«Համաձայնագիրը չի նախատեսում, որ ԱՄՆ-ն կվճարի տարանցիկ միջանցքի կառուցման համար, այլ մասնավոր կորպորացիաները կզարգացնեն այն». Guardian
Անդրադառնալով ԱՄՆ-ում կնքվելիք Հայաստան-Ադրբեջան խաղաղության համաձայնագրին՝ բրիտանական Guardian-ը նշում է. «ԱՄՆ առաջնորդը, որը համոզմունք է հայտնել, թե տարբեր միջազգային հակամարտություններում իր միջնորդական ջանքերն արժանի են Նոբելյան խաղաղության մրցանակի, նշել է, որ Վաշինգտոնը երկու երկրների հետ՝ համատեղ տնտեսական հնարավորություններ հետապնդելու համար կստորագրի երկկողմ համաձայնագրեր, որոնք կարող են բացահայտել Հարավային Կովկասի տարածաշրջանի ներուժը»։
Guardian-ը մանրամասնել է. «Կանխատեսվում է, որ տարանցիկ միջանցքն, ի վերջո, կներառի երկաթուղային գծեր, նավթի և գազի փոխանցման խողովակաշարեր, ինչպես նաև օպտիկամանրաթելային գծեր, որոնք հնարավորություն կտան ապահովել ապրանքների և, ի վերջո, մարդկանց տեղաշարժը»:
Թերթը հավելում է, թե համաձայնագիրը չի նախատեսում, որ ԱՄՆ-ն կվճարի տարանցիկ միջանցքի կառուցման համար, այլ մասնավոր կորպորացիաները կզարգացնեն այն:
Ըստ բրիտանական պարբերականի՝ հեռանկարային համաձայնագիրը կարող է վերջ դնել տասնամյակներ տևած հակամարտությանը և հիմք ստեղծել Հարավային Կովկասում 1990-ականների սկզբից փակված հիմնական տրանսպորտային միջանցքների վերաբացման համար։



