանաձևում տալ, որը, մեղմ ասած, շատ վտանգավոր և տխրեցնող է՝ մենք այսօր գտնվում ենք վտանգված երկրում, և այն ֆորմուլան, թե ապագա կա և այլն, դրանք էժանագին մանիպուլյացիաներ են։ Երեք տարին բավական էր մտածող, մտածելու ունակություն ունեցող անձանց համար՝ հասկանալու ներկայիս կառավարության կազմի անհատական և խմբային ինքնությունը։ Մենք ունենք վտանգված երկիր, և ամենասարսափելին այն է, որ որևէ ուժ չունի  ունակություն՝ ընդունելու այդ վտանգված լինելը՝ ցույց տալու այն ելքը, թե որտեղ պետք է չեզոքացվի վտանգը։ Խոսքը մարտահրավերների առջև կանգնած երկրի մասին չէ, այլ վտանգված պետականության մասին է։ Ես այն մարդկանց թվին չեմ դասվում, որոնք ասում են, թե երկիրը վտանգվել է 2018 թվականին, որովհետև ունեմ փաստեր ու ձայնագրություն, որ վտանգված Հայաստանի մասին բարձրաձայնել եմ 2016 թվականի հոկտեմբերին։ Այսինքն՝ հինգ տարի առաջ իմ կանխատեսումները վերլուծելու ունակությունները բերել էր այն համոզման, որ ունենք փակուղի մտած պետականություն։ 2018 թվականը ոչ թե այդ խնդիրներին լուծում տվեց, այլ վատ փորձ էր լուծելու, վատ նախապատրաստված, որն ավելի խորացրեց իրավիճակը, վնասների բերեց, որի արդյունքում այսօր ունենք կատարյալ փակուղում գտնվող պետականություն»,- նշեց Հայկ Դեմոյանը։

Ըստ պատմաբանի, այսօր ամեն ինչ արվում է ՀՀ քաղաքացու ձեռքով, ինչն էլ վտանգավորության բարձրագույն աստիճանն է։ Այսինքն՝ քաղաքացու անվան տակ, նրան հղում տալով, նրա ձայնն ու վերաբերմունքն օգտագործելով՝ իրականացվում է իրադարձությունների ու իրավիճակի հետագա խորացման ու բարդացման սցենար։ Հայկ Դեմոյանի կարծիքով՝ նույնիսկ կարելի է  ասել, թե սրա վերջնարդյունքը որն է  լինելու։

«Այս պահին ես կարող եմ մեկ արձանագրում անել՝ հասնել պետականության լիակատար մարգինալացման։ Այսօր յուրաքանչյուրը, ով ունի վերլուծելու կարողություն, պետք է հանգիստ դա եզրակացնի։

Պատերազմը դեռ չավարտած և խայտառակ փաստաթուղթը ստորագրելուց հետո, իշխանության ներկայացուցիչները հայտարարեցին, թե լավ շանս է ստեղծվել Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատելու համար, և այս մտքի հեղինակը ԱՄՆ-ում ՀՀ ներկայիս դեսպան Լիլիթ Մակունցն է։ Այն նույն անձը, ով 2020 թվականի ամռանն ասում էր, որ եթե պատերազմ լինի, Թուրքիան չի մասնակցի, և այդ նույն անձը նոյեմբերին ստորագրված փաստաթղթից հետո հայտարարում է, որ 4 հազար զոհ՝ իրենց թվերով եմ ասում, կորուստներ, նսեմացում, վնասներ ունենալուց հետո կարելի է  խտացնել մեկ սրվակի մեջ, որը կոչվում է լավ շանս թուրքերի հետ լավ հարաբերություններ հաստատելու համար։ Այս հայտարարությունից հետո որևէ լավ բան Թուրքիայի կողմից տեսնո՞ւմ եք։ Կառավարության ղեկավարն էլ Շուշիում հայտարարում էր, թե Արցախը Հայաստան է, և վերջ, բայց ամիսներ հետո պարզվեց, որ այս հայտարարության վայրը շատ «դժգույն»  քաղաք էր, հասկանո՞ւմ եք աբսուրդի աստիճանը»,- հավելեց Հ. Դեմոյանը։

Ապա շարունակեց միտքը՝ ասելով՝ իր բնորոշմամբ սիլիկոնային ամբողջ հեղափոխությունը՝ արհեստականորեն ուղղված էր միմիայն հարաբերություններ հաստատելու Թուրքիայի հետ՝ զիջելով բոլոր հնարավոր տարբերակները՝ Ծիծեռնակաբերդից սկսած մինչև Շուշի, որևէ լուրջ ձևակերպում չի պատրաստվում քննարկել կառավարության ծրագրի հետ կապված։

Ինչ վերաբերում է Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հարցազրույցին, որտեղ նա այդպես էլ չասաց՝ ի վերջո, Թուրքիային համարո՞ւմ է  Հայաստանի թշնամի, թե՞ ոչ, Հայկ Դեմոյանը նշեց՝ նոր խմբագրմամբ ընդունվել է ՀՀ ռազմավարական անվտանգության հայեցակարգը, որին մասնակցել են նաև իր գործընկերներն Արևելագիտության ինստիտուտից, որոնք տեսել են, որ այդ հայեցակարգի մեջ չկա «Արցախի Հանրապետություն» ձևակերպումը, որը նախկինում եղել է։

«Այդ հայեցակարգում կա Թուրքիայի հետ կապված ձևակերպում, որ՝ այո, Թուրքիայի քաղաքականությունը վտանգ է ներկայացնում, և այլն:  Նիկոլ Փաշինյանի նկարով, առաջաբանով այդ հայեցակարգը համարվում է գործող փաստաթուղթ, տվյալ դեպքում պետք է հղում տանք այդ փաստաթղթին, որն ընդունվել է իրենց օրոք։ Ո՞վ է այսօր մեր Արտաքին գործերի նախարարը՝ Արարատ Միրզոյանը, նա արդյո՞ք հաստատել է, որ ինքը հանդիսանում է այլ կարգավիճակով անձ, ըստ 2007 թվականի թղթի, նա անձանագրել է, չէ՞, որ համագործակցել է համապատասխան մարմինների հետ։ Արարատ Միրզոյանը ինչ կարգավիճակով էր ՌԴ-ի դեսպանատան առջև այրում ռուսական դրոշը, պետք է ասի՝ դրա իմաստը որն է, այսինքն՝ ուզում էր օգտակար լիներ Հայաստանին, բայց մասնակցում էր Արայիկ Հարությունյանի և մյուսների կազմակերպած ակցիային։ Մենք ունենք, Կառավարություն չասեմ, մարդկանց մի հավաքածու, որոնք այս պահի դրությամբ չեն կարող պատասխանատվություն ստանձնել և հայտ ներկայացնել՝ որպես մեկ ուժ, որը կերաշխավորի ՀՀ լիակատար անվտանգ ու ապահով գոյությունն այս երկրագնդի վրա, սա է մերօրյա իրականության ամբողջ ողբերգությունը»,- ընդգծեց Հայկ Դեմյանը։

Նրա բնորոշմամբ՝ ՀՀ ներկայիս իշխանությունն արհեստական ուժ է, որտեղ  ներգրավված  մարդիկ չեն համախմբվել որևէ գաղափարախոսության շուրջ.

«Հետևաբար՝ այս իշխանությունը պատրաստ է Թուրքիայի  ցանկացած պայմանի, թելադրանքին ընդառաջ գնալ ու զիջել, ընդ որում, եթե խոսենք անցյալով, ապա իշխանությունն արդեն զիջել է, և դրա լավագույն օրինակը Ծիծեռնակաբերդում նստած Հարություն Մարությանն է»։

Տեսանյութեր

Լրահոս