Պատանդնե՞ր են Բաքվում գտնվող մեր տղաները, թե՞ ոչ. ինչո՞ւ են անգործություն դրսևորում պետական իրավասու մարմինները
Հունիսի 24-ին ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հրապարակել էր Ադրբեջանի նախագահի և Թուրքիայի առաջին տիկնոջ միջև խոսակցության անհերքելի տեսանյութ-ապացույցն այն մասին, որ Ադրբեջանում պահվող մեր ռազմագերիներն այդ երկրում պահվում են՝ որպես պատանդներ:
Տեսանյութն ապացույց էր առ այն, որ հայկական կողմի բոլոր գերիներն Ադրբեջանում պահվում են պատանդի վիճակում` քաղաքական սակարկությունների ու առևտրի համար: Հետևաբար՝ գերիների նկատմամբ բոլոր դատավարությունները կեղծ են, իսկ կալանավորումները` արգելված պատիժ:
Հուլիսի 1-ին 168.am-ի հետ զրույցում միջազգային իրավունքի մասնագետ Լևոն Գևորգյանը, անդրադառնալով Արման Թաթոյանի հրապարակած տեսանյութին, ասել էր, որ ողջ միջազգային հանրությունը տեղյակ է, որ վերջին 15 գերիների վերադարձը կատարվել է ականապատ տարածքների քարտեզների փոխարեն:
Լևոն Գևորգյանը նշել էր՝ պատանդառության վերաբերյալ գոյություն ունի միջազգային կոնվենցիա, որը նախատեսում է նաև չլուծված վեճերը ՄԱԿ-ի միջազգային դատարան տանելու հնարավորություն: Այդ կոնվենցիան նախատեսում է դատել կամ հանձնել բոլոր այն մարդկանց, ովքեր ներգրավված են եղել պատանդառության հանցակազմի մեջ:
«Տարրական մեխանիզմը, որն այս պահին պետք է գործադրվի, հետևյալն է՝ գլխավոր դատախազության և քննչական մարմիների կողմից պետք է քրեական գործ հարուցվի, կատարվի իդենտիֆիկացում, և եթե դա դժվար է անել, այս պահին գոնե 2 անձ ակնհայտ են: Արդեն երկու շաբաթ է, որ կա ապացուցողական անհրաժեշտ բազա, որ Ադրբեջանի և Թուրքիայի բարձրագույն պաշտոնատար անձինք ներգրավված են պատանդառության քաղաքականության մեջ: Դրանից հետո իրականացվում է ծանուցում համապատասխան երկրներին, որ համապատասխան անձինք հանդիսանում են հանցագործներ կոնկրետ կոնվենցիայի շրջանակներում, ու դիմում է ներկայացվում Ադրբեջանին՝ պահանջելով իրականացնել կոնկրետ քրեական հետապնդում ու դադարեցնել պատանդառության պրակտիկան»,- ասել էր Լևոն Գևորգյանը՝ հավելելով, որ սրա չիրականացման դեպքում գործի են դրվում կոնվենցիոն մյուս գործիքակազմերը՝ արբիտրաժի ձևավորում և միջազգային դատարանում խնդրի ներկայացում:
Վերոգրյալը հաշվի առնելով՝ 168.am-ը դիմել էր գլխավոր դատախազություն՝ իրավապահ այդ կառույցին հասցեագրելով հետևյալ հարցերը՝
1. ՀՀ գլխավոր դատախազությունում հարուցվա՞ծ է արդյոք քրեական գործ պատանդառության հանցակազմով, այդ թվում՝ նաև միջազգային իրավունքի մոտեցումները հաշվի առնելով:
2. Նույնականացվա՞ծ են արդյոք պատանդառության քաղաքականության մեջ ներգրավված բոլոր անձինք:
3. Ադրբեջանի և Թուրքիայի ռազմաքաղաքական ղեկավարության ո՞ր ներկայացուցիչների մասով է քրեական հետապնդում նախաձեռնված պատանդառության հանցակազմով:
Ինչպես և ակնկալում էինք, գլխավոր դատախազությունից մենք բովանդակային պատասխան չստացանք, ինչը բնական էր, քանի որ առհասարակ «Ադրբեջան» արմատով բառ պարունակող որևէ հարցի գլխավոր դատախազությունը ըստ էության չի պատասխանում:
Ավելին, մեզ ասել էին, որ Ադրբեջանի Հանրապետության նախագահի և Թուրքիայի Հանրապետության առաջին տիկնոջ միջև տեղի ունեցած խոսակցության վերաբերյալ հունիսի 16-ին հրապարակված տեսանյութը դեռևս 2021թ. հունիսի 24-ին ՀՀ գլխավոր դատախազությունից ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեի հատուկ հանձնարարությունների, կազմակերպական-վերլուծական և քրեագիտական գլխավոր վարչության քրեագիտական վարչություն՝ դրանում նշվող հանգամանքների ուղղությամբ Ադրբեջանի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության կողմից Արցախի Հանրապետության դեմ ագրեսիվ պատերազմ սանձազերծելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում քննություն իրականացնելու համար:
«Ելնելով նախաքննության շահերից՝ այս պահին հավելյալ տեղեկատվություն չի կարող տրամադրվել»,- տառացիորեն այսքանն էր գրված դատախազությունից մեզ ուղարկված պատասխանի մեջ:
Հասկանալով, անշուշտ, որ դատախազությունը, մեղմ ասած, «ցրում է» ու հարցը տեղափոխում է Քննչական կոմիտեի (ՔԿ) դաշտ, որովհետև եթե արդեն հարուցված գործը պատանդառության հոդվածով լրացվեր, կամ նոր գործ հարուցվեր այդ հանցակազմով, դատախազությունն առաջինը կիմանար այդ մասին ու մեծ հաճույքով էլ մեզ կտեղեկացներ, այնուամենայնիվ, մեր հարցերը վերահասցեագրեցինք նաև ՔԿ-ին:
Քննչական կոմիտեից էլ մեզ պատասխանել են, որ ՀՀ քննչական կոմիտեի քրեագիտական վարչությունում շարունակվում է Ադրբեջանի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության կողմից 2020 թվականի սեպտեմբերի 27-ից Արցախի Հանրապետության դեմ ագրեսիվ պատերազմ սանձազերծելու և վարելու, ռազմական գործողությունների ընթացքում նախապես հավաքագրված վարձկաններ օգտագործելու, պատերազմ վարելու արգելված մեթոդներ և միջոցներ կիրառելու, քաղաքացիական բնակիչներին զինծառայողներից չտարբերակելու և Արցախի Հանրապետության խաղաղ բնակավայրերի քաղաքացիական բնակչությանը համակարգված, կանխամտածված և նպատակաուղղված գրոհների թիրախ դարձնելու, մասնավորապես՝ խորը թիկունքում գտնվող քաղաքացիական բնակչությանը և քաղաքացիական օբյեկտները ոչ ընտրովի հարձակման օբյեկտներ դարձնելու և հրետակոծելու, միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի լուրջ խախտումներ համարվող արարքներ կատարելու, ազգային, ռասայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով երկու կամ ավելի անձանց ապօրինաբար դիտավորության կյանքից զրկելու, ուրիշի առանձնապես խոշոր չափերով գույքը դիտավորությամբ ոչնչացնելու կամ վնասելու փաստերի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 217-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի, 2171-րդ հոդվածի 2-րդ մասի, 226-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի, 384-րդ հոդվածի 2-րդ մասի, 389-րդ հոդվածի, 390-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերի, 390-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 6-րդ կետերի, 390-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերի, 390-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին և 4-րդ կետերի, 391-րդ հոդվածի 3-րդ մասի, 395-րդ հոդվածի 1-ին մասի և 3971-րդ հոդվածի 1-ին մասի, 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 6-րդ, 7-րդ, 13-րդ կետերի, 185-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի, 356-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով հարուցված թիվ 69108320 քրեական գործի նախաքննությունը:
Ապա հիշեցրել էին, որ «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը սահմանում է, որ տեղեկատվություն տնօրինողը մերժում է տեղեկության տրամադրումը, եթե դա պարունակում է հրապարակման ոչ ենթակա նախնական քննության տվյալներ:
«Ինչ վերաբերվում է գրության մեջ առկա Ձեր կողմից պահանջվող մյուս հարցումներին, ապա պահանջվող տեղեկությունները իրենց մեջ պարունակում են հրապարակման ոչ ենթակա նախնական քննության տվյալներ, ուստի՝ հիմք ընդունելով վերոգրյալը և ղեկավարվելով «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով՝ հայտնում եմ, որ պահանջվող տեղեկատվությունը համարվում է նախաքննության գաղտնիք և չի կարող տրամադրվել Ձեզ»,- պատասխանել էին մեզ Քննչական կոմիտեից:
Հարկ է նկատել, որ Ադրբեջանի կողմից կատարված ու Քննչական կոմիտեի կողմից մեզ որպես պատասխան ուղարկված ռազմական հանցագործությունների թվում մենք չգտանք «պատանդառություն» հանցակազմը, ինչին ըստ էության վերաբերում էր մեր հարցումը:
Ու, բնականաբար, հղում կատարելով նախաքննական գաղտնիքին, մեզ այդպես էլ առարկայական որևէ տեղեկատվություն ՔԿ-ն չէր տրամադրել, ինչը ևս մեկ անգամ վկայում է Ադրբեջանի կատարած ռազմական հանցագործությունների վերաբերյալ տեղեկատվության արգելափակման պետական քաղաքականության մասին:
Իսկ մենք ընդամենը հարցրել էինք՝ ի՞նչ իրավական գործիքակազմ է կիրառվում գերության մեջ գտնվող մեր տղաներին որպես պատանդ պահելու՝ ադրբեջանական կողմի գործողություններին գնահատական տալու հարցով:
Տեսանյութը կա, ապացույցներն առկա են, բայց պատանդառության հանցակազմով հայկական կողմը քրեական գործ չի հարուցում, ինչո՞ւ… դժվար չէ հասկանալը:
Իսկ այն, որ հարուցված կամ լրացված քրեական գործ չկա, արդեն ակնհայտ է: Հակառակ դեպքում մեր իրավասու պետական մարմիններից ընդամենը մեկ հարցի պատասխան է ակնկալվում՝ Ադրբեջանում գտնվող մեր տղաները պատանդնե՞ր են, թե՞ ոչ…