Ինչո՞ւ է Ադրբեջանը լարում իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին

Վերջին օրերին ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացում հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Հայկական կողմն օրերս նույնիսկ զոհ ունեցավ:

ՀՀ ՊՆ հուլիսի 14-ի հաղորդագրության համաձայն՝ միջադեպը գրանցվել էր առավոտյան 10:30-ի սահմաններում. Ադրբեջանի զինուժը փորձել էր մարտական դիրքերն առաջ բերել, ամրաշինական աշխատանքներ էր սկսել, և հայկական կողմի արձագանքից հետո էլ փոխհրաձգություն է սկսվել։ ՀՀ ՊՆ տարածած հաղորդագրության համաձայն, այսօր էլ՝ հուլիսի 16-ի առավոտյան, ժամը 11:00-ից սկսած, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:

Ռազմական սադրանքներին զուգահեռ՝ Բաքուն ակտիվացրել է նաև տեղեկատվական գրոհները՝ բոլոր սահմանային միջադեպերի պատասխանատվությունը գցելով Երևանի վրա:

Օրերս Իլհամ Ալիևը փորձեց նաև բարձրաստիճան մակարդակով «փոխհրաձգություն» հրահրել: Բաքվում պատերազմին մասնակցած և պատերազմում զոհված զինծառայողների ընտանիքների անդամների հետ հանդիպման ընթացքում Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ իրենք պատրաստ են սկսել խաղաղության համաձայնագրի շուրջ աշխատանքները, սակայն Հայաստանը չի արձագանքում: Նրա խոսքով` կողմերը պետք է ճանաչեն միմյանց տարածքային ամբողջականությունն ու սահմանները և սկսեն սահմանազատման գործընթաց:

Ալիևի պնդմամբ` եթե կա Արևելյան Զանգեզուր, ուրեմն կա նաև Արևմտյան Զանգեզուր, նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության մեջ նշված է, որ բոլոր փախստականները պետք է վերադառնան իրենց հայրենիք, հետևաբար՝ ադրբեջանցիների երկիրը նաև Զանգեզուրն է, Գոյչան (Սևան), Իրևանը (Երևան):

Իր հերթին՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Ադրբեջանն է դեմ սահմանազատման և սահմանագծման աշխատանքներին, իսկ «Զանգեզուրի միջանցքի» մասին հայտարարությունների նպատակը եռակողմ աշխատանքային խմբի գործունեությունը խաթարելը և տարածաշրջանային կոմունիկացիաների բացում թույլ չտալն է։

«Ադրբեջանն այս ապակառուցողական գործողություններով ոչ միայն խախտում է նոյեմբերի 9-ի հայտարարությունը, այլ նաև փորձում է խաթարել հունվարի 11-ի եռակողմ հայտարարությամբ ամրագրված տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման գործընթացը, ինչպես նաև ԵԱՀԿ ՄԽ համանախագահների ապրիլի 13-ի հայտարարությամբ նախատեսված խաղաղ բանակցությունները և տարածաշրջանային կայունությունն ընդհանրապես։ Ադրբեջանի նման գործողությունները մարտահրավեր են միջազգային իրավունքին և բոլոր այն ուժերին, որոնք շահագրգռված են տարածաշրջանային կայունության և խաղաղության հաստատմամբ, և մենք շարունակելու ենք մեր խորհրդակցությունները և համագործակցությունն այդ ուժերի հետ»,- հայտարարել էր Փաշինյանը։

168.am-ի հետ զրույցում ռուս ռազմական վերլուծաբան Ալեքսանդր Խրամչիխինն ասաց, որ հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող միջադեպերի պատճառը կարգավորման ձևաչափի վերաբերյալ քաղաքական տարաձայնություններն են: Ըստ նրա, հակամարտող կողմերը ցանկանում են լուծել ինչ-ինչ հարցեր, բայց լիովին տարբեր ձևաչափերով:

«Մեկ օրինակը ԵԱՀԿ Մինսկի խումբն է: Երևանը, ԱՄՆ-ը, Ֆրանսիան խոսում են ԵԱՀԿ Մինսկի խմբի մասին, Բաքուն՝ ոչ, քանի որ այլ ձևաչափում է պատկերացնում հետագա բոլոր քննարկումները, որոնցից որոշներն արդեն գործում են, մասնավորապես՝ փոխվարչապետների հարթակը կապուղիների քննարկման համար, սահմանազատման գործընթացը: Կան ընդհատակյա տարաձայնություններ՝ լուրջ, որոնք միայն մասնակիորեն են հայտնվում հրապարակային դաշտում:

Ադրբեջանի դեպքում շտապողականություն է նկատվում, ինչը հասկանալի է, քանի որ Ադրբեջանն ամեն կերպ փորձել է վերջին ամիսներին՝ պատերազմից հետո, արագացնել հետագա գործընթացները, մնալով հաղթողի կարգավիճակում բոլոր հարցերում: Ընտրություններին ընդառաջ ադրբեջանական կողմից մի շարք հայտարարություններ եղան, իսկ հիմա Ադրբեջանը կոշտացնում է հռետորաբանությունը, և լարվածություն է ի հայտ գալիս»,- ասաց վերլուծաբանը:

Նրա խոսքով, միջադեպերը պետք է ընկալել քաղաքական գործընթացի լարվածության տրամաբանության և ոչ նախապատերազմական տրամաբանության մեջ:

«Չեմ կարծում, թե պատերազմով որևէ մեկն այս պահին հետաքրքրված է, բայց լարվածություն կլինի, գուցե խորանա նաև, քանի որ ծառացած են բարդագույն խնդիրներ, որոնց լուծման հեռանկարները շատ տարբեր են, հատկապես, երբ դրանց շուրջ աշխարհաքաղաքական մեծ շահեր են կուտակված:

Պատերազմի դադարից հետո ստորագրված երկու փաստաթղթից հետո որևէ գործընթաց չկա, տեղից չի շարժվում իրավիճակը, բոլորը, այդ թվում՝ Ադրբեջանն է հասկանում, որ չկա կարգավորում, և գործընթացները կանգնած են, որը կրկին գործընթացը կարող է մղել փակ շրջանի մեջ: Բայց կարծում եմ, որքան էլ բարդ, բայց որոշ լուծումներ կլինեն սահմանագծման ուղղությամբ: Իսկ ապաշրջափակման թեմայի շուրջ դեռ զարգացումներ կծավալվեն, քանի որ Երևանի և Բաքվի պատկերացումներն են տարբեր»,- ասաց նա:

Տեսանյութեր

Լրահոս