«Ասում եմ այն, ինչ անձամբ ինձ փոխանցեց Սեիդովը, որ Հայաստանը ճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ բնականաբար, ներառյալ Արցախը». Նաիրա Զոհրաբյան
Բաքվում վերսկսվել է 14 հայ ռազմագերիների դատավարությունը։ Արցախի 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանը հայ զինվորականներին գերեվարելուց հետո որակել էր՝ որպես ահաբեկիչներ, քրեական գործ հարուցել և սկսել դատավարական գործընթաց։ Սա՝ այն դեպքում, երբ Հայաստանը պատերազմից անմիջապես հետո Ադրբեջանին էր հանձնել սպանության համար դատապարտված երկու դիվերսանտի։
168.am-ի հետ զրույցում ԱԺ անկախ պատգամավոր, ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը, որն այս օրերին մասնակցում է ԵԽԽՎ նիստերին, նշեց, որ վերջին օրերին գրեթե ամեն օր բանակացությունների մեջ է եղել տարբեր ինստիտուտների ղեկավար կազմի հետ։
«Ես կես ժամվա չափ քննարկում եմ ունեցել Ադրբեջանի պատվիրակության ղեկավար Սամեդ Սեիդովի հետ ռազմագերիների հարցով մեր քաղաքական խմբում քննարկումից հետո։ Ցավոք, ադրբեջանական կողմից չեմ տեսնում որևէ պատրաստակամություն՝ հայ ռազմագերիներին վերադարձնելու համար, ավելին՝ Սամեդ Սեիդովը լկտիաբար հայտարարում էր, որ նրանք ռազմագերիներ չեն, այլ ահաբեկիչներ են և կդատվեն Ադրբեջանի քրեական օրենսգրքով։ Միակ հնարավորությունը՝ փորձել սկսել հայկական կողմի հետ երկխոսություն՝ ես ասում եմ այն, ինչ մեր զրույցի ընթացքում անձամբ ինձ փոխանցեց Սեիդովը, որ Հայաստանը ճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ բնականաբար, ներառյալ Արցախը։ Կարծում եմ՝ գոնե ինձ համար սա անընդունելի է, նաև՝ Սամեդ Սեիդովը հայտարարում էր, որ իրենց տրամադրված Ակնայի ականապատ քարտեզների 50 տոկոսը կեղծ են, և դա ևս բարդացնում է գերեվարված անձանց վերաբերյալ որևէ երկխոսություն»,- նշեց Նաիրա Զոհրաբյանը։
Նաիրա Զոհրաբյանի խոսքով՝ Հայաստանն այսօր ունի վերընտրված իշխանություն, որոնց թիվ մեկ խնդիրը պետք է լինի Բաքվում պահվող հայ ռազմագերիներին հայրենիք վերադարձնելը։
«Նրանք դատվում են և այդ դատավարությունն այսօր ևս շարունակվում է։ Այն մեղադրանքը, որն առաջադրված է հայ ռազմագերիներին Ադրբեջանի քրեական օրենսգրքով, նախատեսում է 15-20 տարի ազատազրկում։ Անկեղծ, եթե ինձ հարցնեք, թե ինչ է լինելու, ես այս պահին չեմ կարող պատասխանել, թե ով է զբաղվելու նրանց խնդրով, իշխանությունն ինչ է անելու, և առհասարակ նորընտիր խորհրդարանն ինչ կարող է անել։ Անկեղծ, այս պահին չեմ կարող նորընտիր խորհրդարանի պոտենցիալի մասին խոսել, որովհետև ինձ հայտնի չէ, թե ովքեր են լինելու միջազգային պատվիրակություններում ներգրավված, բայց որ Ադրբեջանը վաղն էլ, մյուս օրն էլ շարունակելու է մեր մյուս ռազմագերիների դատավարությունը, և նրանք բոլորը դատվելու են 15-20 տարվա ազատազրկման՝ փաստ է։ Այն, որ Ադրբեջանը հրաժարվում է այդ տղաներին ճանաչել ռազմագերիներ, ինչը միջազգային կոնվենցիայով ենթադրում է, որ նրանց պետք է վերադարձներ, դա նույնպես փաստ էր։ Մեր ռազմագերիները Բաքվում պահվում են անտանելի պայմաններում, ես խոսել եմ վերադարձած տղաների հետ, նրանք սկզբնական շրջանում լռում են, այնուհետև անկեղծանում ու զարհուրելի բաներ են պատմում՝ դա փաստ է»,- հավելեց Նաիրա Զոհրաբյանը։
Նա ընդգծեց, որ միջազգային հանրությունն այլևս կոնկրետ սանկցիաներ պետք է կիրառի Ադրբեջանի հանդեպ, և սանկցիան չպետք է լինի հորդորը, հայտարարությունները։
«Պատահական չէ, որ ես երեկ հենց դրա համար Եվրոպայի խորհրդին կոչ արեցի դադարեցնել ադրբեջանական պատվիրակության լիազորությունները և արգելափակել եվրոպական բոլոր երկրներում Ալիևի, նրա ընտանիքի և ադրբեջանական քաղաքական էլիտայի բանկային հաշիվները։ Երբ Նավալնու պրիչոսկան ծռվում է, եվրոպական երկրներն անմիջապես սանկցիաներ են կիրառում Ռուսաստանի պատվիրակության հանդեպ, անմիջապես արգելափակում են ռուսական էլիտայի բանկային հաշիվները։ Այստեղ մենք գործ ունենք մոտ 200 ռազմագերու հետ, և եթե Ադրբեջանի նկատմամբ չլինի կոնկրետ պատժամիջոց, Ադրբեջանի վրա որևէ ազդեցություն չի լինի, որովհետև նրանք թքած ունեն այդ ամենի վրա, պետք է լինի կոնկրետ պատժամիջոց, որի դեպքում, հուսամ, որևէ տեղաշարժ կունենանք»,- շեշտեց պատգամավորը։
Միաժամանակ նա ընդգծեց, որ ռազմագերիների հարցով եվրոպացի գործընկերների հետ ունեն ընդհանուր կոնսենսուս, որ հայ ռազմագերիներն անհապաղ պետք է վերադարձվեն, որ նրանք ռազմագերի են, այլ ոչ թե ահաբեկիչներ։ Սակայն մեկ հարցում դեռևս իրեն չի հաջողվել հասնել արդյունքի, որ Եվրոպայի խորհուրդը կոնկրետ պատժամիջոց կիրառի Ադրբեջանի հանդեպ։
«Նրանք դեռևս կարծում են, որ բանակցությունների, հորդորների, կոչերի ճանապարհով հնարավոր է ներազդել Ադրբեջանի վրա։ Ես ասում եմ՝ ոչ, որովհետև իմ զրույցը Սեիդովի հետ ցույց տվեց, որ դրա հետ հույսեր կապել պետք չէ, իմ զրույցը ցույց տվեց, որ ադրբեջանական կողմը կոնստրուկտիվ չէ, նրանք կոնկրետ պահանջներ ու նախապայմաններ են դնում՝ ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, Արցախով հանդերձ»,- եզրափակեց Նաիրա Զոհրաբյանը։