«Պետական ծրագիր է պետք, որպեսզի ջրատար կառուցվի Սարսանգից, միակ տարբերակը սա է, երկարատև կտրվածքով այլ տարբերակ չենք ունենալու». Դավիթ Բաբայան
Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտի քաղաքապետարանն օրերս պաշտոնական հայտարարություն տարածեց Ստեփանակերտում ջրի խնդրի վերաբերյալ՝ նշելով, որ Արցախի մայրաքաղաքում շարունակում է հրատապ մնալ ջրամատակարարման խնդիրը։
««Ջրմուղ-կոյուղի» ընկերությունն իր ողջ մարդկային ու տեխնիկական ներուժով լծված է խնդրի կարգավորման գործին, բայց դա բավարար չէ: Ջրի պաշարները սուղ են, մինչդեռ մեր այն քաղաքացիները, ովքեր բնակվում են ցածրադիր գոտիներում, և ում հասանելի է խմելու ջուրը, անխնա և հաճախ ոչ նպատակային օգտագործում են այն: Խնդրում ենք, հնարավորինս խնայողաբար օգտագործեք ջուրը, հիշեք՝ հազարավոր մեր համաքաղաքացիներ զրկված են կենսատու հեղուկից…
Եվս մեկ անգամ հայցում ենք բոլորիդ ներողամտությունը»,- ասված էր հայտարարությունում:
Տարբեր փորձագետներ հայտարարում են, որ Ստեփանակերտին ջուր մատակարարող կայանը Արցախի 44-օրյա պատերազմից հետո հայտնվել է չեզոք գոտում, որի արդյունքում էլ քաղաքը զրկվել է ջրից։
168.am-ի հետ զրույցում Արցախի արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայան անդրադառնալով այս խնդրին՝ նկատեց՝ Արցախում, մայրաքաղաք Ստեփանակերտում ջրի հիմնախնդիրն ունի բնակլիմայական և, բնական է, աշխարհաքաղաքական պատճառներ։
«Բնակլիմայական առումով սա աննախադեպ երաշտ է, նման բան, մի քիչ ավելի մեղմ տարբերակն Արցախում եղել է 2007-2008 թվականներին։ Պատճառն այն է, որի մասին բազմիցս խոսել եմ իմ վերլուծություններում ու հետազոտություններում՝ կենտրոնական Արցախի այս հատվածը՝ Ստեփանակերտը, շրջակա տարածքներն ըստ էության սակավաջուր են։ Մեծ աշխատանքի շնորհիվ, երևի ամենամեծ սոցիալ-տնտեսական ծրագրի, ամենամեծ ձեռքբերումներից եղել է այն, որ, ի վերջո, հաջողվել է Ստեփանակերտն ապահովել 24-ժամյա ջրով։ Այդ ծրագիրը մեկնարկել է 2007 թվականին և մի քանի տարի հետո հաջողություն ունեցել։ Այդուհանդերձ հաջողվել է այդ ամենն ապահովել նորմալ պայմաններում, երբ չի եղել երաշտ»,- նշեց Դավիթ Բաբայանը։
Ըստ նրա, խնդիրը հնարավոր է լուծել միայն ջուրը ջրատարով տեղափոխելու պարագայում, որի համար նախկինում կար երկու տարբերակ, իսկ այսօր մնացել է միայն մեկը՝ Թարթառ գետից՝ Սարսանգից։ Եվ որպեսզի հնարավոր լինի ներկայիս Ստեփանակերտը՝ 50-60 հազար բնակչությամբ, ապահովել ջրով, կօգտագործվի Սարսանգի ջրային պաշարի միայն 6-7 տոկոսը։
«Երկրորդ տարբերակը եղել է Քաշաթաղի շրջանի Ակերա գետից, այդ ծրագիրը մշակել էին մի շարք հետազոտողներ դեռևս 1960-ականներին, ունեին այդ հաշվարկները, որ այդ ջուրը կարելի է բերել ինքնահոսի։ Այժմ մենք այդ ամենից զրկվել ենք, որովհետև պատերազմից հետո ամենամեծ հարվածներից մեկը ստացել է մեր ջրային անվտանգությունը։ Հետևաբար, որպեսզի նման երևույթներ չլինեն, հատկապես երաշտների պարագայում, իսկ դրանք կարող են կրկնվել, բացի դրանից, վերջին 30 տարում Արցախում, մասնավորապես՝ կենտրոնական մասում, օդի ջերմաստիճանն ավելացել է 1,5 աստիճանով, պետք է կյանքի կոչենք ջրատարով ջուրը տեղափոխելը։ Սա է պատճառը, որ կտրուկ նվազել է գետերի հոսքը»,- հավելեց Դ. Բաբայանը։
Միաժամանակ նա նկատեց, որ խնդիրը համապարփակ մոտեցում է պահանջում, պետք է ծրագիր մշակել, որպեսզի ջուրը տեղափոխվի և մայրաքաղաքն ապահովի ջրով։
«Այդ պահին պատկան մարմիններն անում են հնարավորը, ինչ կարողանում են, բայց բնական է, սա հարցի երկարատև լուծում չէ, իրենք ի վիճակի չեն դա անել, քանի որ ենթակառուցվածքներն ու բնակլիմայական պայմաններն այսպիսին են։ Այդ ենթակառուցվածքներով ու բնակլիմայական պայմաններով բնական է, որ հրաշքի սպասել պետք չէ, սակայն պատկան մարմիներն անում են հնարավորը, և՛ քաղաքապետարանը, և՛ ջրային տնտեսությունները, բոլորը, որոնք կարողանում են։ Մեզ պետական ծրագիր է պետք, գուցե համայն հայության մասնակցությամբ, որպեսզի ջրատար կառուցվի Սարսանգից, միակ տարբերակը սա է, երկարատև կտրվածքով այլ տարբերակ չենք ունենալու։ Բացի դրանից, ջրային պաշարների պահպանումը պահանջում է նաև անտառների պաշտպանություն, բնակչությունը պետք է հասկանա՝ ինչ նշանակություն ունի էկոլոգիան։ Մենք պետք է սկսենք, այլ տարբերակ չունենք»,- եզրափակեց Դավիթ Բաբայանը։