«Ցանկացած հրամանատար, եթե վստահ լինի արձակված հրամանի իրավաչափության վրա՝ հետագա խնդիրների բացառման մասով, տեղում կկայացնի համապատասխան որոշում». Կառլեն Միրզոյան
ՀՀ զինված ուժերը բանակում բարեփոխումների շրջանակում ցանկանում են ներդնել զինծառայողների իրավունքների պաշտպանության և զորային օղակում իրավական աշխատանքների համապարփակ ապահովում:
Այս թեմայի շրջանակում 168.am-ը զրուցել է ՀՀ ԶՈւ ԳՇ վարչակազմակերպչական վարչության իրավաբանական ծառայության պետ, գնդապետ Կառլեն Միրզոյանի հետ:
– Հետխորհրդային պետություններում զինվորական ծառայության մեջ իրավական ապահովումն այնքան զարգացած չէ, որքան ՆԱՏՕ-ական համակարգում: Եվ այդ չզարգացվածության արդյունքներից մեկն էլ այն է, որ զինծառայողները չունեն համապարփակ իրավական ապահովման իրավունք: Իհարկե, կոնկրետ հայկական բանակում նման գործառույթ չունենալով հանդերձ՝ իրավաբանները խորհրդատվություններ անցկացնում են, բայց որևէ մի զինծառայողի փոխարեն, անգամ ծառայողական հարցի շուրջ, որևէ գրագրություն իրականացնելու իրավունք առկա չէ, էլ չեմ ասում պարտականության մասին:
Այսինքն, եթե զորամասի իրավաբանը ցանկանա զինծառայողի շահը որևէ կերպ ներկայացնել, անգամ՝ զորամասի սահմաններում, տվյալ զինծառայողի անունից նա չի կարող անել, նման իրավասություն նախատեսված չէ: Ավելին, այդ փաստաթուղթն իրավական ուժ չի ունենա: Տվյալ իրավաբանն իր անունից կարող է ներկայացնել, թե այս կամ այն զինծառայողն ինչ իրավական խնդիրներ ունի, բայց ոչ վերջինիս անունից:
Հիմա այս հարցն ենք փորձում լուծել, որ նման իրավասություն ունենա զորամասի իրավաբանը՝ դա լինի քաղաքացիաիրավական, քրեաիրավական, թե վարչաիրավական հարաբերություն: Մոտ 2 տարի առաջ, երբ գեներալ-լեյտենանտ Դավթյանը Գլխավոր շտաբի պետ էր, զեկույց պահանջեց այդ թեմայով, ներկայացրեցինք օրենսդրությունը և կարգավորումները, հանձնարարեց, որ ցանկալի է՝ կարողանանք դրան հասնել, որ յուրաքանչյուր զինծառայող իր իրավական խնդիրների լուծումը մարտական խնդրի կատարման նախապատրաստման փուլում արդեն իսկ վերապահած լինի ուրիշին: Գաղտնիք չէ, որ խորը իրավական խորհրդատվության անհրաժեշտության դեպքում զինծառայողները ստիպված են լինում փաստաբանի ծառայությունից օգտվել, բայց այս դեպքում կազմակերպչական խնդիրներ են առաջ գալիս, քանի որ զորամասի տարածք մտնելու հարց կա, փակ ռեժիմ է, ծառայությունը, որպես կանոն, վճարովի է:
Իսկ զորամասի իրավաբանը զորամասի տարածքում է և նույն ռեժիմի մաս է կազմում, նա խնդիր չունի շփվելու զինծառայողի հետ՝ ծառայությանը զուգահեռ: Այսինքն, ունենալու ենք ավելի արդյունավետ մեխանիզմ, եթե զինծառայողին նրա իսկ անունից ներկայացնի զորամասի իրավաբանը, քան թե քաղաքացիական փաստաբանը, նման ներկայացուցչությունը, բնականաբար, չի ենթադրելու ֆինանսական փոխհատուցում:
Երկրորդ՝ զինծառայողները կաշկանդվածություն են ունենում իրավապահ մարմինների հետ շփման հարցում, ինչը բերում է ծառայության շահերի խաթարման: Վերը նշված մեխանիզմի կիրառման դեպքում նաև այս հարցն է լուծվում: Կա նաև մեկ այլ ասպեկտ. իրավապահ մարմինները պետությունը ներկայացնում են, հիմնականում, մեղադրական դիրքերից, բայց գոյություն ունի նաև զինվորական ծառայության շահ, որը քրեադատավարական գործընթացներում ներկայացված չէ: Նախկինում վարույթ իրականացնող մարմիններից քննչական մարմինները ՊՆ ենթակայության տակ էին, ներկայում այդպես չէ, և որոշակի կտրվածություն կա զինվորական ծառայությունից, դրա էությունից: Զորամասերը կամ զինծառայողները բանակը ներկայացնում են տուժողի ներկայացուցչի կարգավիճակում՝ քաղաքացիական հայցերով: Իսկ երբ զինվորական ծառայության կարգը խախտվում է, և դա դառնում է քրեական գործ, բացի նրանից, որ պետք է մեղադրել, պետք է նաև լինի անձ, որը կկարողանա ներկայացնել, թե ինչ է զինվորական ծառայությունը, և այդ նույն վարույթի ընթացքում որն է զորամասի շահը, որ դատարանն էլ իմանա զորամասի տեսակետը այսինչ քրեական գործի վերաբերյալ: Դատական մարմինների հետ շփման իմ փորձից կարող եմ ասել, որ անգամ բարձր կարգավիճակ և մասնագիտական վարպետություն ունեցող անձինք, ինչպիսին դատավորներն են, զինվորական ծառայության էության իմացության մասով առավելապես մեծ բաց ունեն:
Եվ, ցավոք, ստանում ենք անգամ վճիռներ, որոնք զինվորական ծառայության էությանը ամբողջությամբ համապատասխան չեն: Ինչ կարգավիճակ են ունենալու այն իրավաբանները, որոնք հրավիրվում են զինվորական ծառայության՝ զբաղեցնելու համապատասխան հաստիքներ, հրամանատարությանը մատուցելու են օրենքը, տալու մասնագիտական պարզաբանում, թե ինչպիսի վարքագիծը կարող է խախտում դիտվել, ինչպիսինն է իրավաչափ, և այլն: Յուրաքանչյուր գիտակից անձ, այդ թվում՝ հրամանատարները, երբ մանրամասն պատկերացնեն կարգավորման էությունը, պարզ է՝ հակված չեն լինի դրա խախտմանը, նույնն էլ՝ ենթակաների մասով: Այսինքն, կարգապահության տեսանկյունից կապող օղակ է դառնում իրավաբանը, իսկ եթե խնդիրն արդյունավետ է դրվում, կատարողն ավելի հստակ պատկերացում է ունենում՝ եթե չկատարի, ինչ կլինի, ապա դրվում են օրինական խնդիրներ, և դրանց կատարումն ապահովվում է գիտակցաբար:
– ՆԱՏՕ–ական այս նորամուծությունն օրենսդրական ի՞նչ փոփոխություններ է ենթադրում, քանի որ ունենք խորհրդային մոդելի բանակ և դրան համապատասխան օրենսդրական դաշտ և այս պարագայում փորձում ենք ՆԱՏՕ-ական չափանիշներ ներմուծել: Մասնագետների կարծիքով, անգամ «ՀՀ ԶՈւ ներքին ծառայության կանոնագիրք» և «ՀՀ ԶՈւ կարգապահական կանոնագիրք» օրենքների միջև հստակ հակասություններ կան:
– Միգուցե երկու համակարգերի դեպքում՝ խորհրդային և ՆԱՏՕ-ական, տարբեր են ուժի կիրառման իրավաչափության մասով պատկերացումները, բայց միևնույն է՝ կառուցակարգը նույնն է: Երկրորդ՝ մենք ոչ թե փորձում ենք ՆԱՏՕ-ական համակարգը ներդնել, այլ մեր օրենսդրության ուսումնասիրությամբ փորձում ենք իրավական ապահովվածության աստիճանը բարձրացնել: Ես ՆԱՏՕ-ական համակարգի մասին խոսեցի ոչ թե այն ասպեկտով, որ այնտեղի համակարգը կիրառելու ենք այստեղ, այլ զուտ՝ որպես նմուշային տարբերակ, մի օրինակ, քանի որ այս տիպի բանակներում առավել մեծ կարգավորում ունի իրավական ապահովման խնդիրը: Օրինակ, ԱՄՆ բանակում մեղադրող կողմը, պաշտպանությունը, բոլորը զինվորական իրավաբաններ են, և տպավորիչ է, որ զորային հրամանատարն այնտեղ քրեական գործով որոշումներ է կայացնում, էլ չեմ ասում՝ գնդի հրամանատարը, որը դատավճիռներ է կայացնում:
Իհարկե, մենք այս աստիճան մեր օրենսդրությունը չենք փոխելու, համենայնդեպս, առաջին փուլում: Այս փուլում մեզ համար գերխնդիր է, որ զինծառայողը ունենա իրավական ապահովում և զորամասի հրամանատարը կարողանա ներկայացնել զորամասի շահերը, և ոչ միայն՝ քաղաքացիաիրավական հարաբերություններում: Եվ երբ վերադաս հրամանատարը մարտական խնդիր է դնում, ունենա անձնակազմ, որը զերծ կլինի կենցաղային նման խնդիրներից: Դեռևս խնդիր դրված չէ, որ ունենանք զինվորական դատարաններ, կամ զորամասերի հրամանատարները զինվորական դատարանների ատենակալների միջոցով կայացրած վճիռները հաստատեն իրենց հրամանով: Ոչ, նման աստիճանի փոփոխություն չի լինելու առաջին փուլում: Փոփոխություններ են նախատեսվում քրեական դատավարության օրենսգրքում, սա դեռ հայեցակարգային է, քանի նախագծերը դեռ շրջանառված չեն, քաղաքացիական օրենսգրքում կլինեն փոփոխություններ, փաստաբանության մասին օրենքում և մի շարք այլ օրենքներում, այդ թվում՝ զինվորական, օրինակ, «ՀՀ ԶՈւ ներքին ծառայության կանոնագիրք» օրենքում՝ գործառույթների մասով:
Ներկա պահին գտնվում ենք պոտենցիալի ներգրավման և բազայի ստեղծման փուլում: Մի քանի շաբաթ առաջ հայտարարություն էինք տվել, և խնդիր էր ոչ միայն որակական ասպեկտը, այլև այն, որ հավակնորդները դիմում են մեծամասամբ Երևանի զորամասերի հաստիքներ զբաղեցնելու համար, մինչդեռ իրավական ապահովման հարցում ներկայացվածության մեծ պահանջարկ կա մարզային օղակում, անհրաժեշտություն կա զինվորական ստորաբաժանումներն այս տեսանկյունից ամրապնդելու հենց սահմանամերձ գոտում: Այսինքն, շեշտադրումն ուզում ենք դնել մարզերի, հատկապես՝ սահմանամերձ գոտիների վրա:
– Հենց դա նկատի ունեի՝ խորհրդային համակարգ, ՆԱՏՕ-ական չափանիշներ: Ինչևէ, տարիներ առաջ ակտիվ քննարկվում էր զինվորական օմբուդսմեն ունենալու հարցը, հետո այն դուրս եկավ քննարկման օրակարգից:
– Զինվորական ծառայության էությանը զինվորական օմբուդսմենն այդքան էլ համապատասխան չի, քանի որ մեզ մոտ զինվորական կանոնագրքերով, հատկապես՝ ներքին ծառայության կանոնագրքով զինծառայողներն ունեն բացարձակ պարտականություն՝ ըստ վերադասության իրենց խնդիրները ներկայացնելու: Հոդված 18-ը սահմանում է. «Անձնական հարցերով ևս զինծառայողը պետք է դիմի անմիջական պետին, իսկ հատուկ անհրաժեշտության դեպքում` ավագ պետին»: Զինվորական ծառայության մյուս հիմնական սկզբունքներից է նաև հրամանատարի միանձնյա ղեկավարման իրավունքը: Մի կոպիտ օրինակ բերեմ՝ հրամանատարն է որոշում՝ զինվորը պիտի զոհվի՞, թե՞ ոչ: Այսինքն, երբ մարտական խնդիր է կատարվում, մեկ գյուղի քաղաքացիական բնակչության կյանքը փրկելու համար հրամանատարը կարող է որոշում կայացնել, օրինակ, դասակի հրամանատարը, որ դասակով՝ հրամանատարի գլխավորությամբ, մինչև վերջ պետք է պաշտպանությունն իրականացնեն՝ մինչև գյուղից բոլոր քաղաքացիականների տարհանումը: Սա նշանակում է՝ եթե դասակը, օրինակ, գնդի դեմ է պաշտպանություն իրականացնում, այն ոչնչացվելու է: Նման որոշման իրավունք վերապահված է հրամանատարին:
Հիմա մեր մեխանիզմը ևս մեկ քայլ է, որը բարձրացնելու է առհասարակ հրամանատարի դերը, քանի որ որևէ մի իրավունք քրեադատավարական պրոցեսում մեր օրենսդրությամբ նախատեսված չէ, բացի հետաքննության մարմնի կարգավիճակից, այն էլ միայն զորամասերի հրամանատարներին է վերաբերում: Սա լծակ է նաև ենթակաների հոգսերը լուծելու, թեկուզ իրավաբանի միջոցով: Իսկ զինվորական օմբուդսմենը, իմ սուբյեկտիվ գնահատմամբ, շրջանառված տարբերակով իրացվելի չէ ռազմական ոլորտում:
– Հրամանատարից ինչ-որ առումով և ոչ դրական իմաստով կախվածություն չի՞ ստեղծում, կարող ենք բախվել չգրված օրենքների դեպքերի:
– Ինձ հուշեք, մահանալուց առավել մեծ կախվածություն հրամանատարից կա՞ արդյոք, որպեսզի պահվի առավել մեծ արժեք՝ հայրենիքը: Վերևում ես բերեցի համապատասխան օրինակը: Եթե դա վստահում ենք հրամանատարին, ինչո՞ւ պետք է իրավական հարցերի լուծումը կախվածություն համարենք և դեմ լինենք:
– Մենք կարիք ունենք ճիշտ հրամանատարների, որոնք սխալ որոշում չկայացնեն, որի դեպքում հնարավոր է զոհերի որոշակի քանակից խուսափել: Դուք սա բացառո՞ւմ եք: Պարզ է՝ եթե գնում ես պատերազմ, կարող է և հետ չգաս:
– Համաձայն եմ, բոլորս իրավիճակը պետք է գնահատենք բազմակողմանի, նոր միայն հրամաններ արձակենք: Բայց իրավաբանը հանդիսանալու է նաև հրամանատարի օգնականը, և հրամանատարին ասելու է՝ քո այս կամ այն նախատեսվող որոշումը ոչ իրավաչափ է՝ լինի դա հակասող մեր օրենսդրությանը, թե մեր կողմից վավերացված միջազգային պայմանագրերին: Եղել են դեպքեր, որ որոշ զինծառայողների հանդեպ արձակման են նախապատրաստվել ոչ բազմակողմանի վերլուծված հրամանների նախագծեր, օրինակ, կադրային որոշումներ, և իրավաբանների ուսումնասիրությամբ դրանք կանխվել են:
Եթե որևէ մեկը խախտման է գնում, դրա համար կան տույժեր, և ըստ խախտման բնույթի՝ կարգապահակա՞ն, թե՞ քրեաիրավական, միջամտությունը կլինի վերադաս իրավաբանի զեկույցի հիման վրա վերադաս հրամանատարի կողմից, կամ հաղորդման հիման վրա վարույթ իրականացնող մարմինների կողմից՝ վարույթով և դատարանի կողմից դատավճռով:
Իրավաբանական ներուժի ամրապնդումը չի խափանում բանակում որևէ իրավաչափ շահ, անգամ՝ մարտական խնդրի կատարում: Կարող է թյուրըմբռնում լինել, որ շատ իրավունք ներմուծելով մարտական խնդիրը կարող է խաթարվել, թե՝ շատ չկրակեք, այս չանեք, թե միջազգային կոնվեցիաներին հակասում է, ուստի պատերազմը պիտի պարտվենք: Ոչ, պատերազմը հնարավոր է հաղթել հմուտ ձևակերպված և իրավաբանորեն ամուր հրամաններով՝ չվախենալով միջազգային ուսումնասիրությունից: ՀՀ ռազմական քաղաքականությունը, ի տարբերություն մեր թշնամու, միտված չէ ուրիշի ունեցածի վրա աչք դնելուն: Այսինքն, այն մարտական խնդիրը, որը բանակում լուծվում է, դա պաշտպանությունն է, ինչը ավելի քան իրավաչափ է, ուստի այդ համատեքստում ցանկացած հրաման, որ տրվի, պարզ է՝ կանխավարկածով իրավաչափ է լինելու, ուստի անհրաժեշտ է միայն իրավաչափ ձևակերպել: Դրա համար էլ անհրաժեշտ է ՀՀ զինված ուժերի բոլոր զորամասերում ունենալ սպա-իրավաբանների հաստիքներ, ինչպես նաև համապատասխան հմուտ իրավաբաններ, որոնց՝ Զինված ուժերի շարքեր ներգրավման գործընթացն ընթացքի մեջ է։
– Մայիսի 12-ից ՀՀ-ում է ադրբեջանցի 1000 զինվոր: Հենց սկզբից տեղի է ունեցել ՀՀ ինքնիշխան և պետական սահմանի խախտում: Չէի՞նք կարող, որպես սահմանախախտների՝ համապատասխան միջոցներ ձեռնարկել, որը շատ հանգիստ կկարողանայինք ճիշտ ձևակերպել: Ի վերջո, չի եղել հարձակում միանգամից 1000 զինծառայողի կողմից: Այսինքն, անեինք այն, ինչ կանեին, եթե մենք այլ երկրի ինքնիշխան տարածք հատեինք: Ինչո՞ւ չենք արել:
– Եթե համադրեք հանրության մեջ շրջանառված տեղեկությունները, թե ինչ է արվել, որից հետո ցավալի կորուստ է նաև եղել, հետո ինչ գործողություններ են արվել, ինչպես նաև ԳՇ պետի պատասխանատու տեղակալի մամուլի ասուլիսի բովանդակությունը՝ միջադեպերի հետ կապված, որոնց չներկայացված հատվածն առավել արդյունավետ էր, կտեսնեք, որ բանակն իր գործն արել է և անում է:
– Կա փաստ՝ ադրբեջանցի 1000 զինվոր մեր տարածքում են, ավելին, համապատասխան տեղերում ամրապնդվում են:
– Որպեսզի զրույցի թեմայում իրավական դաշտից շատ դուրս չգանք, այսպես կպատասխանեմ՝ եթե գյուղը պաշտպանելու այլ միջոց կա, քան զենքն է, մարդկային ուժը, որ խնդիրը լուծվի, նախընտրելի է այդ տարբերակը, քանի դեռ նման հնարավորություն կա: ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետն իր կողմից տրված հարցազրույցում հայտնել է, որ կա հնարավորություն առանց մարտական կորուստների խնդրի լուծման, դիմելու ենք դրան, եթե դա չլինի, նոր կդիմենք ուժային մեթոդի:
Հիմա, եթե դուք տիրապետեք ավելի մեծ ինֆորմացիայի, որ դա հավանական է՝ լուծում առանց զոհի, դուք կնախընտրեք դա՞, թե՞ հրատապ լուծում՝ կորուստներով, երբ վստահ չեք, թե այն ինչ աստիճանի մեծ կլինի, կամ ինչ մասշտաբների կվերածվի: Այսինքն, արդյո՞ք փոքր խնդրի լուծումից հետո ավելի մեծ խնդիր չի ստեղծվի: Ըստ տրված պարզաբանման՝ առկա է որոշում՝ ըստ հավանական լուծումների հերթականության։
– Խնդիրն այն է՝ կարող էինք այնպես անել, որ 5-ը, 10-ը չդառնար 1000, ձեր ասած քաղաքակիրթ մեթոդներով՝ սահման են հատել: Այս դեպքում առավել ընկալելի չէի՞նք լինի միջազգային հանրության համար, հիմա առավել կախյալ վիճակում ենք հայտնվել՝ փոքրացնելով ուժի կիրառման հնարավորությունը ինչ-որ առումով:
– Ես սահմանափակված եմ քաղաքական հարցերում, ուստի միայն կասեմ՝ կան սպառիչ փաստեր, որոնց միջազգային հանրությունը կարող էր ուղիղ և դիպուկ գնահատականներ տալ, ուստի մեծ ակնկալիք այդ առումով ինքս չունեմ:
Ես ապավինում եմ հետևյալ սկզբունքին՝ գործդ կատարիր պատշաճ, հույսդ դիր քեզ վրա: Ցանկացած իրավիճակում ըստ իրադրության, տեղում գտնվող ցանկացած հրամանատարի որոշում ընդունելու իրավունք է վերապահված, եթե հնարավորություն չունես զեկույց ներկայացնելու վերադաս պետին և ստանալու որոշում՝ ըստ իրավասության, ապա դու՝ որպես հրամանատար, իրավասու ես ձեռնարկել անհրաժեշտ միջոցները: Այդ իրադրությունը, որը Դուք ներկայացրեցիք, բավականին քննարկված է, ներկայացված է ԶՈւ տեսակետը՝ իրականությունը, ուստի ես չեմ կարող առավել մանրամասնել այդ հարցում: Իսկ դրա իրավական ասպեկտը հետևյալն էր՝ ցանկացած տեղում գտնվող հրամանատար, որը տեղում պաշտոնով բարձրն է, ինքը իրավունք ունի որոշում ընդունելու: Այլ հարց է՝ ինչպես դա կարող են տարբեր անձինք իրացնել:
Ցանկացած հրամանատար, եթե վստահ լինի արձակված հրամանի իրավաչափության վրա՝ հետագա խնդիրների բացառման մասով, վստահ եմ, որ տեղում կկայացնի համապատասխան որոշում՝ նախազգուշական կրակ, եթե հարձակողական տարրեր նկատի՝ խոցման հրաման․․․ Այս օրինակն էլ է ապացուցում, որ մեր զինծառայողների իրավագիտակցությունը և իրավական պաշտպանվածությունը պետք է բարձրացնել:
– Այսօր սպա՞ն է պաշտպանված, թե՞ զինվորը, կարծում եմ՝ հակառակը: Համաձայն չե՞ք, որ սպայի վարկն այսօր ամեն պահի ոտնահարվում է, բանակը վատ իմաստով ժողովրդավարացվել է վերջին տարիներին, երբ «թեժ գիծը» չարաշահվում է զինվորի կողմից:
– «Թեժ գծին» կարող է նաև սպան դիմել, դա միայն պարտադիր ժամկետային զինծառայողների շահերի համար չէ: Ինչ վերաբերում է ձեր ասածին, որ սպան ավելի պակաս պաշտպանված է, գուցե մեծ, գուցե փոքր պատճառ կա նման ընկալման, բայց դրանք իրավական ընթացակարգերի արդյունք չեն, այլ, թերևս, հոգեբանական, հասարակության ընկալման:
– Հայաստանը փաստացի իրավական պետություն չէ, նույն զինվորականները հաճախ զորացրվում են քաղաքական նախասիրության արդյունքում, նկատեք դա, թե չնկատեք: Հաճախ նույնիսկ չենք իմանում իրավական պատճառը, ծառայողական պատճառը, գուցե անգամ դա տվյալ անձանց համար չի ձևակերպվում, օրինակ, ինչի չենք պայմանագիր երկարացնում:
– Զինվորական ծառայությունում բոլոր օղակներում հստակ է՝ ով ինչի համար է պատասխանատու՝ իրավական աշխատանքներում, և որևէ տարաձայնության կամ տարընկալման դեպքում՝ ով ում կամ որ օղակի վերահսկողության տակ է և ում պիտի դիմի, որ այդ պարզաբանումը ստանա նպատակով: Առկա որոշումներում ոչ իրավաչափ լինելու տարրեր մեր ծառայությանը հասու սահմաններում վեր չեն հանվել։
Զինվորական ծառայությունում կայացված որոշումները և դրանց պատճառներն ամբողջությամբ հասանելի են առնչվող զինծառայողներին, իսկ հասարակությանը ողջ ծավալով հասանելիության մասով կան նաև օրենքով սահմանված սահմանափակումներ, որոնք ևս պետք է պահպանել։
Հարցի մնացած մասով՝ եթե քո իրավասության շրջանակում ուզում ես խնդիրը լուծել, պետք չէ ասել՝ անհրաժեշտ է քաղաքական որոշում… Կան խնդիրների լուծման օրենքով սահմանված ընթացակարգեր, որոնց լուծման համար քաղաքական կամքն անհրաժեշտ չէ, և բավարար է պատասխանատու անձանց կողմից վերապահված իրավասության իրացումը, ինչպիսի օրինակ է հենց Զինված ուժերում իրավական աշխատանքների առավել ընդլայնումը և ակտիվացումը: Անհրաժեշտ է յուրաքանչյուր ջանք գործադրել՝ ամրապնդելու մեր զինված ուժերը։