
Փաշինյանը փորձում է Վարդավառից կաթիլ առ կաթիլ ստանալ տնտեսական պատկերի էֆեկտ․ Հակոբ Բադալյան

Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը տելեգրամի իր ալիքում գրում է․
«Նիկոլ Փաշինյանը Վարդավառից փորձում է կաթիլ առ կաթիլ ստանալ տնտեսական վերելքի տպավորություն: Ընդ որում, ակնառու է, որ այդ փորձը միտված է ոչ թե մասնագիտական շրջանակի, այլ՝ լյումպեն հանրությանը, հավատավոր երկրպագուներին, որոնք Փաշինյանի ամեն խոսք ընկալում են իբրեւ անվերապահ ճշմարտություն:
Զոււտ մասնագիտական իմաստով, Վարդավառի առիթով Նիկոլ Փաշինյանի բերած տնտեսական արդյունավետության ցուցիչները պարզապես չեն կարող դիմանալ որևէ լուրջ քննության: Ավելին, դրանք մասնագիտական քննության ենթարկելն իսկ լուրջ չէ:
Փոխարենը, մասնագիտական լուրջ քննարկման առիթ ունի կիսամյակային տնտեսական հիմնական ցուցանիշների վերաբերյալ հենց պետական վիճակագրության հրապարակած պատկերը: Ես արդեն անդրադարձել եմ, որ այստեղ կա առնվազն երկու էական ցուցանիշի անկում՝ արդյունաբերություն եւ արտահանում: Սրանք տնտեսական միտումների, տնտեսական օրգաննիզմի առողջության ու կենսունակության այսպես ասած բազային, ֆունդամենտալ ինդիկատորներ են:
Եվ այն, որ վարչապետ Փաշինյանը փորձում է Վարդավառից կաթիլ առ կաթիլ ստանալ տնտեսական պատկերի փայլատակման էֆեկտ, պայմանավորված է հենց նրանով, որ իրական տնտեսությունից այդպիսի էֆեկտ ստանալը գործնականում դառնում է անհնարին:
Ես արդեն իսկ նշել եմ, որ Փաշինյանի այցը Ալթայ՝ Միշուստինի հանդիպման իրական նպատակով, խոսում է հենց այն մասին, որ նախընտրական փուլում կան տնտեսական մտահոգիչ իրողություններ, որոնք շտկելու ակնկալիքով է Փաշինյանը մեկնել Ալթայ՝ բնապահպանական համաժողովի ֆորմալ առիթով»: