Լուկաշենկոն պատրաստ է Մինսկում Թրամփ-Պուտին-Զելենսկի հանդիպում կազմակերպել

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ամերիկյան Time ամսագրին տված հարցազրույցի ընթացքում հաստատել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու եռակողմ բանակցությունները կազմակերպելու պատրաստակամությունը, հաղորդում է ԲելՏԱ-ն։

Լուկաշենկոն կարծում է, որ նման բանակցություններին անհրաժեշտ է մանրակրկիտ նախապատրաստվել։ Նա նաև կարծիք է հայտնել, որ նման բանակցությունները կարելի է անցկացնել Մինսկում։ Նրա խոսքերով՝ Պուտինը ուրախ կլիներ հանդիպել Թրամփին Բելառուսի մայրաքաղաքում։ Թրամփն էլ գոհ կլիներ այդ հանդիպմամբ, ընդգծել է Լուկաշենկոն։

Սակայն լրագրողը կասկած է հայտնել, թե արդյոք հնարավոր է այդ հանդիպումը կազմակերպել հրադադարից առաջ։

«Ճիշտ է, պետք է նախապես պատրաստվել: Կցանկանա՞ք՝ ես կստանձնեմ դա… Ես պատրաստ եմ դա ստանձնել, նախապատրաստել այդ հանդիպումը։ Հանուն խաղաղության։ Եկեք սկսենք նախապատրաստվել, բայց կտեսնեք՝ ինչպես կվարվի Զելենսկին։ Նա կդիմադրի՝ «Ես կտրականապես դե՛մ եմ»», – ասել է Լուկաշենկոն։

Time-ի թղթակիցը նույնպես համաձայնել է, որ Վլադիմիր Զելենսկին չի գա Մինսկ բանակցությունների։

Սակայն Բելառուսի նախագահը նկատել է. «Իսկ ի՞նչ է նրան արել Մինսկը։ Մինսկը նրան բարին է ցանկանում ավելի շատ, քան որևէ այլ վայր»։

Տեսանյութեր

Լրահոս