Այս օրերին նկատում եմ, որ ինքնաքննադատության որևիցե մի պահ չկա, մեղքի զգացումն ընդհանրապես բացակայում է որոշ մարդկանց մոտ. Սեյրան Օհանյան

«Հայաստան» խմբակցության ղեկավար, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանն Ազգային ժողովի նիստում նշեց, որ ակնհայտ է՝ տարածաշրջանում և Հայաստանի, Արցախի շուրջ ստեղծված բարդ ռազմաքաղաքական իրավիճակը, ու պետք է այս տեսանկյունից քննարկել, համապատասխան գնահատականներ տալ Պաշտպանության և անվտանգության հարցերով հանձնաժողովի կատարած աշխատանքին:

«Մենք պետք է ասենք՝ ոչ թե պատերազմը չօգնեց, կամ պատերազմը խանգարեց, որպեսզի հանձնաժողովը լիարժեք աշխատի, այլ ընդհակառակը՝ հանձնաժողովի կատարած աշխատանքի արդյունավետության գնահատականը հենց պատերազմական իրավիճակում արագ աշխատելու և նաև՝ համապատասխան վերահսկողություն իրականացնելու շրջանակներում պետք է տեսնենք:

Եվ քանի որ այս պատերազմի բացասական կողմերից մեկը այն մեծ խառնաշփոթն էր, որ ստեղծվել էր ՀՀ-ում, այդ քաոսը, օրինականության բացակայությունը, նաև մարտական գործողությունների դաշտից մեր զինծառայողների հետնահանջը, այս տեսանկյունից այս հանձնաժողովը պետք է համապատասխան համագործակցություն իրականացնի Պետաիրավական հանձնաժողովի հետ՝ հատկապես քննիչների կատարած աշխատանքի՝ ոչ միայն հիմա, այլև անմիջապես պատերազմի ժամանակ՝ արագ միջոցառումներ ձեռնարկելու տեսանկյունից»:

Սեյրան Օհանյանը կարևորեց արմատական ընդդիմության դերը խորհրդարանում՝ նկատելով. «Եվս մեկ անգամ ես համոզվում եմ, որ արմատական ընդդիմությունը և կոշտ արձագանքներն անհրաժեշտություն են, որովհետև այս օրերի ընթացքում ես նկատում եմ, որ ինքնաքննադատության որևիցե մի պահ, մի կետ չկա, մեղքի զգացումը ընդհանրապես բացակայում է որոշ մարդկանց, մոտ, իսկ այս ամբիոնի մոտ պահվածքը, ընդհատելը, ժամանակավրեպ հակադարձելը խոսում է այն մասին, որ նաև քննարկումների մշակույթի բացակայություն գոյություն ունի:

Այս օրերին մենք լսում ենք հետևյալ գնահատականի մասին՝ փայլուն կատարեցին իրենց գործը (օրինակ, համավարակի վերաբերյալ), հանձնաժողովը պատվով կատարեց իր առջև դրված խնդիրները, ծանր աշխաանք է իրականացվել: Նախ ուզում եմ ասել, որ գնահատականների մեջ «փայլուն» գնահատական գոյություն չունի. գոյություն ունի անբավարար, բավարար, լավ և գերազանց, բայց քանի որ մեր պետությունը երիտասարդ պետություն է, երբևիցե իմ աշխատանքը չեմ գնահատել լավ: Այսինքն՝ մենք պետք է մտնենք ոչ բավարարի, անբավարարի շրջանակներ:

Արդյո՞ք փայլուն էր ձեր կատարած աշխատանքը և արդյո՞ք փայլուն էր այն, որ երկարատև պատմություն ունեցող բանակցային ամբողջ ռեսուրսը մսխվեց, և Ադրբեջանը մարտական գործողություններ ծավալեց, արդյո՞ք փայլուն էր, որ մենք իջեցրեցինք մեր հարաբերությունները մեր ռազմավարական գործընկերների հետ, որ պատերազմի ժամանակ պետական կառավարման ամբողջ համակարգը իր դերակատարությունը՝ թե՛ Կառավարությունը ռազմական ռելսերի վրա փոխադրելու, թե՛ Ազգային ժողովը վերահսկելու, և թե՛ ամենակարևորը՝ Անվտանգության խորհուրդը ճիշտ ռազմաքաղաքական եզրակացություններ իրականացնելու համար: Իհարկե, փայլուն չէր. մենք դրանից հետո միայն կարող ենք ասել, որ փայլուն կերպով մեր այդ դիրքերը, ռազմավարական համապատասխան կետերը փայլեցրեցինք և տվեցինք ադրբեջանցիներին:

Այո, մենք ասում ենք, որ պատասխանատվություն պետք է կրի այսօրվա իշխանությունը, գոնե մեկ արտահայտությամբ՝ դրա մասին կարելի է խոսել, այո, մենք էլ ենք ասում, որ մեր պատասխանատվությունից բացի, նաև Ադրբեջանն է պատասխանատու (դուք անընդհատ կրկնում եք՝ Ադրբեջանն է), մենք էլ ենք ասում՝ ինչո՞ւ Ադրբեջանին չսաստեցինք, ինչու Ադրբեջանը՝ որպես սադրանք իրականացնող պետություն, այսօր էլ միջազգային հարթակներում համապատասխան գնահատականի չի արժանանում, ինչո՞ւ խոշտանգումներ կատարած, պատերազմի օրենքները խախտած այդ պետությունն այսօր չի արժանանում միջազգային հարթակում և նաև մեր բոլոր միջազգային գործընկերների համապատասխան գնահատականին»:

Պաշտպանության նախկին նախարարն անդրադարձավ նաև զինվորական համազգեստի կրման շուրջ ստեղծված քաոսին. «Մեր գերագույն հրամանատարը մեր զինվորի համազգեստը չի հագել պատերազմի ժամանակ, և այս ամբողջ խառնաշփոթը համազգեստ կրելու հետ կապված՝ ձեր գործընկերներն են խեղաթյուրել և այդ մեծ քաոսը ստեղծել մեր պետության մեջ:

Այնպես որ, այս գնահատականները տալու փոխարեն, մենք զբաղվում ենք ինքնագովազդով, մեծամտությամբ, և կարծում եմ՝ հենց այս տեսանկյունից պետք է գնահատական տայինք այս հանձնաժողովի աշխատանքներին»:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս