Ռազմական տեսանկյունից մեզ չեն թողնի հարցը լուծել, իսկ ադրբեջանական ծրագիրն ավելի խոշորամասշտաբ է. պահեստազորի փոխգնդապետ

Հուլիսի 29-ի Կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ Ադրբեջանի կողմից տարածաշրջանում կոմունիկացիաների ապաշրջափակմանը խոչընդոտող գործողություններին, ինչպես նաև՝ Հայաստանի սահմաններին իրականացվող հարձակումներին, և ընդգծեց.

«Առկա իրավիճակը հաշվի առնելով՝ կարծում եմ՝ իմաստ ունի դիտարկել հայ-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով ռուս սահմանապահների հենակետերի տեղակայման հարցը, ինչը հնարավորություն կտա սահմանազատման և սահմանագծման աշխատանքներն իրականացնել առանց ռազմական բախումների ռիսկի: Համենայնդեպս, այս թեման պատրաստվում ենք քննարկել մեր ռուսաստանցի գործընկերների հետ»:

168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում, խոսելով ադրբեջանական կողմից վերջին ամիսներին իրականացվող հաձակումներին ի պատասխան՝ Հայաստանի իշխանությունների կողմից սահմանի ողջ երկայնքով այլ պետության սահմանապահների հենակետեր տեղակայելու պատրաստակամության մասին, պահեստազորի փոխգնդապետ, ռազմական վերլուծաբան Հրաչյա Պետրոսյանցն ասաց.

«Ինչպե՞ս են տեղակայվելու, տեղակայված կոնտինգենտն ի՞նչ ֆունկցիաներ է կատարելու, սրանք հարցեր են, որոնք դեռ պարզ չեն։ Մենք պետք է հասկանանք, որ Թուրքիայի հետ սահմանին արդեն ունենք ռուս սահմանապահներ, այդ սահմանը տվել ենք ռուսական կողմին և արդեն իսկ ինքնիշխանության հետ կապված խնդիր ունենք։ Հիմա, փաստորեն, նաև մյուս սահմաններն ենք տալիս, իսկ դա նշանակում է՝ ինքնիշխանության կորուստ։

Մյուս կողմից, կա ազգաբնակչության անվտանգության ապահովության խնդիր, և, միգուցե, այս տարբերակն այդ անվտանգությունն ապահովելու համար ամենաարագն է։ Ընդհանուր առմամբ, երբ մենք մեր պետության սահմաններին կանգնեցնում ենք այլ պետության սահմանապահների, ապա դրանով ընդունում ենք, որ մեր բանակն ի վիճակի չէ ապահովել մեր պետության անվտանգությունը»,- ասաց Պետրոսյանցը։

Խոսելով Կառավարության այսօրվա նիստի ընթացքում Փաշինյանի կողմից հնչեցված մեկ այլ հայտարարության՝ Հայաստանում ՀԱՊԿ մոնիտորինգի խումբ տեղակայելու առաջարկի մասին՝ Պետրոսյանցը նշեց, որ այդ կառույցն արդեն իսկ ցույց է տվել, որ Հայաստանին տեսանելի աջակցություն ցույց չի տալու։

«Դեռևս տարիներ առաջ եմ ասել՝ ՀԱՊԿ-ից իրական օգնություն չպետք է սպասել, որովհետև այդ կառույցի անդամ պետությունները մի կողմ են թողնում Հայաստանի շահերը և պաշտպանում են ադրբեջանական շահերը»,- ասաց Պետրոսյանցը՝ ընդգծելով, որ օգտվելով այդ հանգամանքից ևս՝ Ադրբեջանը շարունակում է Հայաստանի վերաբերյալ իր ծրագրերի իրականացումը, որոնց նոր թափով զարկ է տվել այս տարվա մայիսից, իսկ ծրագիրը կարող է զարգանալ մի քանի պլանով։

«Օրինակ, հաշվի առնելով, որ սահմանին հնարավոր է ռուսական ռազմական ներկայություն լինի, Ադրբեջանը փորձում է մինչև այդ հնարավորինս շատ ներփաթանցել Հայաստանի սահմաններից ներս, որպեսզի, երբ անգամ պարտադրվի ետ գնալ, գնան շատ ավելի քիչ և, խոշոր հաշվով, շարունակեն գտնվել Հայաստանի Հանրապետության տարածքում։ Ադրբեջանի գծագրած հաջորդ պլանը վերաբերում է ավելի խոշորամասշտաբ գործողությունների, որի համար նրանք պետք է նախադրյալներ ստեղծեն՝ ավելի բարենպաստ դիրքեր ունենան՝ թիրախում ունենալով Սյունիքի կտրումը մայր Հայաստանից, ինչպես նաև Գեղարքունիքում տարածքների գրավումը»,- ասաց ռազմական վերլուծաբանը։

Անդրադառնալով Փաշինյանի այն հայտարարությանը, որ կոմունիկացիաները պետք է բացվեն, և Ադրբեջանը Հայաստանով պիտի հաղորդակցություն ունենա դեպի Նախիջևան, Վրաստան, Իրան, Հայաստանը՝ Ադրբեջանով դեպի ՌԴ, Կենտրոնական Ասիա ու Իրան, Հրաչյա Պետրոսյանցը նշեց, որ Ադրբեջանի ղեկավարությունն ինչ հայտարարություն անում է, հայկական կողմից որևէ հակաքայլ, հակապատասխան չի ստանում, ինչն էլ հենց մեր գլխավոր խնդիրներից մեկն է։

«Եթե խոսում են կոմունիկացիայի բացման մասին, հարց է առաջանում, թե այդ ինչո՞ւ են ադրբեջանական զինված ուժերի շարասյուներն անարգել անցնում Արցախի ցանկացած ճանապարհներով, իսկ մենք չենք կարողանում Վարդենիս-Մարտակերտ ճանապարհից օգտվել. չէ՞ որ դա էլ է կոմունիկացիա։ Այնպես որ, ամեն ինչ միակողմանի չի կարող լինել»,- ասաց Պետրոսյանցը՝ նշելով, որ Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարությունը շարունակում է գործել պարտվածի հոգեբանությամբ, և հենց դա է միակողմանի զիջումների գնալու, ռադիկալ քայլերի չդիմելու պատճառը, որին ավելանում է նաև բանակը քանդելու գործընթացը։

«Բանակում որևէ փոփոխություն տեղի չի ունեցել, բայց խոսում են բարեփոխումների մասին։ Պատերազմի մեջ գտնվող երկրում բանակում հրատապ բարեփոխման մասին խոսելն անհասկանալի է, որովհետև եթե անգամ բանակը Խորհրդային Միությունից ժառանգություն ստացած կառույց է, միևնույն է, իրավունք չունես գնալ բանակը քանդելու ճանապարհով։ Չեն պատկերացնում՝ ի՞նչ է նշանակում՝ պատերազմի մեջ գտնվող բանակը քանդել, հետո նորը կառուցել։ Բանակը քանդելը մեզ կարող է կանգնեցնել որպես պետություն վերացման եզրին։ Իսկ մենք հիմա հայտնվել ենք մի վիճակում, որ իշխանությունը չի կարողանում ապահովել մեր անվտանգությունը. ռազմական տեսանկյունից չենք կարող ոչ մի կերպ հարցը լուծել, մեզ չեն թողնի. չի թողնելու առաջին հերթին միջազգային հանրությունը»,- ասաց պահեստազորի փոխգնդապետը։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս