«Համեմատել չի կարելի. ապրիլյան գործողությունն ավելի բարդ է եղել, քան այն, ինչ այսօր կատարվում է». Մովսես Հակոբյան
Հուլիսի 23-ին Աղդամի՝ հայկական Ակնայի ազատագրման 27-րդ տարեդարձն էր: Գործողությանը մասնակցել են Ասկերանի պաշտպանական շրջանի ստորաբաժանումները (հրամանատար Վիտալի Բալասանյան), 71-րդ առանձին մոտոհրաձգային գումարտակը, Խանաբադի վաշտը (Սանասար Ծատրյան), 35-րդ գումարտակը (Արշավիր Ղարամյան), հետախուզական խումբը ( Զորեն Ղազարյան), Կենտրոնական պաշտպանական շրջանի (Սամվել Կարապետյան) և Մարտունու պաշտպանական շրջանի երկու ստորաբաժանումները (Նելսոն Սողոմոնյան, Մովսես Հակոբյան):
168.am-ի հետ զրույցում Արցախի պաշտպանության նախկին նախարար, ՀՀ ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը նշեց, որ Աղդամի ազատագրումն Արցախի անվտանգության կարևորագույն երաշխիքներից մեկն է եղել:
«Դրանով մենք վերջնականապես Ստեփանակերտ քաղաքը և մերձակա բնակավայրերը պաշտպանել ենք հակառակորդի հրետանու կրակից: Մեր սահմաններն այդ բնագծում բավականին կարճանում են, և պաշտպանության կազմակերպումն ավելի դյուրին է դառնում: Իսկ ինձ համար անձնական, նաև իմ հրամանատարի՝ Մոնթեի, զոհվելու 40 օրն էր (Մոնթեն զոհվել է 1993 թ. հունիսի 12-ին Աղդամի շրջանի Մարզիլի գյուղի մատույցներում.- Մ.Պ.): Նա զոհվեց Աղդամի ազատագրման առաջին փուլում, և ինձ համար գերխնդիր է եղել իմ հրամանատարի նպատակները կյանքի կոչելը»,- ասաց գեներալը:
Իսկ որքանով են ճիշտ համեմատությունները 2020-ի հայ-ադրբեջանական սահմանագոտում հուլիսյան մարտական գործողությունների և 2016-ին Արցախում ծավալված ապրիլյան պատերազմի միջև: Մասնավորապես, ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն այս համատեքստում հայտարարել է, որ Տավուշում հուլիսի 12-ին սկսված սահմանային ընդհարումն իր դրդապատճառների բնույթով նման էր 2016-ի ռազմական գործողություններին, սակայն այլ ընթացք ունեցավ:
«Իսկ ինչո՞ւ հուլիսյան գործողությունները նույն ընթացքը չունեցան, ինչ նախկինում։ Նախ՝ հեղափոխությունը հիմնարար ձևով փոխել է Հայաստանի կառավարման համակարգի կարողությունները։ Հեղափոխությունից հետո շեշտակիորեն բարձրացել են Ադրբեջանը խորությամբ հետազոտելու մեր կարողությունները և ժամանակին կանխատեսվել են վերջինիս գործողությունները։ Բացի դրանից, վերջին երկու տարվա ընթացքում զինված ուժերում կատարված բարեփոխումները, ինչպես նաև աննախադեպ քանակի ժամանակակից սպառազինության ձեռքբերումը թույլ են տվել նոր հզորություններ զարգացնել՝ կտրուկ ավելացնելով մեր ռազմական կարողությունները։ Հայկական կողմի առավելություններին գումարվում են հանրային վստահությունը վարչապետի և իշխող քաղաքական թիմի նկատմամբ, ինչպես նաև կառավարման ողջ համակարգի կուռ աշխատանքը, ինչի արդյունքում Ադրբեջանի սադրանքներն այլ վախճան են ունեցել, քան նախկինում»,- civilnet.am-ում գրել է Արմեն Գրիգորյանը։
«Արդյո՞ք համաձայն եք այս դիտարկման հետ» հարցին ի պատասխան՝ Մովսես Հակոբյանն արձագանքեց՝ քաղաքական գործիչների ասածները չի մեկնաբանում:
Հակադարձմանը՝ իսկ որպես ռազմական գործին տիրապետող անձ՝ կարո՞ղ եք ասել՝ արդյո՞ք 2020-ի հուլիսյան և 2016-ի ապրիլյան գործողություններն ընդհանրություններ ունեն, գեներալը պատասխանեց.
«Համեմատել չի կարելի: Իհարկե, ապրիլյան գործողությունն ավելի բարդ է եղել, քան այն, ինչ այսօր կատարվում է՝ և՛ մասշտաբներով, և՛ խնդիրներով, ամեն ինչով: Դրանք համեմատելի չեն»:
Հիշեցնենք, որ 2016-ի ապրիլին նա ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնն էր զբաղեցնում:
Հարցին՝ վերջին գործողություններին հաջորդած պայմանական հրադադարից հետո սպասե՞լ հակառակորդից գործողությունների ճակատային փոփոխություն, ՀՀ ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության պետը պատասխանեց՝ ամեն օր մենք պիտի սպասենք հակառակորդի որևէ մի սադրանքի:
«Դրա համար էլ ստեղծված է ՀՀ զինված ուժերը, որոնք պարտավոր են ադեկվատ արձագանքել հակառակորդի գործողություններին: Դա այսօր կարող է լինել Տավուշում, վաղը՝ Արցախում, տարբեր տեղեր»,- եզրափակեց Մովսես Հակոբյանը: