Հայհոյանքը քրեականացնելը հեռահար նպատակ ունի. «թուրքի շուն» ասողին բան չէին կարողանում անել, հիմա արդեն կանեն. Վարազդատ Հարությունյան
7-րդ գումարման Ազգային ժողովի գործունեության վերջին օրը՝ հուլիսի 30-ին, «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների նախաձեռնությամբ հրավիրվեց արտահերթ նիստ, որի օրակարգում էր հայհոյանքը քրեականացնելու վերաբերյալ օրենսդրական նախաձեռնությունը։
«Իմ քայլը» խմբակցության 10 պատգամավորի նախաձեռնությամբ փոփոխություն կատարվեց ՀՀ քրեական դատավարության մասին օրենքում, և այսուհետ անձին հրապարակավ վիրավորելու և զրպարտելու արարքները կքրեականացվեն։
Ըստ օրենքի՝ անձին ծանր վիրավորանք հասցնելը՝ հայհոյելը կամ նրա արժանապատվությունն այլ ծայրահեղ անպարկեշտ եղանակով վիրավորելը, պատժվելու է տուգանքով` նվազագույն աշխատավարձի 100-ապատիկից 500-ապատիկի չափով, եթե դա կատարվել է տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով և կատարվել է անձի հանրային գործունեությամբ պայմանավորված, ապա այդ արարքը կպատժվի տուգանքով` նվազագույն աշխատավարձի 500-ապատիկից 1000-ապատիկի չափով, իսկ եթե դա պարբերական բնույթ է կրում, ապա այդ արարքի համար անձը կպատժվի տուգանքով` 1000-ապատիկից 3000-ապատիկի չափով կամ կալանքով՝ 1-3 ամիս ժամկետով:
168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում իրավաբան, «Ազգային օրակարգ» կուսակցության խորհրդի անդամ Վարազդատ Հարությունյանն «Իմ քայլը» խմբակցության հեղինակած օրենսդրական փոփոխությունները պայմանավորեց Հայաստանին սպասվող սուր և ցավոտ գործընթացներով։
«Այսպիսի կուրիոզ օրինագծերն ունեն հեռահար նպատակներ. ենթադրաբար՝ իշխանությունը կայացնելու է հայհոյանքի արժանի նոր որոշումներ, ուստի նախապատրաստական աշխատանքներ են իրականացնում։ Եթե նրանց հայհոյում են՝ պարբերաբար ու տեղին, իրենք օրենք են ընդունում դրա դեմ։ Ուշագրավ է, որ ժամանակին ՀՀ-ում հայհոյանքը ապաքրեականացվեց հենց միջազգային կառույցների ճնշման արդյունքում, որովհետև գնահատողական չափազանց մեծ դիապազոն ունեցող հանցակազմ էր դա, և այս կամ այն ձևակերպումը որպես հանցակազմ որակելն առավել շատ կախված էր դատարանի և քրեական հետապնդում իրականացնող մարմինների անձնական դիրքորոշումից։
Հիմա իշխանությունը նորից գնում է քրեականացնելու ճանապարհով։ Իրենց բերած օրենքում մի կողմ էլ կա, որը խիստ վիճելի է. նշել են անձի արժանապատվությունը նսեմացնելու հանգամանքի մասին, ինչը գնահատելը շատ ավելի դժվար է լինելու։ Արժանապատվությունը նսեմացվե՞լ է, թե՞ ոչ՝ սա օբյեկտիվ չափանիշների մասով դժվար է լինելու որոշելը, և այստեղ ամբողջությամբ գործ ունենք գնահատողական դիրքորոշման հետ։ Այս դրույթը դառնալու է իշխանության ձեռքին գործիք՝ ընդդիմախոսներին լռեցնելու և քրեական գործեր կարելու համար։ Եթե նախկինում «թուրքի շուն» ասողին ոչինչ չէին կարողանում անել, այս օրենքով կկարողանան, թեև անհնար է հասկանալ, թե ո՞րն է այստեղ հանցակազմը»,- ասաց Վարազդատ Հարությունյանը։
Ըստ նրա՝ իշխանությունն ընդունել է չափանիշներով լղոզված և ապացուցողական բազա չունեցող օրենք՝ հրատապ կարգով, որովհետև Հայաստանին սպասվում են նոր բանակցություններ, պարտադրվելու են մեր շահերից չբխող սահմանների սահմանագծում և սահմանազատում, խաղաղության պայմանագիր, որով մեզ կպարտադրեն մոռանալ Արցախի ու մեր կորուսյալ հայրենիքի մասին։
«Իսկ այդ ամենն առնվազն հայհոյանքի առիթ է դառնալու։ Հիշում ենք, թե Փաշինյանին ինչպես դիմավորեցին Սյունիքում. դա դարձավ այս իշխանության համար նախադեպ, հիմա էլ չեն կարողանում Սյունիքի համայնքապետերի վրա հանցակազմ պարունակող տարրեր գտնել, դրա համար էլ այս օրենքը հրատապ ռեժիմով անցկացնում են, որ իրենց համար հետո հեշտ լինի, կարևորը՝ լինի հանցակազմը, որ գործերը կարեն։
Իշխանության համար էական չէ՝ արդյունքում անձը կդատապարտվի՞, թե՞ ոչ, նրանց համար կարևոր է, որ քրեական պատասխանատվության գործընթաց սկսվի, կաշկանդեն անձին, ընտրեն խափանման միջոց, անհիմն գործերով կալանքի միջնորդություններ ներկայացնեն, անպատեհ առիթներով հրավիրեն հարցաքննությունների, կասեցնեն լիազորություններ և այլն։ Այս օրենքով բոլոր ընդդիմախոսների նկատմամբ ստեղծելու են Կաֆկայի «Դատավարությունը» վեպի կրկնությունը, երբ մարդը մտնում է դատավարության մեջ ու այդպես էլ չի հասկանում, թե ինչի՞ համար։ Միևնույն ժամանակ, պետք է շեշտել, որ սա այնքան էժանագին գործողություն է, որ անգամ պողպատե մանդատի կիրառում այն չես կարող համարել»:
Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում