Ընդդիմությունը երևի ինչ-որ մեղավորություն ունի, որ ծեծում են․ ԲՏԱ նախարար․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է․ «Նոր կառավարության բարձրտեխնոլոգիական արդյունաբերության նախարար, Լևոն Տեր-Պետրոսյանի երբեմնի թիմակից, Երևանի նախկին քաղաքապետ Վահագն Խաչատրյանին երեկ կառավարության նիստից հետո հարցրինք՝ ինքը Գորիս-Կապան ճանապարհի այն հատվածը, որն այսօր ադրբեջանցիները փակել են, համարո՞ւմ է ադրբեջանական տարածք։ Կամ՝ համարո՞ւմ է, որ այն հայկական տարածք չէ․ իրենց կառավարության ղեկավար Նիկոլ Փաշինյանը երկու օր է՝ խոսում է այն մասին, որ այդ ճանապարհը ԽՍՀՄ քարտեզներով Ադրբեջանինն է եղել, ուստի արդեն նախապատրաստում է ժողովրդին այդ տարածքները ևս ադրբեջանական կողմին հանձնելուն՝ դրա դիմաց առաջարկելով օգտվել այլընտրանքային ճանապարհից։

«Տարածքը, չէ՞։ Ո՞վ ասաց, ո՞վ ա տենց բան ասել»,- զարմացավ նորանշանակ նախարարը։

– Նիկոլ Փաշինյանն է ասում, ձեր կառավարության այլ անդամներ էլ են նման բան պնդում, որ ԽՍՀՄ քարտեզներով դա ադրբեջանական տարածք է։

– Տենց բան չեն ասել։ Ո՞նց ա ստեղծվել՝ Խորհրդային Միության փլուզումից հետո մեր բոլոր երկրները, նրանց կարգավիճակը ո՞նց ա եղել, ՄԱԿ-ը ո՞նց ա մեզ ճանաչել։ Սուվերեն տարածքի մեր՝ Հայաստանի Հանրապետության, ո՞նց ենք էդ տարածքում։

– Դուք պետք է ասեք։

– Չէ, Դուք ասեք, ես շատ լավ գիտեմ։ Ես էդ տարածքներում մեծացել եմ։

– Նիկոլ Փաշինյանը գուցե այլ տարածքներում է մեծացել ու լավ չի տիրապետում այդ տարածքներին։

– Չէ, ինքը նենց տարածքներում ա մեծացել, որ էնտեղ էլ էդ խնդիրները կային։

– Բայց ինքը դեմ չէ, որ այդ տարածքները լինեն Ադրբեջանի կազմում։

– Չէ, լսեք, խնդրում եմ՝ ուշադիր․ Խորհրդային Միության ժամանակ էն տարածքները, որոնք գծվել են ժամանակին, դրանք ինչ-որ նպատակներ են հետապնդում։ Հիմա ես Ձեզ հիշեցնեմ, որ երբ մենք գնում ենք Նոյեմբերյան, էն տեղերով, որտեղ Նիկոլ Փաշինյանն է մեծացել, մենք երկու ճանապարհ ունենք՝ կա՛մ գնում էինք Վանաձորով, կա՛մ Ղազախով։ Այսինքն՝ էն ճանապարհը, որ էսօր կա, դա չի եղել։ Ու տենց էլի խնդիրներ ա եղել։

– Այսինքն՝ էլի՞ մերը չի եղել այդ ճանապարհը, որ Իջևանով գնում ենք Նոյեմբերյան։

– Չէ, հիմա մերն ա, մենք գտել ենք էն ճանապարհը, որը մերն ա։ Բայց էն նախկինում՝ Խորհրդային Միության ժամանակ, որ Ղազախով փակ էր․․․ ես ուզում եմ ասել, որ մենք վիճելի տարածքներ ենք ունեցել Ադրբեջանի ԽՍՀ-ի հետ։ Ճանապարհ է եղել ուղիղ գծով, որի մի մասը եղել է հայկական ԽՍՀ, մի մասը՝ ադրբեջանական ԽՍՀ տարածքում։

– Հիմա Գորիս-Կապան ճանապարհահատվածը Հայաստանի՞ տարածք է, թե՞ Ադրբեջանի։

– Հայաստանի տարածք է, մի մասն էլ Ադրբեջանի տարածք է եղել, ցավոք սրտի։

– Հիմա ադրբեջանցիները, փաստորեն, իրե՞նց տարածքում են նստած։ Այն ճանապարհը, որը փակել են, իրե՞նց ճանապարհն է, թե՞ մեր։

– Չէ, մեր։ Խոսքը գնում ա նրա մասին, որ էսօրվա ճանապարհը, որ փակվել է, էդտեղ կա նաև ՀՀ տարածք։

– Իսկ ինչո՞ւ չեն քշում նրանց էնտեղից։

– Դե, հիմա, քշելու հարցը կա, միշտ էլ օրակարգում կա։

– Հայաստանն ի վիճակի՞ է քշել։

– Իհարկե, բայց եթե կարելի է ավելի խաղաղ ձևով հարցը լուծել, խի՞ չլուծել։

– Սև լճում էլ երեք-չորս ամիս է՝ թշնամին նստած է, բայց չեն կարողանում քշել։ Ինչո՞ւ չեն քշում։

– Ասացի Ձեզ։

– Բայց Նիկոլ Փաշինյանը կարծես դեմ չէ, որ մենք այլընտրանքային ճանապարհից օգտվենք և համակերպվենք այս իրավիճակի հետ։

– Չէ, համակերպվելը չի։ Հիմա մենք ո՞նց ենք օգտվում այլընտրանքային ճանապարհից Նոյեմբերյան գնալուց։ Օգտվո՞ւմ ենք։

– Այսինքն՝ սա այլընտրանքայի՞ն ճանապարհ է, որ մենք Իջևանով գնում ենք Նոյեմբերյան։

– Ասում եմ՝ էդ ճանապարհը չի եղել։ Հայաստանի տարածքում ա եղել, բայց էդ ճանապարհը չի եղել։ Հիմա էն այլընտրանքը, որ պատրաստվում է կառուցել՝ դեպի Կապան գնացող, մեր տարածքով ա գնում։

– Այդ ճանապարհը, որ կառուցվի, ստացվում է՝ մենք հրաժարվում ենք այս հիմնական ճանապարհից։

– Չենք հրաժարվելու, էդ մնում ա մեր սահմանային ճանապարհը։

– Իսկ եթե չբացե՞ն։

– Ո՞վ չբացի։

– Ադրբեջանցիները։ Ինչպե՞ս են բացելու։

– Շատ սիրուն։

– Ե՞րբ։

– Էսօր, էս պահին՝ կարող ա։

– Երեք օր է՝ չեն բացում։

– Երեք օր չի, երկու օր ա՝ նախ։ Երեքն ու երկուսը տարբեր են։

– Դե, երեք ամիս էլ Սև լճում են նստած։

– Հասկացա, կարող ա լինի, հիմա մի՛ բան արեք։

– Այսինքն՝ ամեն ինչի հետ համակերպվե՞նք։

– Բայց ո՞վ ա համակերպվում։

– Դե, համակերպվում ենք, Արցախը հանձնելու կամ կորցնելու հետ համակերպվեցինք, Շուշիի հետ համակերպվեցինք, թշնամին եկավ Վարդենիս՝ Վերին Շորժայի կողմից դիրքերն առաջ տվեց, էլի համակերպվեցինք, Շուռնուխում եկել նստել են՝ համակերպվում ենք։

– Չենք համակերպվում, ամեն ինչ էլ բանակցում ենք, հիմա ի՞նչ անենք։

– Մի թողեք, ժողովուրդը ձեզ պողպատյա մանդատ է տվել, այդ պողպատյա մանդատը միայն ընդդիմությանը լռեցնելո՞ւ, ընդդիմադիրներին ծեծելո՞ւ համար է։

– Չէ, ինչի՞, մի՛ բան արեք, էլի։ Հիմա ինչի՞ մասին ենք խոսում։

– Ուզում եմ հասկանալ՝ այդ պողպատյա մանդատը ադրբեջանցիների, թշնամական ուժերի նկատմամբ կիրառվելո՞ւ է, թե՞ ոչ։

– Այո։

– Ե՞րբ։

– Երբ որ անհրաժեշտ լինի։

– Իսկ ինչո՞ւ է դեռևս միայն ընդդիմության գլխին հարվածում մուրճը կամ մանդատը։

– Ընդդիմությունը երևի ինչ-որ մեղավորություն ունի։

– Այսինքն՝ թուրքերը մեղավորություն չունեն, թշնամին որևէ մեղք չունի, ընդդիմությո՞ւնն ունի։

– Տեսեք, թուրքերն ունեն զենք, թուրքերն ունեն դիմադրելու ինչ-որ ուժ, ունեն հատուկ ծառայություններ։

– Այսինքն՝ ընդդիմությունը զենք չունի, դրա՞ համար եք իրենց գլուխը ջարդում։

– Դե լավ, հա, հիմա մի՛ բան արեք, էլի։ Մյուս կողմից էլ են ջարդում։ Դուք էլ հիմա հակված եք տենց գնահատական տալ՝ տվեք։

– Չէ, գնահատական չեմ տալիս, ուզում եմ տրամաբանությունը հասկանալ, դուք ի՞նչ վերաբերմունք ունեք ընդդիմության նկատմամբ և թշնամական պետության նկատմամբ։

– Տրամաբանություն մի դրեք ընդդիմության և թշնամու միջև։ Ընդդիմությունը թշնամի չի։

– Բայց ընդդիմությանը ծեծում եք, թշնամուն՝ ոչ։

– Ընդդիմությունն էլ ինչ-որ մարդկանց ծեծում է․․․ Շիշը ո՞վ շպրտեց։

– Բայց չի ծեծել, և հետո՝ ո՞վ «արա»-ով դիմեց Արցախն ազատագրած գեներալին։

– Թող նա էլ «արա» ասեր, պիտի շշով խփե՞ր։

– Չեմ արդարացնում, բայց հիմա նա էլ այդպես արտահայտեց իր վերաբերմունքն այդ «արա»-ին։

– Ես էդ հարցին չեմ ուզում այլևս պատասխանել։ Կոնկրետ Ձեր հարցի պատասխանը հետևյալն է՝ Հայաստանի Հանրապետության իշխանությունն այս պահին բանակցություններ է վարում, որպեսզի հարցը լուծվի։ Վերջ»։

Տեսանյութեր

Լրահոս