Վահագն Հովակիմյանն արդեն դիպլոմ ունի. երեկ «իրավագետ է դարձել», այսօր արդեն ՍԴ-ում է

Այսօր Սահմանադրական դատարանում (ՍԴ) քննվում են արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասնակից 4 քաղաքական ուժերի դիմումներն ընտրությունների արդյունքները վիճարկելու առնչությամբ:

168.am-ի ֆոտոխցիկը ՍԴ նիստերի դահլիճում ֆիքսեց նաև լուծարված Խորհրդարանի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանին, ով ՍԴ-ն կազմալուծելու ծրագրի կարկառուն համահեղինակներից է ու Ազգային ժողովում այդ նպատակով կատարված «օրենսդրական» փոփոխությունների հեղինակն ու զեկուցողը:

Դեռևս 2020թ. փետրվարին 168.amգրել էր, որ իշխանական «Իմ քայլը» ֆրակցիայի պատգամավոր Վահագն Հովակիմյանը, փաստորեն, պարզվում է, ոչ միայն իրավաբան չէ, այլև առհասարակ չունի բարձրագույն կրթություն:

Գրել էինք, որ, ըստ parliament.am կայքում տեղադրված պատգամավորի կենսագրության՝ նա 1991-1993թթ. սովորել է ԵՊՀ ռադիոֆիզիկայի ֆակուլտետում: 1996-2000թթ.՝ ԵՊՀ փիլիոսոփայության, սոցիոլոգիայի, հոգեբանության և քաղաքագիտության ֆակուլտետում:

Ինչպես նկատելի է, նախկինում Նիկոլ Փաշինյանի ընտանեկան թերթում լրագրող աշխատած Վահագն Հովակիմյանը երկու ֆակուլտետի անուն է նշել:

Իր նշած 1-ին ֆակուլտետում նա սովորել է մեկ տարի, իսկ այն, ինչ նշել է՝ որպես երկրորդ ֆակուլտետ, առհասարակ այդ անունով ֆակուլտետ չկա:

Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի կազմավորման մեջ, որի պատմությունը կա ԵՊՀ կայքում, նշվում է, որ 1992 թվականին ֆակուլտետում բացվեց նաև հոգեբանության բաժին, ուստի ֆակուլտետը վերանվանվեց Փիլիսոփայության, սոցիոլոգիայի և հոգեբանության ֆակուլտետ: Մինչև 1998թ.-ը նրա կազմում էր գործառում նաև նոր ձևավորվող Քաղաքագիտության բաժինը, որը 1998 թ.-ին ներառվեց նորաստեղծ Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի կազմի մեջ:

Հետևաբար՝ Վահագն Հովակիմյանը չէր կարող սովորած լինել իր նշած 1996-2000թթ.՝ ԵՊՀ փիլիոսոփայության, սոցիոլոգիայի, հոգեբանության և քաղաքագիտության ֆակուլտետում, պարզապես, որովհետև իր նշած ժամանակահատվածում նման ֆակուլտետ չի եղել:

Նկատենք, որ նրա նույն կենսագրությունն է այս պահի դրությամբ տեղադրված ԱԺ կայքում:

Պարզվում է, սակայն, որ Վահագն Հովակիմյանն արդեն ոչ միայն բարձրագույն կրթություն ունի, այլև իրավագետ է:

Իսկ հիմա՝ ուշադրություն. 2021թ. մայիսի 31-ի որոշմամբ, հուլիսի 8-ին, այսինքն՝ ՍԴ-ում ընտրությունների վիճարկման նիստից ուղիղ մեկ օր առաջ, Վահագն Միսակի Հովակիմյանին տրվել է շատերի համար անհայտ Մովսես Խորենացի համալսարանի դիպլոմ և իրավագիտության բակալավրի որակավորում:

168.am-ի հետ զրույցում «Մովսես Խորենացի» մասնավոր համալսարանի ռեկտոր Արթուր Աղաբաբյանը հաստատեց, որ ինքն է ստորագրել Վահագն Հովակիմյանի՝ երեկ ստացած դիպլոմը: Նա ասաց, որ Հովակիմյանը սովորել է հեռակա ուսուցմամբ:

«Ինքն ընդունվել է 2-րդ կուրսի 2-րդ կիսամյակից: Այս տարի ավարտել է 5-րդ կուրսը: Դիմել է 2018թ. փետրվարին ու ընդունվել 2-րդ կուրսի 2-րդ կիսամյակ: Մշտապես հեռակայել է»,- ասաց Արթուր Աղաբաբյանը:

Դե ինչ, շնորհավորում ենք Վահագն Հովակիմյանին. արդեն 47 տարեկանում, ոչ ավել, ոչ պակաս՝ ունի իրավագետի դիպլոմ: Եթե հավատանք մասնավոր այդ համալսարանի ռեկտորի խոսքին՝ հեռակա ուսուցում է անցել, վերջապես ստացել է իր առաջին բարձրագույն կրթությունը, դիպլոմ էլ ունի:

Տեսանյութեր

Լրահոս