«Մենք մեր ստրատեգիան ունենք, գիտենք՝ ով որտեղ ու ինչ գործողությունների մեջ պետք է ակտիվ լինի». Դավիթ Սեդրակյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Դավիթ Սեդրակյանի խոսքով՝ իրեն խորհրդարան է բերել պատերազմը, պատերազմի հետևանքները, երիտասարդների կորուստը:
«Այդ ամենից հետո որոշեցի գալ խորհրդարան: Ունեմ նախընտրած հանձնաժողով, որում կցանկանայի ընդգրկվել, սակայն պետք է քննարկեմ գործընկերներիս ու ղեկավարի հետ, նախընտրությունը Տարածքային կառավարման և բնապահպանության հանձնաժողովում ընդգրկվելն է»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Դավիթ Սեդրակյանը՝ անդրադառնալով հարցին, թե ի՞նչն է իրեն բերել խորհրդարան:
Ինչ վերաբերում է նրան, որ այս ընթացքում իր ակտիվությամբ աչքի չի ընկել, Դավիթ Սեդրակյանը նկատեց՝ պարտադիր չէ, որ բոլորն իրենց հարցերով ու ելույթներով աչքի ընկեն ԱԺ նիստերի դահլիճում:
«Եթե ես ակտիվ խորհրդարանական չլինեի, ապա այս հարցազրույցը չէր լինի: Մենք խմբակցության ներսում ամեն ինչ քննարկում ենք: Ինչ վերաբերում է Իշխան Սաղաթելյանին ԱԺ փոխնախագահ ընտրելու ժամանակ իմ բացակայությանը, ապա դրա մասին ինքս տեղյակ եմ պահել խմբակցության ղեկավարին, ես երկրից դուրս եմ գնացել, դրա պատճառների մասին տեղյակ եմ պահել: Մենք մեր ստրատեգիան ունենք և գիտենք՝ ով որտեղ ու ինչ գործողությունների մեջ պետք է ակտիվ լինի»,- հավելեց «Հայաստան» դաշինքի պատգամավորը:
Անդրադառնալով հոր՝ նախկին պատգամավոր Մհեր Սեդրակյանի դեմ հարուցված քրեական գործին, Դավիթ Սեդրակյանը նախ տեղեկացրեց, որ անձամբ իր անունը այդ քրեական գործում չկա, դրա վերաբերյալ հայտարարություն տարածել է:
«Այժմ այդ քրեական գործը դատարանում է, սպասենք, վճիռը կլինի և ամեն ինչ բոլորին պարզ կլինի: Շատ գործերով մեղադրանքներ են առաջադրվել, որոնց մի մասն արդեն գտնվում է դատարանում, մյուս մասը՝ քննության փուլում: Կարծում եմ՝ մեկ-երկու տարի անց բոլոր հարցերի պատասխանները դատարաններից կամ քննչական մարմիններից կստանանք»,- շեշտեց նա:
Պատգամավորը լրագրողների հարցին ի պատասխան՝ անդրադարձավ նաև նախկինում հոր և լրագրողների միջև տեղի ունեցած վեճերին, որոնցից մեկի ժամանակ Մհեր Սեդրակյանն ապտակել էր լրագրողին: Դավիթ Սեդրակյանն այսպես մեկնաբանեց՝ եթե լրագրողները մոտենան երևանցիների կեսին և նյարդայնացնեն, կարող է նման միջադեպեր լինի այդ տարիքի մարդկանց հետ:
«Այդ ընթացքում լրագրողների հետ երկու դեպք է եղել, երկու օր հետո հարաբերությունները հարթվել են: Կարծում եմ՝ այսօր ԱԺ-ում լրագրողների տեղաշարժի հետ կապված սահմանափակումներ չպետք է լինի, ամեն ինչ պետք է լիներ այնպես, ինչպես նախկինում»,- եզրափակեց Դավիթ Սեդրակյանը:
Մանրամասները՝ 168 am-ի տեսանյութում