Ունենալու ենք բնական աղետ. չփորձե՛ք Արփի լճից ջուր բաց թողնել, որի կեսն էլ գնալու է Թուրքիա. Աշոտ Հարությունյան
2021 թվականի մայիս ամսից սկսած արդեն իսկ պարզ էր, որ այս տարի ունենալու ենք ոռոգման ջրի խնդիր, սակայն ջրի ճիշտ կառավարման դեպքում կկարողանայինք մեղմել դրա բացասական հետևանքերը, որոնք հիմա դարձել են արդեն անկառավարելի, իսկ դա՝ այն դեպքում, երբ Հայաստանում ունենք ոռոգման ջրի լավ պաշարներ, ու այս վիճակին չէինք լինի, եթե այդ պաշարներն օրենսդրորեն ճիշտ կառավարվեին։
168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում, խոսելով ոռոգման ջրի խնդրի մասին, նման տեսակետ հայտնեց գյուղատնտեսության նախկին փոխնախարար Աշոտ Հարությունյանը՝ հավելելով.
«Ջրային պաշարներ ասելով՝ ես նկատի ունեմ ոչ միայն տեսանելի ջրային հոսքերը, այլ նաև անտեսանելին՝ ներքին հոսքերը՝ գրունտային ջրերը, որոնք կառավարելու հետ կապված կան խնդիրներ։ Ասում են, թե Թուրքիան ջրամբարներ է կառուցում, լավ, կառուցում է, բայց չէ՞ որ դա չէ պատճառը, որ մենք ունենք ներքին խնդիրներ, որոնցից մեկը բերեմ օրինակ՝ Արփիի ջրամբարը, որը բնական արգելոց է, կարող է կուտակել 105 մլ խմ ջուր։ Եղել են տարիներ, որ այս ջրամբարում կուտակվել է մինչև 90 մլ խմ ջուր։ Արփիից դուրս է գալիս 1925 թվականին կառուցված Շիրակի ոռոգման ջրանցքը՝ 46 կմ երկարությամբ։ 100 տարի առաջ կառուցված այս ջրանցքի հնարավորությունները հիմա, սակայն, արդյունավետ չեն օգտագործվում, և դա է պատճառը, որ այսօր Շիրակի մարզում ոռոգման ջրի խնդիր է առաջացել»։
Գյուղատնտեսության նախկին փոխնախարարը նշեց, որ ուսումնասիրել է վերջին հինգ տարվա կտրվածքով հայաստանյան ջրամբարների լցվածության մակարդակը։ Ըստ այդ վերլուծության, օրինակ, Ախուրյանի ջրամբարում 2017 թվականին եղել է 428 մլ խմ ջուր, իսկ, օրինակ, 2021 թվականի նույն ժամանակահատվածում՝ մայիսին, 268 մլ խմ։
«Այսինքն՝ մայիս ամսից իշխանությանն արդեն իսկ պարզ է եղել, որ ունենալու ենք ջրի շատ լուրջ խնդիր, ուստի մարդկանց պետք էր այս մասին տեղեկացնել, ասել, որ պետք է ցանքատարածությունները նվազեցնել։ Մարդկանց պետք է հասկացնեին, որ լինելու է ոռոգման ջրի խնդիր, և որոշակի ցանքատարածություններ պետք է սահմանափակեին։ Ջուրը պետք էր կառավարել»,- ասաց Հարությունյանը՝ նշելով, որ ուսումնասիրության է ենթարկել վերջին հինգ տարվա կտրվածքով՝ Ախուրյանից բացի, նաև Արփիի, Ապարանի, Ազատի, Մարմարիկի և Կեչուտի ջրամբարների լցվածությունը, և հստակ է՝ բոլոր ջրամբարներում 2021 թվականի մայիս ամսին արդեն իսկ եղել է նախորդ տարիների համեմատ շատ ավելի քիչ ջուր։
«Ու այս ամենին զուգահեռ՝ օգոստոսի մեկից սկսած առաջանալու է խաղողի այգիների, պտուղների հասունացման հետ կապված՝ այգիներն ավելի շատ ջրելու խնդիր։ Այսինքն՝ սեպտեմբեր-հոկտեմբերին ոռոգման ջրի ավելի մեծ պահանջարկ է առաջանալու»,- ասաց Հարությունյանը՝ նշելով, որ իր ուսումնասիրած պաշտոնական թվերը վկայում են մեկ այլ՝ իր համար մինչև օրս անհասկանալի մնացած ևս մեկ խնդրի մասին։
«2018 թվականի հունիսի 15-ից մինչև հոկտեմբերի 1-ը Հայաստանում ընդհանուր ծախսվել է 420 մլ խմ ոռոգման ջուր. այս թիվն անգերազանցելի թիվ է, որովհետև վերջին հինգ տարիների միջինը կազմել է 320-360 մլ խմ։ 420 մլ խմ թիվը շատ մեծ է, և դա՝ այն դեպքում, երբ ցանքատարածքները ծավալով չեն ավելացել։ 420 մլ խմ ջրի ծախսը միայն 2018 թվականին տարօրինակ է թվում՝ հատկապես, որ տեսնում ենք, որ 2019 թվականին նույն ժամանակահատվածում դարձյալ ծախսվել է 330-350 մլ խմ ջուր։ Այսինքն՝ 2018 թվականին 70-90 մլ խմ ջրի ծախսը հարցական է մնում, բայց քանի որ Ախուրյանի ջրամբարը համարվում է անդրսահմանային ջրամբար, հետևաբար՝ ջրի օգտագործումը կառավարվում է համապատասխան փաստաթղթով՝ ջրի 50 տոկոսը Հայաստանինն է, 50 տոկոսը՝ Թուրքիայինը, ուստի հենց այստեղ է, որ պետք է գտնել 70-90 մլ խմ ավելի ջրի ծախսի հարցի պատասխանը։ Այստեղ հարցերը շատ են։ Նշեմ, որ կրիտիկականին է մոտենում Ախուրյանի ջրամբարի ջրի ծավալը, իսկ Արմավիրի տարածաշրջանը 90 տոկոսով հիմնված է հենց այդ ջրամբարի վրա»,- ասաց Աշոտ Հարությունյանը՝ հավելելով, որ ստեղծված իրավիճակում կոչ է անում պետական կառույցներին հանկարծ չդիմել ճարահատյալ և խիստ վտանգավոր քայլերի։
«Այս իրավիճակում չպետք է պատկան մարմինները փորձեն Արփի լճի բնական արգելոցի հաշվի դոտացիա անել և Արմավիրի ջրի խնդիրը լուծել։ Ունենալու ենք լուրջ բնական աղետ։ Արփի լճից ջուր բաց թողնելու դեպքում ռիսկի տակ են հայտնվելու Շիրակի մարզի տասնյակ համայնքներ։ Արփի լճում հիմա կա 52 մլ խմ ջուր, ինչը շատ քիչ է, ու եթե դա բաց թողնեն, Արփիում ջուր չի մնալու, իսկ երբ Արփիից ջուր են բաց թողնում, դա լցվում է Ախուրյանի ջրամբար, իսկ Ախուրյանի ջրամբար լցված ջրի 50 տոկոսը գնալու է Թուրքիա, հետևաբար՝ պետք է հաշվարկել, թե Արփիից ջուր բաց թողնելն ինչ է նշանակելու Հայաստանի համար»,- ասաց Հարությունյանը։
Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում