Ինչո՞ւ է «աղմկում» պետական ծառայության դեմ ուղղված ծանր հանցագործություն կատարելու համար մեղադրվող Արայիկ Առաքելյանը
Կադաստրի Շիրակի մարզային ստորաբաժանման նախկին պետ Արայիկ Առաքելյանը, որը շաբաթներ առաջ մեղավոր է ճանաչվել պետական ծառայության դեմ ուղղված ծանր հանցագործություն կատարելու համար, փորձում է լռեցնել մամուլը։
Նա դատական երկու հայց է ներկայացրել 168.am-ի դեմ՝ պահանջելով հերքում և պատվին ու արժանապատվությանը պատճառված վնասի հատուցում՝ յուրաքանչյուր հրապարակման համար պահանջելով 500.000 դրամ։
Հայցերից մեկը վերաբերում է 168.am-ի՝ «Իմքայլական Կարեն Սարուխանյանը կոռուպցիոն գործով անցնող կադաստրի նախկին պետի կնքահա՞յր» վերտառությամբ հոդվածին, որտեղ մասնավորապես անդրադարձել էինք Գյումրիում շրջանառվող այն լուրերին, որ իմքայլական Կարեն Սարուխանյանը փորձում է իր հին պաշտոնին բերել Արայիկ Առաքելյանին։
Հրապարակել էինք նաև այս նախկին պաշտոնյայի ու նրա կնոջ թույլ տված չարաշահումների փաստով հարուցված քրգործերը՝ բառացի մեջբերելով ՀՀ գլխավոր դատախազության պաշտոնական գրությունն առ այն, որ Արայիկ Առաքելյանն ու Գյումրիի դպրոցներից մեկում ուսուցչուհի աշխատող նրա կինը հայտնվել են կոռուպցիոն սկանդալի մեջ։
Մասնավորապես՝ Շիրակի մարզի երկու գյուղական համայնքներից՝ Ցողամարգից ու Մուսայելյանից, գյուղատնտեսական նշանակության հողերն էժան գներով վարձակալության էին վերցրել ու մեծ գումարներով հանձնել ենթավարձակալության կապի օպերատորներին։
Հրապարակման մեջ նշել էինք, որ, ըստ քրգործերի, այդ ժամանակահատվածում` 2006 թվականին, Արայիկ Առաքելյանը զբաղեցրել էր Աշոցքի կադաստրի պետի պաշտոնը՝ չարաշահելով իր պաշտոնական դիրքը ու համայնքի ղեկավարներին դրդելով պաշտոնական դիրքի չարաշահման, հարկադրել էր նրանց վարձակալության տալ իրեն այդ հողամասերը ու դրանք գրանցել էր իր կնոջ՝ Հերմինե Ալեքսանյանի անունով։
Վերջինս, ըստ քրեական գործերի նյութերի, ահռելի վնասներ է հասցրել համայնքներին, որոնք, ի դեպ, դեռ չեն էլ փոխհատուցել։
Հիշեցման համար մեջբերենք, որ դատախազության տրամադրած տեղեկատվության համաձայն՝ «Ցողամարգում 2006թ. օգոստոսի 9-ին նրա կնոջ հետ 1.0 հեկտար անշարժ գույքի վարձակալության պայմանագիր է կնքվել տարեկան 2 հազար 40 ՀՀ դրամ գումար արժեքով, որից հետո այդ հողամասի 0.2 հեկտարը 2006թ. օգոստոսի 22-ին նշված վարձակալը ենթավարձակալության պայմանագրով, տարեկան 480.000 ՀՀ դրամով, հանձնել է հեռահաղորդակցության օպերատոր ՓԲ ընկերությանը՝ հեռահաղորդակցության կայան տեղադրելու և շահագործելու համար: Մուսայելյան համայնքում էլ այդ նույն թվականին Հերմինե Ալեքսանյանին 25 տարի ժամկետով են վարձակալության իրավունքով տրամադրել է 2.75 հա ընդհանուր մակերեսով հողատարածք՝ տարեկան 9 հազար 350 ՀՀ դրամ վարձավճարով: Գյուղապետարանի հետ վարձակալության պայմանագիր կնքելուց 10 օր անց Հ. Ալեքսանյանը նշված տարածքից 200մ2 մակերեսով հողատարածքը ենթավարձակալությամբ 120.000 ՀՀ դրամով հատկացրել է մեկ այլ բջջային օպերատորի»:
Մեր հոդվածում տառացիորեն օգտագործվել է դատախազության պաշտոնական գրությունն առ այն, որ Մուսայելյան գյուղի ենթավարձակալության պայմանագիրը, ի տարբերություն Սարապատ խոշորացված համայնքի, դեռ լուծված չէ, իսկ սա նշանակում է՝ Արայիկ Առաքելյանի ընտանիքը շարունակում է ապօրինի հարստանալ։
Զավեշտալին այն է, որ նախկին պաշտոնյան դատարան ներկայացրած հայցի մեջ իր անձն արատավորող, զրպարտող կեղծ տեղեկություններ է համարել ոչ միայն Գյումրիում տարածված խոսակցություններն առ այն, որ իրեն հովանավորում է Կարեն Սարուխանյանը, այլև ՀՀ գլխավոր դատախազության տրամադրած փաստաթղթում առկա պաշտոնական տեղեկությունները։
Ապշեցնող է, որ տարիներ շարունակ կադաստրի համակարգ գլխավորած վերոհիշյալ նախկին պաշտոնյան, որը, ըստ էության, գործ է ունեցել փաստաթղթերի հետ, դատախազության պաշտոնական տեղեկատվությունն անգամ չի տարբերակում խոսակցություններից։
Նա իր հայցում մեջբերել է դատախազության՝ իր կողմից թույլ տված չարաշահումների փաստով հարուցած քրեական գործերի բովանդակությունը՝ դա համարելով զրպարտիչ տեղեկություններ։
Կարծում ենք՝ ՀՀ գլխավոր դատախազությունը հետևություններ պիտի անի իր հին պաշտոնին հավակնող ու այս պահին մրցույթի մասնակցող նախկին պաշտոնյայի վարքագծի վերաբերյալ։
Եվ եթե Արայիկ Առաքելյանի նպատակն այն է, որ մեր դեմ դատարան դիմելով՝ պիտի կարողանա մոռացնել տալ իր մասին, որպեսզի մենք էլ չտեղեկացնենք, որ նա հերթական փորձն է կատարում իր նախկին պաշտոնին վերադառնալու, ապա, մեղմ ասած, սխալվում է:
Եվ իզուր է իր հանցանքն ընդունած կադաստրի նախկին պաշտոնյան Գյումրիում լուրեր տարածում, թե իր հայցադիմումներից մենք այնպես ենք «ահաբեկվել», որ մոռացել ենք նրա մասին: Հետևողականորեն բարձրաձայնել ու բարձրաձայնելու ենք ցանկացած ապօրինի գործողության մասին, որը կհայտնվի մեր տեսադաշտում:
Նկատենք նաև, որ այդ նույն դատախազությանը զրպարտիչ համարող նախկին պաշտոնյան ու նրա կինը վերջերս իրենց մեղավոր են ճանաչել ՀՀ ՔՕ 308-րդ հոդվածի հատկանիշներով հարուցված երկու քրգործերով։
Դատախազության պաշտոնական գրությունը մեջբերելու համար մեր դեմ դատական հայց ներկայացնող Արայիկ Առաքելյանն ընդունել է իր հանցանքը, խոստովանել է, որ կատարել է չարաշահումներ։
ՀՀ ՔՕ 308-րդ հոդվածով անցնող պաշտոնյայի նկատմամբ որոշում է կայացվել․ քրգործերի վարույթը կարճվել է, սակայն ոչ արդարացնող հիմքով։ Եվ եթե որոշվել է քրեական հետապնդում չիրականացնել նրա նկատմամբ, ապա դա պայմանավորված է քրեական պատասխանատվության ենթարկելու՝ օրենքով նախատեսված վաղեմության ժամկետի ու նրա կողմից հանցանքն ընդունելու հետ։
Ի դեպ, մեր ձեռքի տակ են նրա ու նրա կնոջ նկատմամբ վարույթն իրականացնող մարմնի կողմից կայացրած որոշումները։ Որոշումներից ակնհայտ է, որ վերջինս դեռ համայնքներին հասցված ահռելի վնասը չի փոխհատուցել, սակայն ՀՀ կադաստրի պետական կոմիտեն անհասկանալի ու կասկածելի հիմքով պետության դեմ հանցանք կատարած անձին թույլ է տվել մասնակցել կադաստրի Շիրակի մարզային ստորաբաժանման ղեկավարի պաշտոնի համար այս պահին հայտարարված մրցույթին՝ այսպիսով հիմնավորելով Գյումրիում շրջանառվող այն տեղեկությունները, որ ամեն ինչ անում են կոռուպցիայի մեջ մեղադրված անձին՝ նորից պաշտոնի վերադարձնելու համար։
Ավելորդ ենք համարում քննարկման թեմա դարձնել Արայիկ Առաքելյանի՝ 168.am-ի դեմ ներկայացրած հայցադիմումի այն կետը, թե՝ «Պատգամավոր Կարեն Սարուխանյանը, ըստ Գյումրիում շրջանառվող լուրերի, երդվել է ամեն գնով հին պաշտոնի նշանակել տալ Արայիկ Առաքելյանին, որը, լինելով կադաստրի երկարամյա աշխատակից, չէր կարողացել հաղթահարել մրցույթի անցողիկ շեմը» նախադասությամբ վիրավորել ենք Արայիկ Առաքելյանի արժանապատվությունը։ Բնականաբար, ինքն իրեն հարգող ոչ մի դատավոր քննարկման թեմա չի դարձնի սա, հատկապես այն դեպքում, երբ վիրավորական ոչ մի արտահայտություն չկա, ու ակնհայտ է, որ վիրավորվածի կեղծ օրակարգ ձևավորելով՝ նախկին պաշտոնյան փորձում է լռեցնել մամուլը։
Քննարկման թեմա չենք դարձնի նաև հայցադիմումի այն կետը, որ Արայիկ Առաքելյանի պաշտոնավարման օրոք աշխատանքի է ընդունվել Կարեն Սարուխանյանի կուսակից մտերմուհիներից մեկը՝ Անժելա Մաթոսյանը։
Ի դեպ, մեր դեմ ներկայացրած հայցում խեղաթյուրել են մեր գրածը՝ նշելով, թե Արայիկ Առաքելյանն է աշխատանքի ընդունել իր բարեկամուհուն, մինչդեռ կոնտեքստից պարզ է, որ խոսքը Կարեն Սարուխանյանի մտերմուհու մասին է։
Մի կողմ թողնելով այն, թե ում բարեկամուհին է աշխատանքի ընդունվողը, արձանագրենք՝ այդ ո՞ր օրվանից է մամուլին արգելված ծանոթ-բարեկամներով աշխատանքի տեղավորելու մասին փաստերը հրապարակայնացնել։
Եթե հրապարակումը չէր համապատասխանում իրականությանը, 168.am-ը ոչնչով մեղավոր չէ, որ նախկին պաշտոնյան մեկ կամ մեկ ու կես ամիս ուշացումով է ընթերցում իր մասին գրված նյութերը (հենց այդպես էլ շարադրել է հայցում) ու չի օգտվում ՀՀ ԶԼՄ-ների մասին օրենքով մեկ ամսվա ընթացքում հերքում կամ պարզաբանում պահանջելու իր իրավունքից, իհարկե, եթե կարողանար հիմնավորել, որ մեր տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը։
Դատարանը նման անմիտ հայցերով ծանրաբեռնելու՝ Արայիկ Առաքելյանի մղումը հասկանալի է. նախկին այս պաշտոնյան շարունակում է պայքարել իր հին պաշտոնի համար, Գյումրիում տարածված խոսակցությունների համաձայն՝ ակտիվորեն ինտրիգներ է հյուսում, կադաստրի Շիրակի մարզային ստորաբաժանումում աշխատող իր բարեկամների միջոցով բողոքներ ու նամակներ է գրել տալիս իր թվացյալ մրցակիցների դեմ։
Իսկ կադաստրի պետական կոմիտեում ոչ միայն ոչինչ չեն անում նրա սարքած խժդժությունները զսպելու, պետական կառույցում նորմալ մթնոլորտ ստեղծելու առումով, մի բան էլ խրախուսում են նման վարքագիծը՝ պետությանը թալանած անձին նորից պետական բարձր պաշտոնի մղելով։
Ի դեպ, 168.am-ի դեմ Արայիկ Առաքելյանի հայցադիմումները քննարկման առարկա են դարձել նաև Տեղեկատվական վեճերի խորհրդում, և այդ կառույցը կարծիք է հրապարակել դրանց առնչությամբ:
«Առաջին հոդվածը վերաբերում է Գյումրի քաղաքի պետական մարմիններում մի շարք պաշտոնների նշանակումներին, որում հեղինակը հնչեցնում է մտահոգություն հնարավոր հովանավորչության և կոռուպցիայի մասին։ Բնականաբար, թեման ներկայացնում է ընդհանուր հետաքրքրություն և ունի հանրային նշանակություն։ Հեղինակը նշել է, որ հայցվորը հանդիսանում է պետական բարձր պաշտոնի հավակնորդ, մինչդեռ նրա «անունը կապվում է կոռուպցիոն սկանդալների հետ», և որ բացի մի քանի քրեական գործերով ներգրավված լինելուց, կոռուպցիոն սկանդալների «կիզակետում» են հայտնվել նաև հայցվորի ընտանիքի անդամները։ Հոդվածագիրը այնուհետև վկայակոչել է այդ հայտարարությունների աղբյուրները, մասնավորապես՝ ՀՀ գլխավոր դատախազության գրությունը, որը ստացվել է ի պատասխան Forrights.am լրատվական կայքի հարցմանը, իսկ այնուհետև շարադրել է քրեական գործից մանրամասներ, որոնք պարունակում են փաստական ու իրավական տվյալներ հայցվորի և նրա ընտանիքի անդամների մասին։ Այսպիսով, չի կարելի պնդել, որ հոդվածագիրը գործել է կամայականորեն՝ առերևույթ վերացական ու հիմնազուրկ հրապարակային հայտարարություններ կատարելով։
Երկրորդ հոդվածն ընդհանուր առմամբ նման բովանդակություն ունի։ Մասնավորապես, հեղինակը գրել է, որ «Կարեն Սարուխանյանի հետ վերջերս մտերմացած Արայիկ Առաքելյանը կոռուպցիոն սկանդալային պատմության մեջ է, ընդ որում՝ ընտանյոք հանդերձ», որ կադաստրում որպես օպերատոր՝ աշխատանքի է տեղավորել իր մտերմուհուն, և որ մամուլում դատախազության կողմից տրամադրված մի փաստաթղթից ակնհայտ է դառնում, որ Արայիկ Առաքելյանն իր կնոջ անունով հողատարածքներ է վարձակալել Աշոցքի տարածաշրջանի գյուղերում և դրանք ենթավարձակալության տվել ու «մեծ փողեր աշխատել», որ այդ ժամանակ, լինելով Աշոցքի կադաստրի պետը ու խախտելով «Գույքի նկատմամբ իրավունքների գրանցման մասին» օրենքը, որով արգելվում է հարազատների անունով գրանցումները, հողատարածքները գրանցել է կնոջ անունով: Վերջում հեղինակը գրել է, որ Արայիկ Առաքելյանի նկատմամբ ՀՀ Քրեական օրենսգրքի 308 հոդվածի հատկանիշներով քրեական գործ էր հարուցվել նաև 2014 թվականին, և որ այդ ժամանակ նրան պաշտոնից հեռացրել էին հենց այդ պատճառով։ Հոդվածագիրը վերը նշվածը հիմնավորելու համար նույնպես վկայակոչել է մամուլի հրապարակումներ, դատախազության տվյալներ, սակայն ակտիվ հղումներ չի կատարել։ Այս հոդվածի առումով նույնպես հնարավոր չէ պնդել, որ հեղինակը վերացական եզրահանգումներ է արել»,- գրված է դիտորդ մարմնի կարծիքի մեջ:
Վերջում Տեղեկատվական վեճերի խորհուրդը եկել է այն եզրահանգման, որ խնդրո առարկա երկու հոդվածներում կան հղումներ մամուլի հրապարակումների, Գլխավոր դատախազության պաշտոնական գրության, ինչպես նաև սեփական աղբյուրների վրա։ Սրանք տեղեկատվական լեգիտիմ աղբյուրներ են, որոնց տարածած տեղեկության բարեխիղճ վերարտադրությունը ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածի 6-րդ մասի հիմքով վիրավորանքի ու զրպարտության հայցերից պաշտպանվելու արդյունավետ միջոց է ԶԼՄ-ների համար:
«Այսպիսով, հաշվի առնելով վերը նշվածը, Խորհուրդը գտնում է, որ հոդվածների հեղինակը լրատվական նյութը պատրաստել ու տարածել է բարեխղճորեն»,- ասված է ՏՎԽ հրապարակած կարծիքի մեջ: