Ինչով հպարտանալ, ինչով՝ ոչ
Բարդ չէր կանխատեսելը, որ այս տարվա առաջին կիսամյակի տնտեսական հաշվետվություններն իշխանությունները ներկայացնելու են՝ որպես առաջընթաց: Բարդ չէր կանխատեսել, որովհետև հիմքում շատ պարզունակ պատճառ կա:
Այս տարվա թվերը համեմատվելու են անցած տարվա համավարակային լոքդաունի տնտեսական կանգի հետ: Համեմատվելու են ու երկնիշ աճ հայտարարվեն: Կարելի է նաև չբացառել, որ որոշ դեպքերում եռանիշ կամ դրան մոտեցող «ցնցող» փաստեր կհայտնաբերվեն ու կթմբկահարվեն: Այսօր դեռ պաշտոնապես ներկայացված է տարվա առաջին չորս ամիսների տնտեսական տվյալները: Դրանք, բնականաբար, չեն համեմատվի նախահամավարակային ցուցանիշների հետ: Համեմատականներն այդ դեպքում նախանձելի չեն լինի: Հիմնականում:
Անկեղծ ասած, լոքդաունի հետ համադրված տնտեսական «վերելքի» ցուցանիշները սպասվածից պակաս թմբկահարվեցին: Երկրի տնտեսական ղեկավարությունից ընդամենը մեկ առանձին վերցրած նախարար հպարտացավ: Մյուսներն ու քաղաքական ղեկավարության հիմնական հատվածը շատ հպանցիկ հպարտացան տնտեսական «աճի» ցուցանիշներով:
Իշխանությունների այս անսովոր համեստ մոտեցումն անարդարացի գնահատելով՝ փորձենք հուշել, թե ինչ աննախադեպ աճի օրինակներ կարելի է գտնել մեր երկրի արտաքին առևտուրը 2021թ․ հունվար-ապրիլ ամիսներին հաշվառող վիճակագրության մեջ:
Սկսենք ներմուծումներից։ Մեր արտաքին ապրանքաշրջանառության հաշվեկշիռը միշտ բացասական է: Այսինքն՝ ներմուծումները միշտ զգալիորեն գերազանցել են արտահանումներին: Հետևաբար՝ ներմուծումների ծավալի աճը ոչ մի կառավարության հպարտության թեմա չի եղել: Այս պարագային էլ ոչինչ չի փոխվել: Մեզ չասացին, որ ցնծանք և ուրախանանք՝ անցած տարվա համեմատ այս տարի Դանիայից կատարված ներմուծումների 2.7 անգամանոց աճով: Կամ, ասենք, Ուզբեկստանից նույն ժամանակաշրջանում ներմուծումների 2.3 անգամանոց աճով: Որովհետև այդ երկրների հետ առևտուրը չափազանց համեստ է (2.6 մլն և 4.3 մլն դոլար՝ համապատասխանաբար):
Այ, արտահանման ծավալի աճը միշտ առանձնահատուկ «գլուխ գովալու» առիթ է: Ու որպեսզի մեր իշխանությունները պատահաբար որևէ մանրուք բաց չթողնեն՝ հատիկ-հատիկ արձանագրենք, թե ինչ հսկայածավալ աճի օրինակներ ենք արձանագրել: Վիճակագրությունը եռանիշ աճը սովորաբար արձանագրում է՝ անգամներով նշելով: Եկեք դիտարկենք անգամներով աճ արձանագրած երկրների առաջին քառյակը:
Անցած տարվա համեմատ աճի տեմպի չորրորդ տեղում Ֆինլանդիա կատարված արտահանումներն են: Աճի տեմպը պատկառելի է՝ 2,5 անգամ: Ճիշտ է, արտահանման ծավալը ոչ մի կերպ պատկառելի չի համարվի (անցած տարվա 15.5 հազար դոլարի ապրանքների արտահանման դիմաց այս տարի արտահանվել է 39.2 հազար դոլարի ապրանք), բայց կարևորը ծավալը չի, այլ աճի 2.5 անգամանոց ցուցանիշը: Ֆրանսիայի հետ տնտեսական կապերում, ավելին՝ 2.6 անգամանոց աճ է գրանցվել (անցած տարվա 1 մլն դոլարը գերազանցող արտահանումն այս տարի դարձել է մոտ 2,9 մլն դոլար): Աճի տեսանկյունից երկրորդ տեղում Պորտուգալիա կատարված արտահանումներն են: Պաշտոնապես հայտարարվել է, որ Պորտուգալիա կատարված արտահանումներն անցած տարվա համեմատ աճել են 37.8 անգամ: Թե ինչու իշխանություններն ու իշխանական լրատվամիջոցները չեն թմբկահարում այս փաստը՝ պարզ կդառնա առևտրի ֆիզիկական ծավալներին ծանոթանալով:
Անցած տարվա առաջին չորս ամիսների ընթացքում հեռավոր Պորտուգալիա էր արտահանվել 500 դոլար արժեքի ապրանք: Այս տարի այդ թիվը 37.8 անգամ աճել է և կազմել 18 հազար 900 դոլար:
Աճի ամենակատաղի տեմպն արտահանման ոլորտում գրանցվել է Սլովակիայի հետ: Այս պարագային աճի ցուցանիշն աննախադեպ է՝ 112.1 անգամ:
2020թ․ հունվար-ապրիլին Սլովակիա արտահանումները կազմել են մոտ 33 հազար դոլար: Այս տարի այն 112.1 անգամ ավելանալով՝ կազմել է մոտ 3 մլն 346 հազար դոլար: Այս գումարի ֆիզիկական ծավալը համեստ գնահատելով, հավանաբար, իշխանություններն այն չեն դարձնում հպարտության հիմնական ցուցանիշ ու թեմա: Բայց, ինչպես միշտ, կարելի է փաստի կեսը (նպաստավոր) դնել ու թաքցնել գործարքի ֆիզիկական ծավալը:
Ճիշտ այնպես, ինչպես հաջողվում է թաքցնել Թուրքիայից կատարվող ներմուծումների ծավալը: Մեր արտաքին տնտեսական կապերի պաշտոնական վիճակագրական աղյուսակից այդ երկրի անունն այս տարի հեռացվել է: Նույնիսկ 2020թ․ արտաքին առևտրի ծավալում այդ երկրի ցուցանիշներն արդեն չկան: Մինչդեռ «Արտաքին առևտրի տվյալների բազա» կոչվող պաշտոնական կայքում կարելի է տեսնել, որ 2020թ․ մեր արտահանումները Թուրքիա նվազել են 4.4 անգամ, այն դեպքում, երբ ներմուծումները կրճատվել են ընդամենը 14 տոկոսով:
Համարյա նույն անհամամասնական պատկերն է նաև այս տարի՝ արտահանումները հունվար-ապրիլին կազմել են 56 հազար 300 դոլար, իսկ ներմուծումները՝ 13 մլն 590 հազար դոլար: Հավանաբար այս պատճառով սրանք բացահայտ չեն ներկայացվում:
Ախր հեչ հպարտանալու պատկեր չեն: