Իմքայլական Կարեն Սարուխանյանը՝ կոռուպցիոն գործով անցնող կադաստրի նախկին պետի «կնքահայ՞ր»

Մինչ երկիրը փոթորկվում է Սյունիքում ծավալված հայտնի իրադարձությունների պատճառով, չեն դադարում անհնազանդության ակցիաները, Շիրակի մարզից ընտրված «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Կարեն Սարուխանյանն այս թոհուբոհի ժամանակահատվածն օգտագործելով՝ սեփական հարցերն է առաջ մղում։ Վերջինս լծվել է ՀՀ Կադաստրի կոմիտեի Շիրակի մարզային ստորաբաժանման նախկին պետ Արայիկ Առաքելյանին հին պաշտոնին վերադարձնելու «շահավետ» գործին, որի մասին խոսում է ամբողջ Գյումրին։

168.am-ն ավելի վաղ գրել էր այն մասին, որ ապրիլի 13-ին աշխատանքից ազատել են ՀՀ կառավարությանն առընթեր Կադաստրի պետական կոմիտեի Շիրակի մարզային ստորաբաժանման ղեկավար, համակարգում 20 տարվա աշխատանքային փորձ ունեցող Անահիտ Արևշատյանին, ու հենց այդ պահից էլ սկսվել են բոլոր հնարավոր ու անհնարին կապերի գործադրումները՝ ոլորտի կառավարումը ձեռք գցելու համար:

ՀՀ Կադաստրի կոմիտեի Շիրակի մարզային ստորաբաժանման պետի պաշտոնի համար այս պահին մրցույթ է հայտարարված, որին, մեր տեղեկություններով, Կարեն Սարուխանյանի բարձր հովանու ներքո մասնակցում է նաև նախկին պետ Արայիկ Առաքելյանը։

Պատգամավորը, ըստ Գյումրիում շրջանառվող տեղեկությունների, երդվել է ամեն գնով հին պաշտոնին նշանակել տալ Արայիկ Առաքելյանին, որը, լինելով կադաստրի երկարամյա աշխատակից, ամռանը չէր կարողացել հաղթահարել մրցույթի անցողիկ շեմը։

Բացի այդ, տարածված խոսակցությունների համաձայն, Կարեն Սարուխանյանն այնպես է ոգևորել Արայիկ Առաքելյանին, որ կադաստրի Շիրակի մարզային ստորաբաժանումում աշխատող նրա բարեկամներն ու ընդունած կադրերը, դեռ մրցույթը չկայացած՝ հաղթանակ են տոնում։

Շահարկում են նաև փոխվարչապետ Տիգրան Ավինյանի անունը, որ նրա միջոցով կլուծեն այս հարցը։

Գուցե այս ամենն այդքան նողկալի չլիներ, եթե ԱԺ պատգամավորը պատեհ ու անպատեհ առիթներով հայտարարություններ չաներ, թե ինքն անձամբ պայքարում է հին կոռուպցիոներների վերադարձի դեմ։

Բանն այն է, որ Կարեն Սարուխանյանի հետ վերջերս մտերմացած Արայիկ Առաքելյանը կոռուպցիոն սկանդալային պատմության մեջ է, ընդ որում՝ ընտանյոք հանդերձ։

Նա տարել, կադաստրում որպես օպերատոր՝ աշխատանքի է տեղավորել մտերմուհուն` Անժելա Մաթոսյանին։ Կրթական ցենզ չունեցող այս մտերմուհուն դարձրել է կառույցի գլխավոր դերակատար` բողոքական տրամադրություններ ստեղծելու ու իրեն լուրեր հասցնելու հարցում:

Մամուլում դատախազության կողմից տրամադրված մի փաստաթուղթ հայտնվեց, որով ակնհայտ է դառնում, որ Արայիկ Առաքելյանը Գյումրիի դպրոցներից մեկում ուսուցչուհի աշխատող իր կնոջ անունով ջրի գնով հողատարածքներ է վարձակալել Աշոցքի տարածաշրջանի գյուղերում, ու ենթավարձակալության տալով՝ մեծ փողեր աշխատել։ Բանն այն է, որ նա այդ ժամանակ եղել է Աշոցքի կադաստրի պետը ու խախտելով «Գույքի նկատմամբ իրավունքների գրանցման մասին» օրենքը, որով արգելվում է հարազատների անունով գրանցումները, իր իսկ ձեռքով հողատարածքները գրանցել է կնոջ անունով: Ի դեպ, հողատարածքները գյուղատնտեսական նշանակության են, իսկ վերջինս ենթավարձակալության է հանձնել կապի օպերատորների, որոնք աշտարակներ են տեղադրել այնտեղ։

Հետաքրքիրն այն է, որ դատախազությունն այս գործի նկատմամբ բացարձակ վերահսկողություն չի իրականացնում, կամ, որ ավելի ճիշտ է՝ աչք է փակում․ Փաստաթղթից դատելով՝ պիտի ֆիքսենք, որ մինչ օրս Արայիկ Առաքելյանի արարքներին իրավական գնահատական տրված չէ, այլ քրգործի կենտրոնում միայն նրա կինն է։

Ընտանիքը, ի դեպ, մինչև օրս շարունակում է ապօրինի փող աշխատել․ պայմանագրերից մեկը դեռ լուծարված չէ։ Որպեսզի փաստերով խոսենք, ներկայացնենք ՀՀ Գլխավոր դատախազության գրությունը քրեական գործի մասին․ «2020 թվականի մայիսի 7-ին ոստիկանության Շիրակի մարզային վարչության Աշոցքի բաժնում ՀՀ ՔՕ 308-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցվել է քրեական գործ` այն դեպքի առթիվ, որ Շիրակի մարզի Ցողամարգ համայնքի ղեկավարի կողմից 2006թ. օգոստոսի 9-ին համայնքային սեփականություն հանդիսացող 1.0 հեկտար անշարժ գույքի վարձակալության պայմանագիր է կնքվել Հ. Ալեքսանյանի հետ՝ տարեկան 2 հազար 40 ՀՀ դրամ գումար արժեքով, որից հետո այդ հողամասի 0.2 հեկտարը 2006թ. օգոստոսի 22-ին նշված վարձակալը ենթավարձակալության պայմանագրով, տարեկան 480.000 ՀՀ դրամով, հանձնել է հեռահաղորդակցության օպերատոր ՓԲ ընկերությանը՝ հեռահաղորդակցության կայան տեղադրելու և շահագործելու համար»:

Ըստ դատախազության տեղեկատվության՝ վարձակալության պայմանագիրը լուծվել է, և ընկերության հետ արդեն Սարապատ խոշորացված համայնքի կողմից կնքվել է վարձակալության նոր պայմանագիր:

Դատախազությունը մյուս քրգործի վերաբերյալ հայտնում է, որ ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության Աշոցքի բաժնի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ` այն դեպքի առթիվ, որ ՀՀ Շիրակի մարզի Մուսայելյան գյուղի նախկին ղեկավարը 2006թ. նոյեմբերի 6-ին Հ. Ալեքսանյանին 25 տարի ժամկետով վարձակալության իրավունքով տրամադրել է 2.75 հա ընդհանուր մակերեսով հողատարածք՝ տարեկան 9 հազար 350 ՀՀ դրամ վարձավճարով: Գյուղապետարանի հետ վարձակալության պայմանագիր կնքելուց 10 օր անց Հ. Ալեքսանյանը նշված տարածքից 200քմ մակերեսով հողատարածքը ենթավարձակալությամբ, 120.000 ՀՀ դրամով հատկացրել է մեկ այլ բջջային օպերատորի:

Այս ենթավարձակալության պայմանագիրը ևս լուծված չէ։

Նշենք, որ Արայիկ Առաքելյանի նկատմամբ ՀՀ Քրեական օրենսգրքի 308-ի հոդվածի հատկանիշներով քրեական գործ էր հարուցվել նաև 2014 թվականին, նրան այդ ժամանակ պաշտոնազրկել էին հենց այդ քրգործի պատճառով։ Նա մեծ խնդիրներ ուներ նաև Գյումրու քաղաքային իշխանությունների հետ, որոնք ասուլիսներ էին հրավիրում իր գործարքների թեմայով։

Ըստ ամենայնի՝ Փաշինյանի թողտվությամբ ու լուռ համաձայնությամբ Շիրակի մարզում կադրային հարցեր լուծող, բայց Ազգային ժողովում կես բառ չխոսող պատգամավոր Կարեն Սարուխանյանը որքան պասիվ է Խորհրդարանում, նույնքան ակտիվ է պաշտոններ դասավորելու հարցում, էլ չենք խոսում այն մասին, որ բազմաթիվ ձերբակալություններ են կապվում նրա անվան հետ։

Փաստորեն, Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք պատգամավորի գործառույթը Հայաստանում մորեղբոր, հորեղբոր տղաներին ու հարսներին, քույրերին ու եղբայրներին, իրեն ցանկալի մարդկանց պաշտոնների նշանակելն է։

Այս պատգամավորը, գյումրեցիների պնդմամբ, երեք տարվա ընթացքում հասցրել է ազգուտակին պաշտոնների նշանակել։

Այսպես՝ միայն Գյումրու Էնրիկո Մատեի անվան պոլիկլինիկայում 7 հոգու է տեղավորել։ Քրոջը, ըստ պոլիկինիկայի աշխատակիցների, տեղավորել է պոլիկլինիկայի արխիվում, հորեղբոր հարսի ու մտերիմներից մեկի համար էլ այդ նույն պոլիկլինիկայում երկու նոր հաստիքներ է իջեցրել։ Հորեղբոր հարսի՝ Արմեն Սարուխանյանի կնոջ համար հատուկ բացված արխիվում վիճակագրի հաստիք է հաջողացրել, մտերիմներից մեկի համար էլ՝ ֆինանսակառավարչական բաժնի պետի հաստիք։

Կարեն Սարուխանյանի ձեռքերը նաև հասել են Արփի լիճ: Մորաքրոջ տղային՝ Հայկ Ստեփանյանին, օպերատիվ խմբի ղեկավար է դասավորել «Արփի Լիճ» ՊՈԱԿ-ում: Շավարշ Արամյանին, որը դարձյալ մտերիմներից է, 2019 թվականից տեղավորել է ՀՀ բնապահպանական ընդերքի տեսչական մարմնում՝ որպես փոխտնօրեն։ Չենք խոսում «Արփի լիճ» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնում իր ընկերոջը՝ Շիրակի մարզպետարանի աուդիտի բաժնի պետ Մուշեղ Մուրադյանին համառորեն տնօրեն կարգելու մասին։ Վերջինս ամենացածր միավորներն էր ստացել, ամենաբարձր միավորներ ստացել էր նախկին տնօրեն Արա Պետրոսյանը, որին, ըստ տեղեկությունների, ձերբակալել տվեցին մրցույթի արդյունքները չբողոքարկելու համար։

Չենք խոսում նաև Գյումրու զբաղվածության պետական գործակալության մի խումբ կանանց ձերբակալության մասին, որը կապվում է պատգամավորի անվան հետ, քանի որ օպտիմալացվող սոցիալական ոլորտում պատգամավորը հավակնում էր պաշտոնի նշանակել տալ իր հորեղբոր որդուն՝ Արմեն Սարուխանյանին, որին մինչ այդ հաջողացրել էր Գյումրու ծերանոցից հանել ու նշանակել տալ «Գյումրի 1» սոցիալական ծառայության պետ։

Գյումրու թիվ 25 դպրոցի պատմությունն էլ բոլորին է քաջ հայտնի, երբ բողոքի դուրս եկած ուսուցիչներին ու ծնողներին ԱԱԾ-ով ահաբեկելով՝ տնօրեն կարգեցին, բողոքավորների բառերով ասած՝ «Սարուխանյանի դրածոյին»։ Իսկ «Սարուխանյանի դրածոն» Շիրակի մարզպետարանի իրավաբան Գեղամ Բաղդասարյանի քույրն է՝ Իրինան:

Ըստ մարզպետարանի աշխատակիցների, Գեղամ Բաղդասարյանը բավականաչափ օգնում է Սարուխանյանին գործեր «սարքելու» մեջ։

Գյումրին փոքր քաղաք է, այստեղ ոչինչ գաղտնի չի մնում, բոլորը բոլորի մասին գրեթե ամեն ինչ գիտեն, ու դեռ այսքանից հետո սեփական թիմակիցների գործելակերպն անտեսելով՝ Նիկոլ Փաշինյանը շարունակում է հների ու նորերի դիսկուրսը՝ իր օրեցօր փոշիացող ընտրազանգվածին շարունակելով պահել իրենց սիրած թրենդի մեջ:

Տեսանյութեր

Լրահոս