Կառավարությունը հաստատեց 2021-2026թթ. գործունեության ծրագիրը, այն կքննարկվի Ազգային ժողովում

Կառավարության այսօրվա նիստում Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց ՀՀ կառավարության   2021-2026 թվականների գործունեության ծրագիրը, որը, ըստ նրա, հիմնված է Հայաստանի վերափոխման՝ մինչև 2050 թվականի ռազմավարության վրա:

Կառավարության ծրագրի առաջին բաժինը կոչվում է՝ «Անվտանգություն և արտաքին քաղաքականություն, որտեղ արձանագրվում է, թե որոնք են Հայաստանի Հանրապետության անվտանգության ապահովման առանցքային գործոնները․

«Առաջինը, որպես այդպիսին, նշվում է հայոց արդիականացվող բանակը։ Բանակը, բարեփոխված Զինված ուժերը պետք է լինեն մեր արտաքին անվտանգության ապահովման հիմնական գործոնը։

ՀՀ հաջորդ կարևորագույն գործոնը՝ հայ-ռուսական ռազմավարական դաշինքն է ընդգծված մեր ծրագրում և Հայաստանի Հանրապետության անդամակցությունը ՀԱՊԿ-ին։

Մեր ծրագրում, որպես անվտանգության ապահովման կարևորագույն գործոն՝ ընդգծվել է տարածաշրջանային կայուն միջավայրի ձևավորումը և տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակումը։ Սա կարևոր նրբություն և նորամուծություն է, որովհետև մենք մեր արտաքին քաղաքական ուղղությունների մեջ առանձնահատուկ տեղ ենք տալիս մեր տարածաշրջանային քաղաքականությանը, և պետք է ընդգծեմ, որ մենք տարածաշրջանի խաղաղության և կայունության համար էական ենք համարում թշնամության մթնոլորտի կառավարումը և հաղթահարումը մեր տարածաշրջանում և տարածաշրջանի խաղաղությունը և կայունությունը արձանագրում ենք՝ որպես մեր երկարատև ռազմավարություն։

Հաջորդ գործոնը, որն էական ազդեցություն կարող է ունենալ մեր անվտանգության համակարգում, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունն է, և մենք ընդգծում ենք համանախագահության դերը Ղարաբաղյան հիմնախնդրի լուծման և  Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի հստակեցման գործում, և մեր դիրքորոշումն այն է, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահության ձևաչափով խաղաղ բանակցային գործընթացի լիարժեք վերականգնումն էական գործոն է տարածաշրջանային կայունության ու անվտանգության ապահովման իմաստով․․․»։

2021-2026 թթ․ կառավարության գործունեության ծրագիրն ամբողջությամբ ներկայացնելուց հետո, կառավարությունը հաստատեց այն։

«Խմբագրական մի քանի փոփոխություններից հետո ծրագիրը կուղարկենք Ազգային ժողով քննարկման։ Սահմանադրությունը կոնկրետ ժամկետներ է սահմանում, Ազգային ժողով ուղարկելուց հետո 7-օրյա ժամկետում պետք է քննարկված և ավարտված լինի ծրագիրը»,- հավելեց Նիկոլ Փաշինյանը։

Նշենք, որ կառավարության ծրագիրը կազմված է 6 բաժիններից՝

1. Անվտանգություն և արտաքին քաղաքականություն՝

Արտաքին քաղաքականություն, Ղարաբաղյան հիմնախնդիր, Պաշտպանության ոլորտ․ ԶՈՒ բարեփոխումներ, Սփյուռքի հետ կապեր։

2. Տնտեսություն՝

Մշակվող արդյունաբերություն, Կայուն զարգացում և կանաչ տնտեսություն, Բարձր տեխնոլոգիաներ, Գյուղատնտեսություն, Զբոսաշրջություն, Որակի ենթակառուցվածք, Քաղաքաշինություն, Բնական ռեսուրսների կայուն կառավարում։

3. Ենթակառուցվածքների զարգացում՝

Տրանսպորտ, Ճանապարհաշինություն, Ջրային տնտեսություն, Էներգետիկա

4. Մարդկային կապիտալի զարգացում՝

Ժողովրդագրություն, Միգրացիա, Կրթություն, Գիտություն, Առողջապահություն, Աշխատանք և սոցիալական պաշտպանություն, Երիտասարդություն, Սպորտ, Մշակույթ, Շրջակա միջավայրի պահպանություն։

5. Իրավունք և արդարադատություն՝

Ընտրական իրավունք․ Ինստիտուցիոնալ ժողովրդավարություն, Մարդու իրավունքների պաշտպանություն, Դատաիրավական բարեփոխումներ, Ոստիկանության բարեփոխումներ, Կոռուպցիայի դեմ պայքար, Քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի բարեփոխումներ:

6. Ինստիտուցիոնալ զարգացում՝

Ռազմավարական պլանավորում և քաղաքականությունների մշակում, Պետության կողմից հանրությանը մատուցվող ծառայություններ, Հանրային ծառայության համակարգ և մարդկային ռեսուրսների կառավարում, Ինստիտուտների և գործառույթների արդիականացում, Ազգային տարածական տվյալների ենթակառուցվածք, Տարածքային կառավարում և տեղական ինքնակառավարում, Պետական գույքի արդյունավետ կառավարում, Հարկաբյուջետային քաղաքականություն, Հարկային և մաքսային վարչություն, Պետական ծախսեր։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս