Բաժիններ՝

Այն, ինչ ունենք թվային առումով, բոլորիս համար էլ կանխատեսելի էր. ցածր բազայի դեպքում այսպիսի տնտեսական աճ պետք է լիներ. Տնտեսագետ

«Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսությունն այսօր այն չէ, ինչ որ կար երեք տարի առաջ նույնիսկ»,- «Մակրոտնտեսական իրողություններ և դրամի փոխարժեք» թեմայով քննարկման ժամանակ նշեց տնտեսագետ Վահագն Խաչատրյանը՝ անդրադառնալով ոլորտի որակական փոփոխություններին:

Այս համատեքստում տնտեսագետն ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա,  որ ըստ վերջին տվյալների՝ ներմուծման կառուցվածքում մեքենասարքավորումները երկրորդ տեղում են և քիչ պակաս են հանքահումքային ծավալներից, իսկ արտահանման մեջ մեծանում է գյուղատնտեսական արտադրանքի տեսակարար կշիռը. «Հետաքրքիրը դա է, որ ներմուծման մեջ հենց մեքենասարքավորումներն են, որոնք մեծ մասամբ գնում են գյուղատնտեսություն և արտադրություն:

Ճիշտ է, ներմուծումն աճել է ընդամենը 6 տոկոսով, արտահանումը՝ 20 տոկոսով. համաձայն եմ՝ արտահանման մեջ գնային գործոնը կա, բայց նաև արտահանման կառուցվածն է շատ կարևոր՝ այդտեղ նաև գյուղատնտեսական արտադրանքի տեսակարար կշիռն է մեծանում»:

Վահագն Խաչատրյանը ռազմավարական առումով կարևորեց այս ոլորտի զարգացումը՝ նկատելով. «Մենք պետք է կարողանանք հասկանալ՝ Հայաստանի գյուղատնտեսության զարգացման հեռանկարը և ազդեցությունը տնտեսության վրա ինչպիսին պետք է լինի: Եվ այդ գյուղատնտեսությունը չի կարող լինել երեկվա գյուղատնտեսությունը, առավել ևս՝ մենք տեսնում ենք, որ գնալով ջրային լրջագույն խնդիրների առաջ ենք կանգնում.  առանց ինտենսիվ գյուղատնտեսության՝ զարգացում չի կարող լինել»:

Ըստ նրա՝ գյուղատնտեսության ոլորտում բիզնեսը և պետությունը գտել են համագործակցության արդյունավետ ձևաչափը: Իսկ առհասարակ, այսօրվա տնտեսության զարգացման, առկա խնդիրների հաղթահարման հարցում նա կարևորեց կառավարության մոտեցումները, պատկերացումները ռազմավարական առումով:

Տնտեսագետը շեշտեց, որ այս պահին մտահոգիչը ներդրումների խնդիրն է, ապա պարզաբանեց. «Առանց դրանց՝ զարգացում չի կարող լինել, և եթե մենք ունենք ընդամենը ՀՆԱ համեմատ 16-17 տոկոս, ուղղակի… ավելի լավ է չխոսեմ դրա մասին.   ուղղակի մտածենք առանց խոսելու, թե ինչպե՞ս հասցնենք 30-40 տոկոսի, որովհետև դա մակրոտնտեսական աքսիոմատներից է, որոնք բոլորս գիտենք, և կարծում եմ՝  կառավարությունն էլ շատ լավ տիրապետում է այդ ամեն ինչին և պետք է փորձի այդ բնագավառում իսկապես հեղաշրջում անել, որովհետև դա է կարևորը, դա է զարգացում ապահովելը»:

«Այն, ինչ ունենք թվային առումով, բոլորիս համար էլ կանխատեսելի էր. ցածր բազայի դեպքում այսպիսի տնտեսական աճ պետք է լիներ՝ թեկուզ երեկվա կառավարության նիստում շատ ավելի լավատեսական թվեր հրապարակեց վարչապետը. մինչև 6 տոկոս են արդեն նախատեսում, որ տնտեսական աճ կլինի՝ այդ թվում՝ նաև հարկահավաքության դրական միտումները կան, որոնց մի  մասը պայմանավորված է գնաճի հանգամանքով, մյուս մասը՝  ՏԱՑ-ով է պայմանավորված»,- հավելեց Վահագն Խաչատրյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս