Թուրքիան Փաշինյանին է հրամցնելու փաստաթուղթ, որը կարողացել են չեզոքացնել ՀՀ երեք նախկին նախագահները. Ռուբեն Մելքոնյան
Հունիսի 28-30-ն Ադրբեջանն ու Բաքուն անցկացնում են համատեղ մարտավարական «Մուստաֆա Քեմալ Աթաթուրք-2021» զորավարժությունները, որոնք հերթականն են 2020 թվականի սեպտեմբերին սկսված Արցախյան պատերազմի ավարտից հետո։
Միևնույն ժամանակ Արցախում՝ հայկական Շուշի քաղաքում, հունիսի 15-ին Թուրքիայի և Ադրբեջանի միջև ստորագրվել է ռազմաքաղաքական փոխօգնության համաձայնագիր, որով կողմերն ամրագրել են, իրենց ձևակերպմամբ, «Զանգեզուրի միջանցքի», ինչպես նաև՝ թուրքական նոր ռազմաբազայի տեղակայման հարցը։
168 TV-ի եթերում, խոսելով այս գործընթացների, դրանցից Հայաստանին, Արցախին և, առհասարակ, տարածաշրջանին սպառնացող վտանգների մասին, ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի դեկան, թուրքագետ, «Հայաստան» դաշինքի անդամ Ռուբեն Մելքոնյանն առանձնացրեց այս ամենին զուգահեռ՝ թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից Հայաստանին խոստացվող խաղաղության թեզը։
«Թուրք-ադրբեջանական խաղաղության բանաձևը տարբեր է խաղաղություն ասվածից. դա այլ բան է, քանի որ, երբ նրանք հաղթում են, անընդհատ են շարունակելու հաղթել՝ մինչև Հայաստանի քաղաքացու նվաստացում և տնտեսական օկուպացիա։ Նրանք սրան են գնալու, եթե, իհարկե, դիմացը չլինի արժանապատիվ խաղաղության բանաձև, ուստի այս զորավարժություններն ուժի ցուցադրություն են՝ ուղղված, սակայն, ոչ միայն Հայաստանին, այլ նաև Ռուսաստանին և Իրանին»,- ասաց թուրքագետը։
Հարցին՝ հնարավո՞ր է, որ թուրք-ադրբեջանական տանդեմն այս զորավարժություններով՝ ռազմական ճանապարհով լուծի, օրինակ, Սյունիքով միջանցքի հարցը, Ռուբեն Մելքոնյանը պատասխանեց.
«Միանշանակ։ Սա իրենց սպառնալիքների զամբյուղներից մեկում է տեղավորվում. չէ՞ որ Ալիևն էլ ասել է, որ եթե հայերը կամավոր չտան, իրենք այն ուժով կվերցնեն։ Բոլոր հիմքերը կան Հայաստանի դեմ իրականացնելու տարբեր ինտենսիվության ռազմական գործողություններ՝ Սյունիքի միջանցքի և այլ հարցեր լուծելու համար»,- ասաց Մելքոնյանը՝ նշելով, որ այս հանգամանքը Հայաստանի համար ստեղծել է վտանգավոր իրավիճակ, որը, սակայն, միակը չէ։
Թուրքագետը Հայաստանի համար խիստ անընդունելի ու վտանգավոր դիտարկեց նաև հայկական Շուշի քաղաքում ստորագրված թուրք-ադրբեջանական դեկլարացիան, որով Թուրքիան պատրաստվում է ռազմաբազա տեղակայել Հաավային Կովկասում։
«Սա գերկարևոր հանգամանք է, սա սարսափելի մեծ վտանգներ է կրում իր մեջ Հայաստանի և Արցախի մնացյալ հատվածի ու ամբողջ տարածաշրջանի համար։ Շուշիի հռչակագրով Թուրքիան մտնում է Հարավային Կովկաս՝ ռազմական ներկայություն ունենալու համար։ Այդ բազան սպառնալիք է նաև Իրանին և Ռուսաստանին։ Այդ ռազմաբազան տեղակայելուց հետո տեղի է ունենալու Արցախի օկուպացված տարածքների գաղափարական օկուպացիա, օրինակ, Շուշիում կբացվեն դպրոցներ, հյուպատոսություն և այլն։ Նայեք, թե Սիրիայում ինչ է կատարվում այն տարածքներում, որոնք զավթում է թուրքական բանակը։ Շուշիի հռչակագրում հատուկ շեշտվում է «Զանգեզուրի միջանցքի» գաղափարը և հիշատակվում Կարսի պայմանագիրը, ինչը շատ տարօրինակ է։ Կարսի պայմանագրի հիշատակման պատճառն այն է, որ, ըստ իս, այն փաստաթուղթը, որը Թուրքիան հրամցնելու է Հայաստանին՝ Փաշինյանին, ուղիղ կապ ունի դրա հետ. դրանում լինելու է Կարսի պայմանագրի ճանաչումը, որը Թուրքիայի գերնպատակն է եղել, սակայն Հայաստանի բոլոր 3 նախագահները կարողացել են այդ նպատակը չեզոքացնել»,- ընդգծեց Մելքոնյանը։
Ըստ նրա՝ փաշինյանական իշխանությունն այդ նպատակը չեզոքացնելու որևէ ցանկություն չունի, որովհետև Հայաստան-Թուրքիա հարաբերություններում ֆինանսական շահագրգռվածությունն է նրանց համար մեծ դերակատարում ունեցողը։
«Այո՛, գուցե Թուրքիայից 6 միլիարդ դոլար մտնի Հայաստան, ու լինեն որոշակի շարժեր, բայց դա նման է նրան, որ մենք 100 գրամ բենզինը լցնենք թաց փայտի վրա ու վառելու փոխարեն՝ ստանանք ընդամենը 10 վայրկյանանոց բոց, բայց հետո բախվենք թաց փայտին։ Թուրքական ֆինանսական ներխուժումը նմանվելու է այդ 10 վայրկյանանոց բոցին, որից հետո մենք դառնալու ենք Աջարիա»,- ասաց նա՝ հիշեցնելով, որ այսօր հայաստանյան քաղաքական օրակարգում հայտնվել է երեք հատ միլիարդի թեմա։
«Մեկը՝ Ադրբեջանից 5 միլիարդի փոխանցման հարցն է, մյուսը՝ Թուրքիայից 6 միլիարդի ներարկումը ՀՀ տնտեսության մեջ, 3-րդը՝ Ռոբերտ Քոչարյանին վերագրվող 4 միլիարդն է, որը չեն կարողանում ապացուցել, որովհետև չկա։ Բայց անգամ Ադրբեջանից Հայաստան փոխանցված 5 միլիարդի, Թուրքիայից՝ 6 միլիարդի մասին խոսակցություններն այնքան վախեցնող չեն, որքան Քոչարյանի ենթադրյալ 4 միլիարդինը, իհարկե, հասարակության որոշակի շերտերի համար, և սա է, որ տեղեկատվական ահաբեկչություն է կոչվում, որի արդյունքն է նաև այն, որ Սորոսի հերոսը քննադատում է Արցախի հերոսին, և հասարակության մի մասը դա լավ է ընդունում»,- ասաց Ռուբեն Մելքոնյանը։
Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում