Բաժիններ՝

Ծերացած ուղեղով հասարակությունը զարգացման շանս չունի

Այս տարի բուհերի ընդունելության քննություններին մասնակցել է 86-ամյա նոյեմբերյանցի Սմբատ Հարությունյանը։ Նա քննություն է հանձնել Մաթեմատիկայից և ստացել 14 միավոր։ Սմբատ պապիկը Մաթեմատիկայով տարվել է այն ժամանակ, երբ դպրոցում սովորող թոռները դիմել են իր օգնությանը։ Թոռներին օգնելու համար, նրանց դասագրքերով սովորել է, հարստացրել իր գիտելիքները, խնդիրներ լուծելուց հաճույք ստացել։ Բացի այդ, իր այս քայլով նա ցանկացել է ցույց տալ, որ մարդը ամեն տարիքում պետք է սովորի։ Հայաստանի պատմության մեջ առաջին դեպքն է, երբ նման պատկառելի տարիքի մարդը մասնակցում է ընդունելության քննությունների։

Այս օրինակը շատ ոգեշնչող է, քանի որ Հայաստանի մեծահասակներն առանձնապես չեն սիրում սովորել։ Մեզանում կա այն թյուր ըմբռնումը, որ սովորելը երեխաների և երիտասարդների գործն է։ Իսկ մեծերը պետք է զբաղվեն գումար վաստակելով։

Միջազգային հետազոտությունների տվյալներով՝ Հայաստանն աշխարհի հետնապահներից է ամբողջ կյանքի ընթացքում կրթվելու ցուցանիշով։ Ըստ 2020թ.  տվյալների, մենք 132 երկրների մեջ զբաղեցնում ենք 122-րդ տեղը։ Իմ կարծիքով, Հայաստանի կրթության համակարգը վատ վիճակում է ոչ թե ուսուցիչների, երեխաների պատճառով, այլ մեծահասակների՝ սովորելու հանդեպ ցուցաբերվող անտարբերության։ Մենք անընդհատ խոսում ենք երեխաների կրթության, ուսուցիչների վերապատրաստման, դպրոցական ծրագրերի մասին։ Այս ամենը չի կարող արդյունք տալ, եթե երեխաները տեսնում են, որ իրենց ծնողները, շրջապատի մեծահասակները չեն կրթվում։ Մենք շատ քիչ ընտանիքներ ունենք, որոնցում մեծերը գիրք են կարդում, շարունակաբար կրթվում։

Հայաստանի մեծահասակները դժկամությամբ են մասնակցում վերապատրաստման դասընթացներին, նրանցից շատերն ամեն կերպ փորձում են խուսափել, «գլուխ պահել»։ Պատճառները տարբեր են։ Օրինակ՝ շատ մեծահասակներ խուսափում են սովորելուց, քանի որ վախենում են ձախողվել վերջում սպասվող քննության կամ գիտելիքների ստուգման ժամանակ։ Վախը, անապահովության զգացումը շատերին հետ են պահում սովորելուց։

Մեծերը մտածում են, որ քննությունից կտրվելը ավելի անպատվաբեր է, քան չսովորելը։ Մինչդեռ այդպես չէ։ Պետք է սովորես, երբեմն էլ ձախողվես, քանի որ ձախողվելը սովորելու անբաժան մասն է։ Պետական և մասնավոր հիմնարկների ղեկավարները պետք է ստեղծեն այնպիսի միջավայր, որ մեծահասակները չվախենան քննության ժամանակ ձախողվելուց։

Պետք է հրաժարվենք նաև այն կարծրատիպից, որ սովորելն ունի տարիքային սահմանափակում։ Մինչև կորոնավիրուսն ավագ տարիքի շատ ուսուցիչներ և դասախոսներ այն կարծիքին էին, որ համակարգիչը, նոր տեխնոլոգիաներն իրենց համար չեն։ «Իմ ինչի՞ն է պետք համակարգիչը, թող ջահելները սովորեն»,- ասում էին շատ ուսուցիչներ, դասախոսներ։ Բայց մեկ օրում իրավիճակն այնպես փոխվեց, որ առանց համակարգչի այլևս չէիր կարող կատարել քո մասնագիտական պարտականությունները։ Հայտնվելով աշխատանքը ձախողելու եզրին, շատ ուսուցիչներ ու դասախոսներ ստիպված էին կարճ ժամանակում սովորել որոշ հմտություններ։

Անընդհատ սովորելը կարևոր է նաև մարդու մտավոր և ֆիզիկական առողջության համար։ Մեր խնդիրների մի զգալի հատվածի պատճառն այն է, որ մարդկանց մտածողությունը կարծրատիպային է։ Մարդիկ փորձում են իրականությունը բացատրել ու մեկնաբանել այնպիսի փաստարկներով, որոնք վաղուց հնացել են։ Վաղուց հերքված է այն թեզը, որ 20-25 տարեկանից հետո մարդու ուղեղը չի զարգանում։ Գիտական վերջին բացահայտումները խոսում են այն մասին, որ մարդը ցանկացած տարիքում կարող է սովորել։ Եվ որքան շատ է սովորում, այնքան ավելի ուշ է ծերանում նրա ուղեղը։ Անընդհատ սովորելը մարդուն պաշտպանում է ուղեղի հիվանդություններից։

Մեր հասարակությունն այսօր շատ թանկ գին է վճարում մեծերի չսովորելու դիմաց։ Ցավալին այն է, որ հատկապես չեն սովորում այն մարդիկ, որոնք կարևոր որոշումներ են կայացնում։ 2 տարի առաջ քաղաքացիական ծառայողների համար վերապատրաստում էի անցկացնում։ Մասնակիցներից մեկը շատ դիպուկ հարց տվեց. «Ինչո՞ւ նախարարները, փոխնախարարները չեն մասնակցում վերապատրաստումների»։ Պատասխանը պարզ է։ Սովորելը մարդուն դնում է խոնարհ, մի փոքր խոցելի վիճակում։ Սովորելու ընթացքում կարող է պարզվել, որ դու որոշ բաներ չգիտես, որոշ բաներ լավ չես յուրացնում, ունես սահմանափակումներ։ Քանի՞ բարձրաստիճան պաշտոնյա ունենք, որոնք պատրաստ են հայտնվել չիմացողի կարգավիճակում։ Շատ քիչ։ Մեր բարձրաստիճան պաշտոնյաների մեծ մասի հիմնական հատկանիշն ինքնավստահությունն է (սա կոչվում է Դանինգ-Կրյուգերյան սինդրոմ), բոլոր հարցերի մասին իմացողի դիրքից խոսելը։ Եթե առաջին դեմքերը չեն սովորում, ապա շարքայիններն առավել ևս չեն սովորի։ Իսկ երեխաները պարզապես կրկնօրինակելու են մեծերի վարքագիծը։

Այսօր աշակերտների և ուսանողների շրջանում փող աշխատելն ավելի պատվաբեր է, քան սովորելը։ «Ես արդեն 200 հազար փող եմ աշխատում, ինչի՞ս է պետք սովորելը»,- մտածում են աշակերտները, ուսանողները։ Մենք չպետք է փող աշխատելն ու սովորելը հակադրենք իրար։ Մեր հասարակությունն աղքատությունը չի կարողանում հաղթահարել նաև այն պատճառով, որ մենք աշխատում ենք՝ առանց սովորելու։ Ի վերջո, կյանքի իմաստն ամենևին էլ փող աշխատելը չէ։ Սովորելը, նոր բաներ իմանալը պակաս կարևոր չեն իմաստալից կյանքով ապրելու համար։

Ծերացած ուղեղով հասարակությունը պարզապես շանս չունի զարգանալու։ Կրթական բարեփոխումները պետք է սկսենք երկու բևեռներից. նախադպրոցական կրթությունից և մեծահասակների կրթությունից։ Այս երկու ոլորտներում արմատական բեկում մտցնելը բերելու է նաև դպրոցների, քոլեջների, համալսարանների զարգացմանը։ Եթե վաղ տարիքում երեխային լավ սովորեցնենք, իսկ մեծահասակներն էլ նոյեմբերյանցի Սմբատ Հարությունյանի նման օրինակ լինեն, հաստատ ավելի լավ դպրոցներ, քոլեջներ ու բուհեր ենք ունենալու։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս