Ծրագրեր, որոնք մնում են թղթի վրա

Վերջերս կառավարությունը հաստատեց առաջիկա 3 տարիների միջին ժամկետ ծախսերի ծրագիրը։ Այդպիսի ծրագրեր ամեն տարի էլ կառավարությունը հաստատում է, բայց դրանք մնում են թղթի վրա։ Ոչ մի կասկած չկա, որ նույնը լինելու է նաև հերթական ծրագրի դեպքում։ Միայն տնտեսական աճի վերաբերյալ կանխատեսումները բավական են այդպես մտածելու համար։

Առաջիկա տարիներին կառավարությունն ակնկալում է ապահովել միջին տարեկան 7 տոկոս տնտեսական աճ։ Ո՞րն է այն հիմքը, որ այդպես էլ լինելու է։ Նախկինում էլ կառավարությունը 5 տոկոս աճ էր ակնկալում։ Նախորդ 3 տարիներին ունեցանք միջին տարեկան ընդամենը 1,8 տոկոս աճ։

Հիմա ի՞նչ հույսով պիտի ակնկալել, որ առաջիկա տարիներին միջին տարեկան տնտեսական աճը կլինի 7 տոկոս։ 5 տոկոսը չկարողացան ապահովել, անցել են 7 տոկոսին։ Այն դեպքում, երբ, ինչպես կառավարությունն է խոստովանել, համավարակն ու ղարաբաղյան պատերազմն էապես նվազեցրել են Հայաստանի տնտեսության աճի պոտենցիալը։

Եթե նախկինում այն 4,5-5 տոկոս էր, նշված գործոններից հետո իջել է 3-3,5 տոկոսի։ Ու այս պայմաններում ակնկալվում է ավելի բարձր տնտեսական աճ։

Այս տարվա համար կառավարության սպասելիքը տնտեսությունից 6 տոկոս է։

Կիրականանա՞ այն, թե՞ ոչ, կտեսնենք տարվա վերջին։ Նախորդ միջին ժամկետ ծախսերի ծրագրով էլ կառավարությունը 2020թ. տնտեսական սպասելիքը գնահատել էր -2,6 տոկոս։ Բայց ստացանք -7,4 տոկոս։

Առաջիկա տարիների բարձր աճի ապահովման հիմքը կառավարությունը համարում է ներդրումներն ու տնտեսության արտադրողականության բարձրացումը։

Դրանում, իհարկե, նորություն չկա։ Այլ հարց, թե ինչպես հասնել ներդրումների ավելացմանն ու տնտեսության արտադրողականության բարձրացմանը։

Ներդրումների առումով նախորդ տարիներին ոչ մի հաջողության չենք հասել։ Տնտեսության ներդրումային գրավչությունը մեզ մոտ նվազել է՝ հանգեցնելով նաև ներդրումների կրճատման։

Ներդրումների հետ կապված հիմա էլ մեծ սպասելիքներ չկան, բայց տնտեսական աճի ապահովման հավանականությունը դրա հետ է կապված։

Մյուս գործոնն էլ համարվում է արտադրողականության բարձրացումը։ Սակայն առանց ներդրումների անիմաստ է մտածել արտադրողական բարձրացման մասին։ Մեր տնտեսության արտադրողականությունն իսկապես շատ ցածր է, ու այն բարձրացնելու համար մեծ ծավալի ներդրումներ են պետք։

Արտադրողականության բարձրացումն ու ներդրումները փոխկապակցված են. եթե չեղավ մեկը, չի լինի նաև մյուսը։

Նախորդ տարվա կտրուկ կրճատումից հետո, առաջիկա տարիներին կառավարությունն ակնկալում է բյուջեի եկամուտների ավելացում, ինչը պիտի լինի հիմնականում հարկային եկամուտների հաշվին։ Այս տարվա հարկային մուտքերի սպասելիքը 1 տրիլիոն 540 մլրդ դրամ է։ Արդեն 2022թ. այն պիտի կազմի 1 տրիլիոն 733 միլիարդ։

Հաջորդ 2 տարիներին աճի ակնկալիքներն ավելի փոքր են։ Իսկ 2022թ. այն բարձր է, որովհետև կառավարությունը պատրաստվում է կատարել մի շարք օրենսդրական փոփոխություններ։

Մասնավորապես նախատեսվում է վերանայել շրջանառության հարկի բեռը։ Հաջորդ տարվանից փոքր և միջին բիզնեսի հարկումը շրջանառության հարկով դադարելու է գործել։ Փոքր և միջին բիզնեսը կտեղափոխվի ընդհանուր հարկման դաշտ և կհարկվի ավելացված արժեքի հարկով։ ԱԱՀ-ն շատ ավելի ծանր հարկային բեռ է, քան շրջանառության հարկը։ Կառավարությունը նախատեսում է հաջորդ տարվանից վերացնել շրջանառության հարկը կամ էապես սահմանափակել դրա կիրառման շրջանակը։

Շրջանառության հարկով հարկվող փոքր և միջին բիզնեսի համար հարկային բեռի ծանրացման արդյունքում, բնականաբար, ակնկալվում են ավելի շատ հարկային եկամուտներ։

Հաջորդ տարվանից կառավարությունը պատրաստվում է անցնել նաև գույքի և եկամուտների համատարած հայտարարագրման համակարգի կիրառման։

Եկամուտների ակնկալվող ավելացմանը համահունչ կառավարության միջին ժամկետ ծախսերի ծրագիրը նախատեսում է նաև բյուջետային ծախսերի աճ։ Բայց դրանք կլինեն ավելի չափավոր։ Վերջին 2 տարիներին կառավարությունն այնքան պարտքեր է վերցրել, որ բյուջեի դեֆիցիտը չափից դուրս ուռել է։ Հիմա ստիպված է սահմանափակել ծախսերը՝ դեֆիցիտի մակարդակը նվազեցնելու համար։

Պարտքերի ավելացումն ավելացրել է նաև դրանց սպասարկման համար հատկացվող միջոցները։ Բյուջետային ծախսերի աճի հիմնական բաղադրիչներից մեկն առաջիկա տարիներին կլինի հենց պարտքերի սպասարկմանը հատկացվող միջոցների ավելացումը։ 2022թ. բյուջեի ծախսերի աճի ակնկալիքը 150 մլրդ դրամ է, որից 40 միլիարդը պիտի ուղղվի պարտքի սպասարկման։ Այս տարի պարտքի սպասարկման համար հատկացված է 194 մլրդ դրամ, հաջորդ տարի, ըստ կառավարության միջին ժամկետ ծախսերի ծրագրի, այն կհասնի 234 միլիարդի։

Սպասելիքներ չկան սոցիալական ոլորտում, չնայած բարձր գնաճի հետևանքով էապես ավելացել են բնակչության հատկապես աղքատ հատվածի ծախսերը։

Ծրագիրը սոցիալական ոլորտի ծախսերի նույնիսկ կրճատում է նախատեսում։

Այս տարի հաստատված է 806 միլիարդ, 2022թ. սպասելիքը 765 միլիարդ է։

Հաջորդ 2 տարիներին թեև ծախսերի ավելացում նախատեսվում է, այնուհանդերձ դրանք կշարունակեն ավելի քիչ լինել, քան այս տարվա համար պլանավորվածն է։

Սոցիալական պաշտպանության ոլորտում այս տարի հաստատված են 504 մլրդ դրամի ծախսեր։ 2022թ. ակնկալիքը 473 միլիարդն է։ Հաջորդ 2 տարիներին ևս սոցիալական պաշտպանության ծախսերը չեն հասնի այս տարվա մակարդակին։

Սա ծախսային այն հոդվածն է, որի մեջ մտնում են նաև կենսաթոշակները։ Սոցիալական պաշտպանությանն ուղղվող գումարների հիմնական մասը հենց կենսաթոշակներն են։

Հիմա տեսնենք, եթե ինչ սպասելիքներ կարող են ունենալ կենսաթոշակառուներն առաջիկա 3 տարիներին։

Կառավարության հաստատած միջին ժամկետ ծախսերի ծրագիրը հաջորդ տարի կենսաթոշակների բարձրացում չի նախատեսում։ Եթե նախորդ ծրագրով կենսաթոշակների համար 2022թ. նախատեսվում էր հատկացնել 359 մլրդ դրամ, նոր ծրագրով այդ գումարը նույնիսկ կրճատվել է և դարձել 335 միլիարդ։

Դատելով հատկացումների դինամիկայից՝ լավագույն դեպքում կենսաթոշակների բարձրացում պետք է ակնկալել միայն 2023թ.։ Դա էլ դեռ մեծ հարց է։ Ինչպես տեսնում ենք, այս ծրագրերը սովորաբար մնում են թղթի վրա։

Կառավարության միջին ժամկետ ծախսերի ծրագիրը հաջորդ տարվա համար նախատեսում է նաև աշխատավարձերին հատկացվող միջոցների կրճատում։ Մյուս երկու տարիներին ևս աճ չի ակնկալվում։ Թեև կառավարությունն այս խնդիրն իր ձևով արդեն լուծել է՝ աշխատավարձերի բարձրացման փոխարեն պարգևավճարներ է բաժանում։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս