Տնտեսության ամենաիրական հատվածը
Տնտեսական վիճակագրությունը շարունակում է հրապարակել այն ցուցանիշները, որ արձանագրվում են մեր տնտեսական կյանքում: Ամեն հրապարակում իր հերթին շարունակում է ապացուցել, որ տնտեսությունը բավական իներցիոն երևույթ է, և որ իշխանությունների խոստումները տնտեսական հեղափոխության ու թռիչքաձև աճի մասին դատարկ խոսքեր դուրս եկան:
Սա բավական ցայտուն նկատելի է տնտեսության իրական հատվածներից մեկի՝ արդյունաբերության վրա: 2019թ. պահպանվեց նախորդ տարիներին սկսված մի դրական միտում՝ մշակող արդյունաբերության ոլորտի աճի տեմպը համարյա պահպանվել էր: 2019թ. հունվար-մայիսին այն կազմել էր 8.2 տոկոս (2018-ի նույն ժամանակաշրջանի 9.3 տոկոսի դիմաց):
Արդյունաբերական համակարգի զարգացման հիմնական ծրագրերը կապվում էին հենց այս ոլորտի զարգացման հետ: Բայց տնտեսական քաղաքականության բացակայության ու համավարակի պայմաններում ոլորտի աճի տեմպը փոխարինվեց անկմամբ: Արդեն պաշտոնապես հայտարարված տվյալներով՝ այս տարվա առաջին հինգ ամիսներին մեր մշակող արդյունաբերության ոլորտը դեռ զիջում է 2019-ի ցուցանիշին: Զիջում է արտադրանքի ծավալով՝ առանց գնաճի կորեկցիայի: Այս դեպքում պարզ է դառնում, որ արդյունաբերության 2021թ. պաշտոնապես հայտարարվող 2.3 տոկոսանոց աճը հիմնականում կարելի է պայմանավորել հանքահումքային արդյունաբերության ցուցանիշներով:
Նախ՝ արձանագրենք, որ արդյունաբերության ոլորտի վերջին տարիների «վերելքը» հիմնականում հանքարդյունաբերության ընդլայնումով է բացատրվում: Մեր արդյունաբերության համակարգը չորս հիմնական ոլորտներ ունի: Այս տարի մշակող արդյունաբերությունն անցած տարվա հինգ ամիսների համեմատ կրճատվել է 1.4 տոկոսով:
Էլեկտրաէներգիայի արտադրության, հաղորդման ու բաշխման ոլորտները նույն ժամանակահատվածում 10 տոկոսանոց աճ են արձանագրել: Իսկ ջրամատակարարման կոյուղու, թափոնների կառավարման ոլորտների աճը հայտարարված է 6.3 տոկոս: Բայց էներգահամակարգն ու ջրամատակարարում-թափոնների կառավարումը մեր արդյունաբերական համակարգում բավական համեստ ծավալներ ունեն: Էներգահամակարգի բաժինն արդյունաբերության կառուցվածքում 13.9 տոկոս է, իսկ ջրմուղ-թափոններինը՝ 1.1 տոկոս:
Արդյունաբերության կառուցվածքում առյուծի բաժինը Մշակող արդյունաբերությանն է: Այն կազմում է ընդհանուրի 56.9 տոկոսը: Իսկ Հանքագործության ծավալը կազմում է 28.2 տոկոս: Մշակող արդյունաբերության 1.4 տոկոս կրճատման ցուցանիշի դեպքում արդյունաբերության ոլորտի 2.3 տոկոսանոց աճն առաջին հերթին ապահովվում է Հանքագործական արդյունաբերության և բացահանքերի շահագործման 8.4 տոկոսանոց աճով: Պարզվեց՝ «Տնտեսական հեղափոխություն» կոչվածի իրական հենքը հանքագործության ծավալների կտրուկ ավելացումն է:
Այս տարվա հունվար-մայիսին մեր արտահանումների ամենախոշոր ապրանքատեսակը Հանքահումքային արտադրանքն է: Այն կազմում է մեր երկրի արտահանումների 38 տոկոսը:
Արտահանումների կառուցվածքի երկրորդ խումբը պատրաստի սննդի արտադրանքն է՝ ընդհանուրի 20 տոկոս: Իսկ երրորդ խումբը էլի այս կամ այն չափով կապ ունի հանքագործության հետ՝ ոչ թանկարժեք մետաղների և դրանցից պատրաստված իրերի արտահանումը կազմում է ընդհանուր արտահանման 11 տոկոսը:
Թե՛ արդյունաբերության, թե՛ արտահանումների կառուցվածքների կայունությունը առաջին հերթին հուշում են, որ տնտեսության վերակազմակերպման պետական ծրագրեր չկան: Սա՝ մի կողմից: Իսկ մյուս կողմից՝ ավելի ու ավելի նկատելի է դառնում, որ հանքարդյունաբերությունը դառնում է արտահանումների ծավալի աճի, տարադրամի ապահովման ու գլուխ գովալու հնարավորություն ընձեռող ոլորտ:
Իհարկե, բնապահպանների ու տարատեսակ կանաչների ոչինչ չնկատող, բայց զգոն հայացքի ներքո: Այնքան զգոն, որ չնկատելու են տալիս, ասենք, թե ինչ թիվ է գրված «Հանքագործական արդյունաբերության և բացահանքերի շահագործման այլ ճյուղեր» տողի դիմաց: Իսկ պաշտոնական վիճակագրությանն այդ տողն արձանագրել է ամենամեծ աճն իր ոլորտում՝ 46.4 տոկոս:
Իսկ հիմա վերադառնանք վերջին օրերի ամենացավոտ թեմային: Գյուղացիները մի գլուխ բողոքում ու մայրուղիներ են փակում՝ իշխանություններից պահանջելով բերքի հասունացման համար կարևոր այս օրերին ջուր ապահովել: Իշխանությունները, իհարկե, ինչպես միշտ ու ինչպես բոլոր հարցերում՝ խոստանում են: Խոստանալուց զատ, նաև պաշտոնապես հայտարարում են, որ այս տարի 5.7 տոկոս ավելի են ջուր հավաքել ու բաշխել, քան անցած տարի: Իհարկե, այս հաշվետվությունն էլ նույնաաստիճան հավաստի է, որքան վարչապետի հայտարարությունը Սևանի մակարդակի աննախադեպ բարձր ցուցանիշի մասին:
Բայց դե աննախադեպ երևույթները մեր երկրի կյանքում այնքան շատ են, որ անհնար է դրանք առանց թունդ խոսքի լսելը: Իշխանությունները տնտեսական երկնիշ աճ էին խոստանում՝ լոքդաունյան ապրիլի տնտեսական ցուցանիշների հետ համեմատվելով: Բայց մայիսի տվյալներն էապես կրճատեցին նրանց խոստումների ծավալները: Համեմատելու և աճով հիանալու հաջորդ առիթը ևս նրանք բաց չեն թողնի, երբ կգա տնտեսական ցուցանիշների համեմատության հոկտեմբեր-նոյեմբերյան ժամանակաշրջանը:
Փաստորեն, ներկան կարելի է համեմատել սեփական անճարակության հետևանքով արձանագրված անկումների ամենացածր ցուցանիշների հետ: Համեմատել ու հպարտանալ: