«Կոնկրետ զարգացումների ականատես կարող ենք լինել ամառվա վերջին». Գարիկ Միսակյան
Իրանի նորընտիր նախագահ Իբրահիմ Ռաիսին Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարությանը շնորհակալություն է հայտնել Իրանի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ շնորհավորելու համար. շնորհավորանքներում առկա մի քանի ձևակերպումներ դարձել են հանրային ու քաղաքական քննարկումների առարկա:
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին ուղղված իր ուղերձում Ռաիսին մասնավորապես նշել է երկու երկրների, երկու ազգերի մշակութային վաղեմի բարեկամական հարաբերությունների մասին, ապա նկատել. «Ընդհանուր մարտահրավերներն անխուսափելի են դարձրել երկու երկրների փոխգործակցության խորացումը՝ հանուն տարածաշրջանում խաղաղության ապահովման և կայունության պահպանման: Հուսով եմ՝ առաջիկա ժամանակահատվածում կկարողանանք սիներգիայի սկզբունքով ազդեցիկ քայլեր իրականացնել տարբեր ոլորտներում համագործակցության հիմքերի ամրապնդման ուղղությամբ»:
Ադրբեջանում Իրանի դեսպանությունն էլ հրապարակել է Ռաիսիի` Ալիևին ուղղված ուղերձը. որում նշվում է, որ երկու երկրների հարաբերությունները հիմնված են եղբայրական կապերի, ժողովուրդների ընդհանուր մշակույթի և պատմության վրա: Իրանի նախագահը նաև շնորհավորել է Ադրբեջանի նախագահին «օկուպացված տարածքների ազատագրման հարցում»:
Ի դեպ, այս հայտարարության առնչությամբ Հայաստանի Հանրապետությունից պաշտոնական մեկնաբանություններ դեռևս չեն հնչեցվել:
Իրանագետ Գարիկ Միսակյանը 168.am-ի հետ զրույցում անդրադարձավ միայն Ռաիսիի՝ Փաշինյանին ուղղված ուղերձի բովանդակությանը՝ հիշեցնելով. «Ռաիսին նաև նախագահական ընտրություններին հաջորդած մամուլի ասուլիսի ժամանակ էր նշել, որ ցանկություն ունի առավելագույնս ընդլայնել հարաբերությունները հարևանների հետ, և դատելով Իրանում նաև փորձագիտական դաշտի և պաշտոնյաների հայտարարություններից՝ Իրանը ցանկություն ունի նաև տնտեսապես առավել ներգրավվել Հարավային Կովկասում: Իսկ թե ինչ ձևաչափով կլինեն համագործակցությունները, պետք է սպասել երկու պետությունների կառավարությունների ձևավորմանը: Այսինքն՝ կոնկրետ զարգացումների ականատես կարող ենք լինել ամառվա վերջին, երբ արդեն երկու պետություններում էլ կձևավորվեն կառավարությունները»:
Արդյոք հայ-իրանական հարաբերություններում վերջին տարիներին առկա «անցանկալի» դրվագները՝ Իսրայելի դեսպանատան բացումը, Բոլթոնի այցը Հայաստան և հայտարարությունները հայ-իրանական սահմանի մասին, իրանական սահմանի մասին Հայաստանի խորհրդարանից հնչած հայտարարությունները և այլն, ստվեր կգցե՞ն հայ-իրանական հարաբերությունների վրա՝ մեր հարցին ի պատասխան՝ իրանագետը նշեց.
«Իրանն էլ ներկա պահին անհրաժեշտություն ունի Հարավային Կովկասում իր ազդեցությունը մեծացնելու՝ և՛ Հայաստանի հետ հարաբերությունները, և՛ Ադրբեջանի հետ հարաբերությունները խորացնելով: Այսինքն՝ իրանական կողմը ոչ թե մոռանալու է հայ-իրանական հարաբերություններում եղած խնդիրները, այլ փորձելու է սեփական շահից ելնելով՝ Հարավային Կովկասի երկրների հետ ուժեղացնել իր հարաբերությունները, մեծացնել տնտեսական ներգրավումը, քանի որ ներկա պահին Իրանն էլ աշխարհաքաղաքական և տնտեսական առումով խնդիր ունի՝ Հարավային Կովկասում վերականգնելու իր դիրքերը»: