Գուցե զավեշտալի հնչի, բայց ապօրինի օրենք է. Տնտեսագետը՝ «Ապօրինի գույքի բռնագանձման մասին» օրենքի մասին

Ազգային ժողովը դեռ անցյալ տարի ապրիլի 16-ին ընդունեց «Ապօրինի գույքի բռնագանձման մասին» օրենքի նախագիծն ու կից ներկայացված նախագծերի փաթեթը։ Նկատենք՝ փաթեթի մի շարք դրույթների շուրջ վերապահումներ ունեին մասնագիտական հանրույթի տարբեր ներկայացուցիչներ։

Արդեն երեկ Դատախազությունը տեղեկացրեց. «Հնարավոր ապօրինի ծագում ունեցող գույքի առկայության վերաբերյալ ուսումնասիրություն սկսելու հիմքերը ստուգելու նպատակով 2020թ. ընթացքում ՀՀ դատախազության այլ ստորաբաժանումներից ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն է ստացվել 201 քրեական գործով նյութ՝ 430 անձի վերաբերյալ, իսկ 2021 թվականի ընթացքում՝ 18 քրեական գործով նյութ, 1 դատավճիռ և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքներով հայտնաբերված տվյալների վերաբերյալ 3 նյութ: Նշված նյութերի հիման վրա ուսումնասիրություն սկսելու հիմքերի ստուգման արդյունքում 2020թ.-ի ընթացքում կայացվել է ուսումնասիրություն սկսելու մասին 214 որոշում, իսկ 2021թ.՝ 26 որոշում»:

Տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը 168.am-ի հետ զրույցում նշեց՝ սա ոչ թե օրենք է, այլ գործիք, որը մշակվել է մտրակելու և առավել թուլացնելու հանրային շրջանակներից եկող հակազդեցությունները, նաև հնարավորություն, որպեսզի իշխանությունները կարողանան արդեն ոչ միայն՝ քաղաքական, այլ նաև՝ տնտեսական առումով իրենց խնդիրներն ազատ լուծել:

Դիտարկմանը, թե իշխանությունները բազմիցս են նշել, որ այս օրենքը մշակելիս ուսումնասիրվել և ներդրվել է միջազգային լավագույն փորձը՝ տնտեսագետն արձագանքեց. «Միջազգային փորձը վկայում է, որ պետք է հարգել սեփականության իրավունքը»:

«Ես կարծում եմ՝ սա այն իշխանությունն է, որը կարող է անգամ դատական վերին ատյանը մեջտեղից հանել՝ անձնական խնդիրներ ունենալով, շատ ավելի հեշտորեն զրկել գույքից. սա շատ ավելի պարզ գործիքներ է պահանջում, որն իրենք մշակել են, իրենք անցկացրել են՝ հաշվի չառնելով բացարձակապես որևէ մասնագիտական կարծիք»։

Տնտեսագետը մանրամասնեց, թե ինչ գործիքներ նկատի ունի. «Առաջին հերթին՝ նախ այն, որ շատ հեղհեղուկ է, թե երբ է ձեռք բերվել գույքը, գնահատման մեխանիզմները. թե ինչպես են գնահատում՝ շուկայական գին, կամ այն գինը, որով ձեռք է բերվել: Սրանք իրենց համար ձեռնտու գործիքներ են, որոնք շուրջ փորձված իրավաբանները, օրենսդիրները, այդ թվում՝ և ես, վերհանել ենք այդ բոլոր խութերը, բայց դրանց ոչ ոք ուշադրություն չի դարձրել:

Բնականաբար, մեր ազգաբնակչության մեծ մասը իր տատիկից, պապիկից կամ ծնողներից ժառանգած գույքի փաստաթղթերի մի մասը, հնարավոր է, պահպանած չլինեն` բավարարվելով միայն սեփականության վկայականով, իսկ հետին թվով նման պահանջներ դնելն արդեն Սահմանադրության դեմ է: Օրենքը հետադարձ ուժ չունի, իսկ այստեղ ներմուծվել են դրույթներ, որոնք հենց հետադարձ ուժ են կիրառում»:

«Գուցե զավեշտալի կհնչի, բայց ապօրինի օրենք է. օրենքն ընդհանրապես պետք է սպասարկի հանրության, պետության, անհատի շահերը, երբ խախտվում են դրանք, պետք է վերանայել: Ժամանակին առանձին անհատների, գործարարների համար ընդունվել են օրենքներ, հիմա՝ կլանի համար են ընդունվում, որպեսզի կարողանան մտրակ ունենալ և ցանկացած ժամանակ օրենքում առկա սողանքներն օգտագործել հօգուտ իրենց: Այսինքն՝ նաև մեկնաբանողից է կախված, թե օրենքն ինչպես կմեկնաբանեն, և ինչ հրահանգ, ինչ պատվեր կստանան»,- եզրափակեց Թաթուլ Մանասերյանը:

Նշենք՝ երբ օրենքը դեռ քննարկումների փուլում էր, Թաթուլ Մանասերյանը պարզաբանել էր, որ օրենքը հաշվի չի առնում գույքի արժեզրկման կամ արժևորման օբյեկտիվ միտումները, որոնք անկախության երեք տասնամյակների ընթացքում էական տատանումներ են գրանցել, ՀՀ դրամի արժեզրկումը՝ 1993թ. նոյեմբերին այն շրջանառության մեջ մտնելուց անմիջապես հետո, ինչպես նաև՝ առկա են թիրախավորման և հիմնավորման խնդրահարույց նպատակներ:

Հիշեցնենք՝ ըստ օրենքի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջի համար ուսումնասիրվող ժամանակահատվածը 1991 թվականի սեպտեմբերի 21-ից հետո ընկած ժամանակահատվածն է:

Ի դեպ, Նիկոլ Փաշինյանն իր հետընտրական հանրահավաքում անդրադարձավ այս թեմային՝ ապօրինի ծագում ունեցող գույքի սեփականատերերին «առաջարկելով» անհապաղ բանակցություններ սկսել «գողացածը» «ինքնակամ» վերադարձնելու համար:

«Բոլոր այդ մարդկանց կոչ եմ անում հենց այսօրվանից չկորցնել հնարավորությունը և չհասցնել նրան, որ պետական թափանիվները սկսեն գործել»,- հայտարարել էր Նիկոլ Փաշինյանը։

Անհասկանալի է, թե ինչ բանակցություններ է առաջարկում Փաշինյանը, եթե արդեն իսկ գործի են դրել օրենքը, արդյո՞ք նման բանակցությունների «առաջարկը» չի պարունակում սպառնալիք, արդյո՞ք սա է Նիկոլ Փաշինյանի պատկերացրած տնտեսական հեղափոխությունը, որն իրականում կարող է լուրջ խնդիրներ ստեղծել առանց այն էլ պարտքերի բեռի տակ կքած տնտեսության համար՝ ազդելով ներդրողների վարքագծի վրա, և, ի վերջո, արդյո՞ք սա նշանակում է կուլակաթափություն՝ իր բոլոր հետևանքներով:

Ցայսօր պարզ չէ նաև, թե պետությունն ինչ մեխանիզմներ է մշակել բռնագանձումների արդյունքում կուտակված անշարժ գույքի ճակատագիրը տնօրինելու համար. չէ՞ որ այն կարող է բեռ դառնալ պետության համար, քանի որ աճուրդները պահանջում են ժամանակ, իսկ այդ ընթացքում գույքի համար չեն կատարվելու վճարումներ, հարկեր, տուրքեր:

Այս համատեքստում հիշենք նաև «Գոլդեն Փելիս» հյուրանոցի մասին, որի ճակատագիրը շարունակում է մնալ անորոշ: Իսկ այն անգամ մինչև օրենքի ընդունումն էր «նվիրաբերվել» պետությանը՝ կրկին հանրային լայն շրջանակներին անհայտ «բանակցությունների» արդյունքում:

Դեռ այդ ժամանակ հայտնի դարձավ, որ ըստ հաշվարկների՝ այդ գույքի պահպանության համար պետբյուջեից անհրաժեշտ է ամսական շուրջ 6,5 մլն դրամ։

Տեսանյութեր

Լրահոս