«Բնական պաշարներն անխնա օգտագործվում են, և ոչ ոք տեղյակ չի». Տեղեկատվության սահմանափակման ԲՏԱ մտադրությունները
Բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարարության՝ հուլիսի 2-ին Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում ներկայացրած առաջարկով նախատեսվում է «ՀՀ կառավարության 2012թ. օգոստոսի 30-ի N 1104-Ն և ՀՀ կառավարության 2016թ. սեպտեմբերի 22-ի N 982-Ն որոշումների մեջ փոփոխություններ կատարել» ՀՀ կառավարության որոշման մեջ: Ըստ նախագծի առաջարկվում է, ի թիվս այլ տեղեկությունների, e-gov.am կայքից ամբողջապես հեռացնել արտադրական վտանգավոր օբյեկտների ռեեստրը՝ «ելնելով դրա կառուցվածքում ներկայացվող զգայուն տեղեկատվությունից (օբյեկտների հասցեներ, կազմակերպա-իրավական ձև, համարակալում և այլն)»:
Այս նախագծով e-gov.am կայքից կհեռացվի նաև օգտակար հանածոների և ստորերկրյա հանքային ջրերի արդյունահանման ու երկրաբանական ուսումնասիրության նպատակով ընդերքօգտագործման իրավունք ունեցող ընկերությունների անվանման, գործունեության հասցեների, թույլտվության, պայմանագրի տրման համարները և մնացյալ ամբողջ տեղեկատվությունը: ԲՏԱ նախարարությունն այս տեղեկատվությունը ևս համարում է ռիսկային և զգայուն՝ «ի վնաս ՀՀ պետական շահի՝ տարբեր տնտեսական և քաղաքական վերլուծություններ իրականացնելու տեսանկյունից»:
«Հանուն կայուն մարդկային զարգացման» ասոցիացիայի նախագահ, բնապահպան Կարինե Դանիելյանը 168.am–ի հետ զրույցում մի կողմից՝ ասաց, որ պետական գաղտնիք պարունակող տեղեկությունը չպետք է հրապարակվի, մյուս կողմից էլ՝ պետք է մասնագետները և հանրությունը ստանան ամբողջական տեղեկություն:
«Միանշանակ ասելը շատ դժվար է, որովհետև իրոք կան ծրագրեր, կան նախագծեր, որոնք մեծ գաղտնիքներ են պարունակում՝ պետական գաղտնիքներ, և առանց գաղտնիքների հրապարակելը հասկանալի է, բայց այդ դեպքում էլ միշտ կարելի է գտնել ճանապարհը դեպի գաղտնիքներ: Այդ խնդիրը կա: Այստեղ, իհարկե, շատ նուրբ պետք է գործել: Բայց սկզբունքորեն ժողովուրդը և մասնագետները՝ հատկապես, անպայման պետք է տեղյակ լինեն բոլոր գործողություններին, որոնք իրականացվում են, որովհետև, օրինակ, հատկապես էկոլոգների համար դա կարևոր է, որովհետև կարող են լինել ծրագրեր, և չի բացառվում, որ այդպես էլ կա, որ բնական պաշարներն անխնա օգտագործվում են, վտանգավոր թափոնները տեղադրվում են, և ոչ ոք տեղյակ չի: Եվ երբ արդեն թունավորումները, արդեն պայթյունները, շրջակա միջավայրի խիստ աղտոտումը իրեն կարող է դրսևորել, նոր կարող ենք իմանալ, որ այդպիսի երևույթ եղել է: Եվ արդեն փոխել ոչինչ չես կարող: Կարող ես միայն հետևանքների հետ պայքարել:
Այնպես որ, այստեղ, իհարկե, պետք է գտնել այն տարբերակը, որ պետական գաղտնիքները չհրապարակվեն, բայց մաքսիմալ ինֆորմացիան ժողովրդին և հատկապես մասնագետներին տրվի, և մենք իրավունք ունենանք ուսումնասիրել»,- ասաց Կարինե Դանիելյանը:
Հարցին, թե ինչպե՞ս է այժմ կազմակերպվում օգտակար հանածոների և ստորերկրյա հանքային ջրերի արդյունահանմանն ուղղված տեղեկությունների հրապարակումը, Դանիելյանը հայտնեց.
«Պետական գաղտնիքներ չի տրվել, բայց հիմա այդպես կոնկրետ նշել չեն կարող, բայց մենք սովորաբար, բավականին հաճախ, ուշ ենք իմացել, երբ արդեն շրջակա միջավայրի վրա ազդեցությունը եղել է, նոր մենք մտել ենք գործընթացի մեջ: Եվ դա, իհարկե, կոպիտ սխալ է»: