«Եթե պատվաստվել եք, անպայման պետք է գոնե երեք շաբաթ շատ զգուշավոր լինել». Լամարա Մանուկյան

168TV«Ռեվյու» հաղորդման շրջանակներում զրուցել ենք բժիշկ-թերապևտ, «Ներքին հիվանդությունների բժշկության հայկական ասոցիացիա»-ի նախագահ Լամարա Մանուկյանի հետ:

– Տիկին Մանուկյան, ինչո՞վ է պայմանավորված պատվաստումների դանդաղ տեմպը, մարդիկ չե՞ն վստահում, իրազեկված չե՞ն, տրամադրվող ինֆորմացիա՞ն է հակասական, թե՞ կարծում են, որ բնական իմունիտետով կարող են պաշտպանվել կորոնավիրուսից:

– Ձեր նշած բոլոր պարագաներն իրենց դերը խաղում են: Պատվաստանյութերի դեմ անհավատությունը սկսվեց այն պահից, երբ մենք ունեցանք ինֆորմացիոն բում՝ Astra-Zeneca-ի հետ կապված: Հետո դուրս եկավ Sputnik V-ն, և ասվում էր, որ դա ավելի լավ պատվաստանյութ է: Ի սկզբանե ասեմ, որ երկուսն էլ նույն հիմքով են պատրաստված, ուղղակի տարբերությունն այն է, որ Sputnik V-ն պատրաստված է՝ ավելի բարձր տեխնոլոգիաներով մշակված և զտված, դրանով էլ պայմանավորված է իր գինը՝ այն ավելի թանկ է, քան Astra-Zeneca-ն:

Մարդիկ մտածում էին, որ պատվաստվելուց հետո իրենք այլևս չեն վարակվելու կորոնավիրուսով, որը շատ թյուր կարծիք էր: Այս ինֆորմացիան պետք է շատ գրագետ ձևով մատուցվեր ժողովրդին, որովհետև մենք գիտենք, որ այլ պատվաստումների դեպքում մենք պատվաստվում ենք, որպեսզի չհիվանդանանք այդ հիվանդությամբ, իսկ կորոնավիրուսի բոլոր պատվաստանյութերը դա չեն ապահովում: Դա ունի իր բացատրությունը, քիչ անց կբացատրեմ: Եվ եղան դեպքեր, երբ մարդիկ առաջին դեղաչափն ընդունելուց հետո վարակվեցին, երկրորդից հետո վարակվեցին, հիվանդացան: Ասեմ ձեզ, որ կային նաև շատ ծանր դեպքեր: Ստատիստիկ տվյալներով այսպես է՝ պատվաստումը չի կանխարգելում վարակվելը, բայց պատվաստված մարդը հիվանդությունը տանում է 80 տոկոսով անախտանիշ և 90 տոկոսով առանց հոսպիտալիզացիայի: Նկատենք, որ այն 10 տոկոսը, միևնույն է, մնում է, և կան մարդիկ, որոնք ծայրահեղ ծանր վիճակում գտնվում են հիվանդանոցներում:

Հիմա ուզում եմ բացատրել, թե մարդիկ ինչ պետք է անեն, որպեսզի նվազեցնեն հնարավոր վարակելիությունը: Տեսեք, երբ պատվաստանյութի երկրորդ դեղաչափը ստանում ենք, բնական իմունիտետը ձևավորվում է 21 օրից հետո և ավարտվում է 42-րդ օրը: Մենք երկրորդ դեղաչափն ընդունելուց 42 օր հետո նոր ունենք կայուն լարված իմունիտետ, որը մեզ կարող է պաշտպանել: Մինչ այդ, բնականաբար, մենք կարող ենք վարակվել, և այդ 42 օրը շատ կարևոր է՝ խիստ պահել հակահամաճարակային կանոնները: Եթե պատվաստվել եք, անպայման պետք է գոնե այդ երեք շաբաթը շատ զգուշավոր լինել. այդ ընթացքում են մարդիկ վարակվում:

– Պատվաստված մարդը կորոնավիրուսով վարակվելու դեպքում փոխանցո՞ւմ է այն, թե՞ պատվաստումը կանխում է վիրուսի փոխանցումը:

– Պատվաստված մարդը, եթե վարակվել է, փոխանցում է վիրուսը: Մի քանի տարբեր հետազոտություններ կային, որոնք փաստում էին, որ պատվաստված մարդու փոխանցելիությունը 50 տոկոսով ավելի նվազ է, քան ոչ պատվաստված: Այսինքն՝ հաշվի առնելով այն փաստը, որ, եթե անգամ վիրուսը ներթափանցել է օրգանիզմ, թուլացած տեսակ է և փոխանցվելու ունակություն կարող է չունենալ: Բայց մենք պետք է իմանանք, որ պատվաստված մարդը, եթե վարակվել է և անգամ տանում է անախտանիշ, ինքը կարող է շրջապատին վարակել:

– Կորոնավիրուսով վարակվելուց քանի՞ ամիս անց պետք է անձը պատվաստվի, և արդյո՞ք վարակվելուց հետո պատվաստանյութի կարիքը կա, թե՞ ոչ:

– Վարակվելուց երեք ամիս հետո մենք կարող ենք պատվաստվել: Այդպես են ԱՀԿ ուղեցույցները: Բայց ես կիսում եմ հայտնի ակադեմիկ, վիրուսոլոգ Վիտալի Զվերևի կարծիքը, որն անընդհատ այդ հարցը բարձրացնում է, թե ինչո՞ւ է հակամարմինների շատ բարձր շեմ ունեցող մարդը պատվաստվում, արդյոք մենք չե՞նք վնասում այդ մարդուն, և մի քանի ամիս հետո մենք չենք ունենա տարբեր աուտոիմուն հիվանդություններ: Այսինքն՝ մենք ներխուժում ենք արդեն ձևավորված իմունիտետի մեջ, և փորձում ենք մեր գործոնը մտցնել: Շատ ճիշտ հարցեր են սրանք:

Ես հասկանում եմ, որ մեծ ծախսերի հետ է կապված, որ բոլոր մարդկանց հակամարմինները ստուգենք, հետո պատվաստենք: Տարբեր միջազգային կառույցներ նշեցին, որ եթե հակամարմին G-ն 3-5 անգամ բարձր է թույլ տրվող նորմայից, ապա այդ մարդն ունի կայուն լարված իմունիտետ, որը կարող է պաշտպանել իրեն:

Հիմա, եթե նորման մինչև 1 է, իսկ որևէ մարդու հակամարմինները 200 են, արդյո՞ք արժե այդ մարդուն պատվաստվել: Բայց քանի որ դա մեծ ծախսերի հետ է կապված, ես հասկանում եմ, որ մենք հակամարմիններ չենք ստուգում: Բայց կան դեպքեր, երբ մարդն իր կամքով ստուգել է մինչև պատվաստվելը և պատվաստվելուց հետո, և հակամարմինները ավելին չեն բարձրացել, այսինքն՝ բարձր եղել է մինչև պատվաստվելը, և այդպես էլ մնացել է պատվաստվելուց հետո: Այսինքն՝ մարդու իմուն համակարգը չի կարողացել դրանից ավելի հակամարմին արտադրել: Եվ ճիշտ է ասում ակադեմիկոսը, որ պատվաստումը պետք է միայն չվարակված մարդկանց համար, և այն մարդկանց համար, որոնք շատ ցածր իմունիտետ ունեն, այսինքն՝ ընկած է հակամարմինների թիվը: Մենք պետք է դա ստուգենք:

– Կորոնավիրուսի նոր շտամերի դեմ արդյո՞ք մեր ունեցած պատվաստանյութերը արդյունավետ են, օրինակ՝ հնդկական դելտա շտամի, լյամբդա շտամի դեմ:

– Ոչ մի շտամ նախորդից թույլ չէ, ավելի ուժեղ է: Դելտան եռակի անգամ ավելի վարակելի է, քան նույն բրիտանական շտամը, և կրկնակի բարձր մահացություն ունի: Երկու օր առաջ հրապարակված Sputnik V-ի հետազոտությունը ցույց է տվել, որ քանի որ այն երկու ադենովիրուսային վեկտորով է կառուցված, այդ իսկ պատճառով կարողանում է ազդել նաև դելտայի վրա: Առայժմ միայն Sputnik V-ն կարող է պաշտպանել մեզ դելտայից:

– Իրանի քաղաքացիներին Հայաստանում պատվաստելը Դուք ինչպե՞ս եք գնահատում, արդյո՞ք ճիշտ է, որ ՀՀ հարկատուների հաշվին գնված պատվաստանյութերով պատվաստվում են Իրանի քաղաքացիները, և արդյո՞ք հետագայում սա խնդիրների առաջ չի կանգնեցնի պատվաստվել ցանկացող ՀՀ քաղաքացիների համար, այսինքն՝ լինի պատվաստանյութերի դեֆիցիտ:

– Սա շատ կարևոր հարց է. ես ուղղակի շշմում եմ, թե ինչպես կարելի է մեր պատվաստանյութերով օտարերկրացիներին պատվաստել: Վերջերս Իրանի քաղաքացի ազգությամբ ադրբեջանցի մարդիկ Հյուսիսային պողոտայում սպասում էին հերթի մեջ և դժգոհում էին, որ դեռ Հայաստանում ուզում են ման գալ: Մենք այս ի՞նչ ենք անում:

Եթե մենք այդքան ծախս անելու ենք և պատվաստենք Իրանի քաղաքացուն, եկեք դրա փոխարեն գնանք մարզեր, այդ ծախսի հաշվին պատվաստենք մարդկանց, որոնք չեն կարողանում գնալ պատվաստվելու: Մեր հարկերի հաշվին գնված պատվաստանյութը ծախսում ենք օտարերկրացիների վրա՝ որպես ի՞նչ: Գալիս են, 1-2 օր մնում, պատվաստվում, գնում են:

Առայժմ դեֆիցիտ չկա: Sputnik V-ն Ռուսաստանից ենք գնում, իսկ Ռուսաստանի վիճակը տեսնում եք՝ ինչ սարսափելի է՝ օրական 700 մահ ունեն: Եթե իրենց մոտ ուժեղացավ, իրենք դժվար մեզ կարողանան պատվաստանյութ տալ, և շատ հնարավոր է, որ ունենանք դեֆիցիտ: Պետք է մի քիչ հոգեպահուստ ունենալ:

– Ի դեպ, երբ ներկայացվում են պատվաստված քաղաքացիների թվերը, դրա մեջ նաև Հայաստանում պատվաստված Իրանի քաղաքացինե՞րն են մտնում:

– Դրանց 50 տոկոսն են այլ երկրի քաղաքացիներ:

– Փողոցներում մարդկանց պատվաստելը որքանո՞վ է ճիշտ, և արդյո՞ք միայն ջերմություն և ճնշում չափելը բավարար է:

– Ես ի սկզբանե դեմ էի շրջիկ պատվաստման կետեր ստեղծելուն: Հարգելիներս, ներարկումը բժշկական միջոցառում է, որը պետք է կատարվի բժշկական պայմաններում, այսինքն՝ պետք է լինի հիվանդանոցի կամ ամբուլատորիայի պայմաններում:

Ես դա համարում եմ հակահիգիենիկ, ոչ բժշկական պրոցեդուրա կատարելու պայման, դա պետք է լինի բուժհիմնարկում, առանձին սենյակում, բաց տարածության մեջ չի կարելի: Բայց բոլոր երկրներում դա ընդունված է: Ինչ վերաբերում է ճնշում և ջերմություն չափելով պատվաստելուն. օրենքով, ցանկացած պատվաստումից առաջ մարդ պետք է լրիվ հետազոտվի, որովհետև կարող է ունենալ թաքնված հիվանդություններ, որևէ քրոնիկ հիվանդություն, օրինակ՝ մարդը կարող է ունենալ սուր սրտի նոպա, գնա հերթում նստի, որ պատվաստվի, իրեն թվա, թե ուղղակի արևի տակ շատ է նստել, սիրտը լավ չէ, բայց դա ստենոկարդիայի նոպա է, ինքն իրավունք չունի պատվաստվել այդ պահին:

Երկրորդ՝ շատ կարևոր փաստ, որ պետք է գնահատել ռիսկերը, օրինակ՝ արդյունահոսության ռիսկը, թրոմբոէմբոլիայի ռիսկը, այսինքն՝ պետք է մարդուն հետազոտել մինչև պատվաստելը, հատկապես՝ հայ ազգի դեպքում, որ բժշկի գնում է միայն դանակը ոսկորին հասնելու դեպքում: Մենք այդ մշակույթը չունենք՝ նախօրոք գնալ, հետազոտվել, մեր առողջության մասին ինֆորմացիա իմանալ, և շատ թաքնված հիվանդություններ սրվում են, մեղավորը դառնում է պատվաստանյութը: Պատվաստումն ուղղակի պրոցեդուրա է, մեկ այլ դեղորայքից էլ կարող էր լինել այդ հանկարծակի որևէ վիճակը:

Վերջապես, պետք է մի բան հասկանանք՝ կորոնավիրուսով հիվանդանալուց հետո արդյո՞ք հետկորոնավիրուսային համախտանիշը կա մարդու մոտ, թե՞ ոչ, որովհետև այն մարդիկ, որոնք ունեն հետկորոնավիրուսային համախտանիշ, պատվաստումից հետո ավելի շատ գանգատներ կունենան, քան այն մարդիկ, որոնք չունեն դա: Հետքովիդայինը տևում է մեկ տարի և ավելի:

– Դա ինչպե՞ս պարզել:

– Կան արյան հետազոտության տեսակներ, որ մենք տեսնում ենք՝ այդ ցիտոգենային փոթորիկը, որը սկսվում է բոլորի մոտ, ուղղակի մեկի մոտ՝ անախտանիշ, մյուսի մոտ՝ ձևավորված ախտանիշներով: Հատկապես այն հիվանդները, որոնք անախտանիշ են տարել, ապացուցված է, որ նրանց 50 տոկոսն ունենում է երկարատև հետկորոնավիրուսային համախտանիշ, որովհետև նրանք չեն բուժվել: Լիարժեք բուժվում են ավելի ծանր տանող մարդիկ, իսկ թեթև կամ անախտանիշ տանողների մոտ հետո սկսվում է այդ հետկորոնավիրուսային երևույթները, որովհետև իրենք ընդհանրապես չեն բուժվել: Հետկորոնավիրուսային համախտանիշի մեջ մտնում են՝ ընդհանուր թուլություն, անընդհատ հոգնածության զգացողություն, մկանացավեր, 37 աստիճան ջերմություն, որն անընդհատ կա, բայց մարդուն առանձնապես չի էլ անհանգստացնում, անհիմն գլխացավեր, ուշադրության, կենտրոնացման նվազում, աշխատունակության անկում, բացի դրանից, շատ երկար մենք ունենում ենք հետքովիդային տագնապային երևույթներ, անհանգստություններ, որը չի բացատրվում՝ ինչից: Դա անպայման պետք է բուժվի, և Հայաստանը միակ երկիրն է, որը չունի հետկորոնավիրուսային ռեաբիլիտացիոն կենտրոններ, և ինֆորմացիա էլ չկա այդ մասին:

Ժողովրդական լեզվով ասեմ՝ եթե դամվեց այդ ցիտոգենային փոթորիկը, ինքը դանդաղ գնում է, հետո կարող է հանգել մեկ այլ լուրջ հիվանդության: Մարդը հարմարվում է, ասում է՝ մի քիչ լավ չեմ զգում, բայց յոլա եմ գնում. այդպես չպետք է լինի, լիարժեք վերականգնում պետք է լինի կորոնավիրուսից հետո, որովհետև այդպես յոլա գնալով ապրում է, հետո մի լուրջ հիվանդության է հանդիպում:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս